Հայաստանում ազատամարտիկների այս անտեսված վիճակը երկար շարունակվել չի կարող, և հարցին պետք է լուծում տալ՝ համակարգված ձևով, այլ ոչ թե բողոքի պարբերական, բայց առանձին ցույցերով, Tert .am-ի հետ զրույցում ասաց “Սասուն” ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը։
“Կա՛մ լուծեն, կա՛մ պահանջենք իշխանափոխություն, ուրիշ բան չէ, բա եթե ազատամարտիկը չպահանջի իշխանափոխություն բա ո՞վ պետք է պահանջի, եթե մարդիկ էս երկրի համար էսքան բան են արել, էսօր մի հատ հացի հարց չեն կարում լուծել: Իրենք մեծ բան չեն ուզում, իրենք ուզում են, որ նորմալ իրենց երկրում ապրեն”,– ասաց նա:
Սասուն Միքայելյանի խոսքով՝ պետության կողմից պատերազմ անցած տղերքի նկատմամբ նման վերաբերմունք սկսվեց ցուցաբերվել սպարապետ Վազգեն Սարգսյանի մահվանից հետո:
Նրա խոսքով՝ այս վերաբերմունքով պետությունն ուղղակի ցույց է տալիս, որ արցախյան պատերազմի հերոսները մեր ժամանակի հերոսները չեն ու “Էսօրվա հերոսները ուրիշ են՝ մարդիկ են, որ էս երկրից պատկերացում չունեն”: Ավելին՝ ըստ նրա, պետության առաջ արդարացի պահանջներ դնող ազատամարտիկները դարձել են իշխանության աչքի փուշը:
Սասուն Միքայելյանը հիշեց, որ 2000-ին, լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, “Բարգավաճ Հայաստանի” անդամ Ռուբեն Գևորգյանի ու նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հետ դիմել էին կառավարությանը՝ ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար 300 միլիոն դրամ հատկացնելու համար և մերժում ստանալուց հետո երեքով դեմ էին քվեարկել պետբյուջեին: Դրանից հետո նրանք երեքով հեռացվեցին ՀՀԿ-ից:
Նախկին ազատամարտիկը արտագաղթի ու ընդհուպ մինչև Հայաստանի անկախացումը կորցնելու լուրջ վտանգներ է տեսնում:
“Բա մեր պայքարն ինչու՞մն ա”,- հարցրեց Սասուն Միքայելյանն ու ավելացրեց. “Մեր պապերի դարավոր երազանքը կատարել ենք, մենք անկախացել ենք, մենք հիմա ուզում ենք ի՞նչ անենք, նորից մտնենք ռսի լծի տա՞կ”:
Քաղաքական ուժերի հետ այսօր որևէ հույսեր չունեցող Սասուն Միքայելյանը վստահեցրեց. “Քաղաքացիական հասարակությամբ ընդդիմություն կձևավորե՛նք, չվախենաք: Իմ պայքարը շարունակվում է”: