ՈՉ ՄԻԱՅՆ ՔԱՆՈՆԱՀԱՐՈՒՀԻՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը նշել էր, Հայաստանում ստեղծվել է նոր երաժշտական գործիք՝ բաս քանոն, որի գաղափարը կոմպոզիտոր Արա Գեւորգյանինն է, իսկ գործիքի հեղինակը Ալբերտ Զաքարյանն է:
Հայկական նոր ժողգործիքի՝ բաս քանոնի ստեղծման աշխատանքները տեւել են ութ ամիս: Եվս մի քանի անվանումներ են եղել՝ հայ բամբ, հայ թավ, արմ բաս, բայց ի վերջո ընտրել են վերոնշյալ տարբերակը: Գործիքի հեղինակները պատրաստվում են պայմանագիր կնքել երաժշտական գործիքների դետալներ արտադրող ավստրիական մի կազմակերպության հետ, որից հետո այն կսկսի լարեր արտադրել հատուկ բաս քանոնի համար:
Մեր ուշադրությունը գրավեց ասուլիսի ժամանակ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի արած հետեւյալ արտահայտությունը. «Բաս քանոն կարող է նվագել ցանկացած քանոնահարուհի ընդամենը 5 րոպե գործիքն ուսումնասիրելուց հետո»: Բանն այն է, որ Հայաստանում կան ոչ միայն քանոնահարուհիներ, այլեւ քանոնահար: Եվ մենք անմիջապես հիշեցինք Հայաստանը Վիեննայում կայացած «Դասական Եվրատեսիլ 2012»-ում ներկայացրած քանոնահար Նարեկ Կազազյանին, որը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Նարեկը մրցույթում կատարեց Խաչատուր Ավետիսյանի թիվ 2 կոնցերտը քանոնի եւ նվագախմբի համար: Մրցույթին մասնակցել էին 14 երկիր, եզրափակիչ էին անցել 7-ը՝ Հայաստան, Բելառուս, Ավստրիա, Չեխիա, Գերմանիա, Նորվեգիա եւ Լեհաստան: Առաջին տեղը զբաղեցրեց Նորվեգիայի ներկայացուցիչը, երկրորդը՝ Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: Ընդ որում, հաղթողին որոշել է պրոֆեսիոնալ ժյուրին: Մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Կարող են մասնակցել 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտներ: Իսկ Հայաստանն այս մրցույթին մասնակցում էր առաջին անգամ:
«Ժողովուրդ»-ը զանգահարեց Նարեկի մորը` տիկին Մարիամին՝ տեղեկանալու, թե արդյոք պատանի քանոնահարը տեսել է բաս քանոնը, կարծիք կազմել դրա մասին: Նախ իմացանք, որ հունիսի 3-ը Նարեկի ծննդյան օրն է, նա դարձավ 17 տարեկան: Շնորհավորեցինք ու նաեւ իմացանք, որ գործիքի վարպետը Նարեկին հրավիրել է իր մոտ, որպեսզի նվագի եւ ասի իր կարծիքը: Մոտ օրերս Նարեկը Վանաձորից կգա Երեւան, եւ «Ժողովուրդ»-ը կփորձի անմիջապես նրանից իմանալ, թե ինչ է մտածում այդ գործիքի մասին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս