Այս փուլում մեզ նպատակահարմար չէ որևէ ձևաչափով կոալիցիա կազմել. ԲՀԿ-ական պատգամավոր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը կուսակցության ղեկավարի ու եւս 3-4 պատգամավորի հետ ԲՀԿ-ի «արմատական» թեւում է, որը համաձայն չէ ՀՀԿ-ի հետ կոալիցիային:

– Պարոն Ավետիսյան, վերջին օրերին ԲՀԿ-ում արշալույսները կարծես այնքան էլ խաղաղ չեն, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընթացները մեծ խառնաշփոթ են ստեղծել, ձեր կուսակցությունը բաժանել երկու մասի: Դուք ինչպե՞ս կհիմնավորեք ձեր մոտեցումը, որ պետք չէ հիմա համագործակցել ՀՀԿ-ի հետ:

– Նախ՝ նման խառնաշփոթ չկա, խմբակցության ներսում միշտ էլ քննարկումներ ունենում ենք տարբեր ձեւաչափերի, ընդհանուր՝ ես արտառոց ոչինչ չեմ տեսնում։ ՀՅԴ-ի խնդիրն է՝ մտնում են կոալիցիա, թե չեն մտնում, եղել է իրենց առաջարկ, թե չի եղել, այս պարագայում մենք ընդամենը քննարկել ենք տվյալ ձեւաչափի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը: Իհարկե, բազմակարծություն է եղել, որը ես քաղաքականության մեջ ընդունված բան եմ համարում, չի կարող 22 կամ 32 պատգամավոր ունեցող խմբակցությունը մեկ կարծիք ունենալ, բայց, ինչպես հայտարարել ենք, մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ այս փուլում մեզ նպատակահարմար չէ որեւէ ձեւաչափով կոալիցիա կազմել:

– Իսկ ինչպե՞ս եք եզրահանգման եկել, որովհետեւ կարծես գերիշխել է կոալիցիային կողմ կարծիքը, ամեն դեպքում, դա խմբակցության քվեարկություններից էլ է երեւում:

– Ես նման բան չէի ասի, ես անձամբ դեմ եմ եղել, իհարկե, չեմ կարող թվարկել, թե քանիսն են դեմ, քանիսը՝ կողմ:

– Ինչո՞ւ եք դեմ կոալիցիա կազմելուն: ՀՅԴ-ից եւ ՀՀԿ-ից հայտարարում են, որ քանի որ Դաշնակցությունն աջակցություն է ցուցաբերել սահմանադրական փոփոխություններին, հետեւաբար, պատասխանատվություն է վերցնում իր ուսերին փոփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելու, կառուցվածքային, օրենսդրական փոփոխությունների մշակմանը մասնակցելու, ստացվում է՝ ԲՀԿ-ն կողմ էր փոփոխություններին, բայց պատասխանատվություն չի՞ ուզում կիսել:

– Ես  չեմ  համարում, որ կոալիցիա մտնելն ինքնանպատակ պրոցես է, ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն եթե իր վրա ինչ-որ պատասխանատվություն վերցնի, կկարողանա այդ պատասխանատվությունն իրագործել: Իրենք (նկատի ունի ՀՅԴ-ն) ունեն այդ տեսլականը, մենք չունենք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս