ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ավտոկանգառների հարցը մայրաքաղաքում զգալիորեն բարելավվել է: Նոր ու մեծ ավտոբուսներից էլ ժողովուրդը հաստատ սիրով է օգտվում: Այսուհանդերձ, հաճախ եմ նկատում, որ տաքսիները կանգառին շատ մոտ կամ հենց կանգառի տարածքում են կայանում՝ զգալի անհարմարություն ստեղծելով երթուղայինների եւ ավտոբուսների կայանման համար: Արդո՞ք քաղաքապետարանը չի նախատեսում տաքսիների կայանման վայրի ու կանգառների միջեւ որոշակի տարածություն սահմանել:

Դավիթ Վարդանյան (42 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ տաքսիների կամ այլ տրանսպորտային միջոցների կայանումը հասարակական տրանսպորտի կանգառում կամ կանգառագոտուց մինչեւ 15 մետր հեռավորությամբ, ըստ երթեւեկության կանոնների, արգելված է, որի հսկողությունն իրականացվում է ՀՀ ՃՈ-ի կողմից:
Քաղաքապետարանի կողմից Երեւանի առանձին հատվածներում սահմանված են տաքսիների կայանման համար նախատեսված վայրեր, եւ աշխատանքներ են տարվում մնացած տեղերում եւս ունենալ նման հնարավորություն:
Միաժամանակ տեղեկացնում ենք՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, «Երեւանտրանս» ՓԲԸ-ի եւ ՀՀ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ կատարվում են ամենօրյա ստուգայցեր, որոնց արդյունքում արգելվում է կանգառներում եւ կանգառակից տարածքներում այլ տրանսպորտային միջոցների կայանումը, իսկ անօրինական կայանման դեպքում կազմվում են համապատասխան վարչական պատասխանատվության արձանագրություններ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Որքան էլ քաղաքապետարանը պնդում է, թե կանգառներում ամենօրյա ստուգայցեր են կատարվում, բայց փաստ է, որ մայրաքաղաքի մի շարք կանգառներում մշտապես «քաոսային» վիճակ է տիրում:




Լրահոս