«ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿԸ ՇԱՏ ԾԱՆՐ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ հանդիպեցինք իր «Արեւ» ստուդիայում, որտեղ մինչ զրույցը սկսելը ռեժիսորը ցուցադրեց իր «Սպիտակ գառան երազը» ֆիլմը: Այդ ֆիլմով էլ տպավորված` սկսեցինք մեր զրույցը:
-Այսօր Հայաստանում ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով են ֆիլմեր նկարում:
-Ով ոնց կարողանում է, այդ ձեւով ռեալիզացնում է իր գաղափարը: Կինոն մենակ ռեժիսորը չէ, գաղափարներն են, սցենարը, պրոդյուսերն է, ե՛ւ ստուդիաների առկայությունը, ե՛ւ տեխնիկական հագեցվածությունը… Ռեժիսորին, ստեղծագործողին, սցենարիստին օգնող այդ ինստիտուտը, ցավոք, չկա: Պետությունն իր կողմից ոչինչ չի անում: Մշակույթի նախարարությունն այնքան քիչ բյուջե ունի կինոյի համար, որ տարեկան հազիվ մի ֆիլմ նկարի: Ամբողջ աշխարհում մինչեւ մի քանի միլիոնանոց բյուջե ունեցող ֆիլմերը համարվում են փոքր բյուջեով: Հայաստանի պայմաններում այսօր 3-4 հարյուր հազարանոց ֆիլմեր են նկարվում ու համարվում թանկ: Այն, ինչ Դուք տեսաք, մենք նկարել ենք շատ փոքր գումարով ու կարճ ժամկետներում:
-Որտեղի՞ց գումար գտաք «Սպիտակ գառան երազը» ֆիլմի համար:
-Ես ու Արամոն այս ֆիլմի համար ընկել ենք դռնեդուռ, օգնել են մեր ընկերները, ով ինչքան կարողացել է:
-Պետական կառույցներին դիմե՞լ եք:
-Ոչ մի պետական կառույցի չենք դիմել: Մեր ընկերական շրջապատում էլ օլիգարխ ընկերներ չունենք: Հիմա Ա կլասի փառատոների ենք ուղարկել ֆիլմը, տեսնենք, որտեղ կընդունեն, այնտեղ էլ կմասնակցենք:
-Ճի՞շտ նկատեցի, ֆիլմում կա՞ր քաղաքական ենթատեքստ:
-Զոհ լինելու երեւույթը մեզ մոտ շատ է: Մենք անընդհատ ուզում ենք զոհի կարգավիճակում լինել, պետք է դուրս գալ խեղճուկրակությունից, հպարտ մուրացկանության վիճակից ու արժանապատիվ ապրելու խնդիր դնել: Ես միշտ մտածում եմ, որ ամեն ժողովուրդ իր ճակատագիրն ու պատմությունն  ունի: Ու եթե պատմության մեջ մի բան այն չի եղել, որ մենք մեծ երկրից դարձել ենք մի փոքրիկ երկիր, ու դեմքներս հառած ուրիշին՝ սպասում ենք, թե ով մեզ կօգնի, ով կհիշի… դա մեր ոչ միասնական, ոչ կազմակերպված լինելու հետեւանք է: Մենք աշխարհի խաչմերուկներում մոլորված ժողովրդի տպավորություն ենք թողնում: Չգիտենք էս օրը, երեկվա մասին մոռացել ենք ու չենք էլ կերտում մեր ապագան: Չենք պատկերացնում՝ 10 տարի հետո ուր ենք ուզում գնալ, ինչ ենք ուզում տեսնել: Կարծում եմ՝ հեքիաթ ասողին, երազողին ու մեր մեջի ֆանտաստին ազատ թողնելու ժամանակն է, որպեսզի վերջիններիս միջոցով կարողանանք հասկանալ, թե ինչի մասին ենք մենք երազում, ինչպիսին ենք ուզում տեսնել մեր երկիրն ու հայրենիքը գոնե մի 50-100 տարի հետո, այլ ոչ թե սպասենք` երբ, ով, ինչպես կցանկանա մեզ հետ վարվել: Սխալ, որը կրկնում ենք արդեն երկար ժամանակ` թուրքեր, ցարական Ռուսաստան, բոլշեւիկներ, սոցիալ-դեմոկրատներ, սեկտաներ… Ժամանակն անցնում է, ու փոխանակ առաջ գնանք, գնում ենք արհեստական, սուտ, կեղծ ու շինծու արժեքների եւ լոզունգների հետեւից: Մի օր սրա, հետո` նրա, ու բոլորն էլ օտար մեր ազգի համար, որովհետեւ ջրերը պղտորել ու ձուկ որսալը հեշտ է եւ շահավետ ոմանց համար: Շատ տխուր եւ մոլորված վիճակ է թե՛ քաղաքական գործիչների եւ թե՛ ժողովրդի մոտ:
-Հուսալքվածներն էլ բռնում են արտագաղթի ճանապարհը:
-Այսօր տուն կառուցելու համար պետք է այնպիսի վիճակ ստեղծենք, որ մնացածը հետ գան: Մենք մեր երկրում մասնագետների պակաս ունենք, առողջ ուժերին իրար գլուխ հավաքելու խնդիր ունենք: Այս քաղաքական կուսակցություններն այս երկրից ընդհանրապես ջնջել է պետք: Ոհմակային, քավորսանիկային մտածելակերպը հանել է պետք, որ մի 200 հոգով որոշում են ամբողջ երկրի ու ազգի հարցերը: Դա պիտի վերանա, ու լինի մի ղեկավար մարմին, պետական օրգան, որ իր մեջ համախմբի բոլորին: Ոչ թե կոալիցիա, ընդդիմություն, դիմություն: Սրանք խաղեր ու խաղիկներ են, որոնցից արդեն զզվել ենք:
Ժողովրդի վիճակը շատ ծանր է՝ թե՛ գյուղացու, թե՛ բանվորի, թե՛ մինիստրի: Մեր երկրում մարդիկ են ապրում ու չգիտեն՝ իրենց գործն ինչի համար են անում: Լավ, ինչքա՞ն կարելի է քյաբաբ, խորովածի վրա փող ծախսել: Իսկ մշակույթի՞, արվեստի՞, գիտությա՞ն, սպորտի՞: Ամեն մարդ իր տեղում պետք է գործի, իր սիրած մասնագիտությամբ պետք է զբաղվի: Մենք ամբողջականության զգացողությունը չունենք, անընդհատ բզկտում ենք, բզկտվում ենք ու իրար միս ուտելով ապրում, ախր երկար չի քաշի:
-Ուզում եք ասել, որ այսօրվա մեր իրավիճակի համար միայն մե՞նք ենք մեղավոր:
-Այո՛, մենք, միայն մենք:
-Իսկ մեր ձեռքն ի՞նչ կա:
-Ամեն ինչ էլ եղել է ու կա: Մենք ասելով` նկատի ունեմ ինձ, Ձեզ, մինչեւ պրեզիդենտ, բանվոր ու գյուղացի: Դա մենք ենք: Եթե սկսում ենք մենք մեզնից տարանջատել, ասել՝ մեր պրեզիդենտը լավը չէ, մեր գյուղացին լավը չէ, ստացվում է՝ բա մե՞նք ով ենք: Լավ չէ` փոխենք, ի վերջո բոլորս ուզում ենք լավ լինի, չէ՞:  Եթե տանդ մեջ ինչ-որ բան փչանում է, կա՛մ պետք է վերանորոգես, կա՛մ փոխես, եկե՛ք վերանորոգենք կամ թեկուզ փոխենք, բայց մենք ո՛չ էն ենք անում, ո՛չ էն: Միայն բողոքով ու շքերթներով բան դուրս չի գա, պետք է բոլորն ուզեն, եւ ուզողին էլ չխանգարեն, ասենք նրանք, ում ձեռք չի տալիս, որովհետեւ աղբի մեջ վարդ երեւալը ձեռնտու է:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս