ԱՆՀԱՅՏ Է ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն մի քանի օր է, ինչ “Ժողովուրդ” օրաթերթն ահազանգ է ստանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ բնակիչներից: Նրանց խոսքով՝ իրենց շենքում ապրում է  հոգեկան խնդիրներ ունեցող մի կին (նրան պայմանական անվանենք Անուշ), որը հասարակության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Հարեւանները պնդում են, որ կինն իսկապես հոգեկան լուրջ խնդիրներ ունի, նույնիսկ մի քանի անգամ հարձակվել է որդու եւ դստեր վրա, իսկ վերջերս փորձել է հարազատ երեխաներին դանակահարել: Այժմ նա Ավանի հոգեբուժարանում է, իսկ հունիսի 9-ին լրանում է նրա բուժման 24-րդ օրը, եւ հոգեբույժները պահանջում են, որ հարազատներն իրենց հիվանդին տեղափոխեն տուն: Սակայն Անուշի հարազատներն ու հարեւանները մտավախություն ունեն, որ նա նորից կգա, ու կստեղծվի վախի մթնոլորտ:
“Վախեցած ու սարսափած ենք: Այլ ելք չունեին, շտապօգնություն կանչեցին ու տեղափոխեցին: Անուշի աղջիկն էլ հույս ուներ, որ կբուժվի, բայց, փաստորեն, հետո պարզել են, որ նույնիսկ դեղերն էլ չի օգտագործում: Ու այսքան բանից հետո պետք է բերեն այստեղ: Վա՜յ, աղջի՛կ ջան, դու չես պատկերացնում, թե ինչ էր այստեղ կատարվում: Էրեխեքի համար ենք վախենում, դուրս էր գալիս ու թքում նրանց վրա”,-վախեցած պատմեց Անուշի հարեւանուհին՝ տիկին Սաթենիկը՝ ընդգծելով, որ հիվանդին տուն տեղափոխելուց հետո կվտանգվեն ոչ միայն հարազատների, այլեւ հարեւանների կյանքն ու անդորրը: 
Ըստ հարեւանների՝ Ավանի հոգեբուժարանից Անուշի աղջկանից 120 հազար դրամ գումար են պահանջել, որպեսզի նա եւս որոշ ժամանակ մնա հոգեբուժարանում եւ բուժվի: Եթե ոչ, ապա նրան պետք է տեղափոխեն Վարդենիսի նյարդահոգեբուժական կլինիկա: Անուշի աղջիկը պահանջում է, որ իր մայրը ստացիոնար բուժվի Հայաստանի ցանկացած հոգեբուժարանում:
“Հոգեբուժական օգնության մասին” ՀՀ օրենքի 4-րդ գլխի 15-րդ հոդվածի 1-ին կետում նշված է, որ հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա: Այսինքն` այս օրենքի համաձայն՝ այսօր հոգեկան հիվանդն է որոշում՝ մեկուսանալ հասարակությունից եւ բուժվել հոգեբուժարանում, թե մնալ հասարակության մեջ: 
Նույն օրենքի նույն գլխի 16-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ հոգեկան խանգարումով տառապող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել առաջարկված բուժօգնությունից կամ դադարեցնել այն, բացառությամբ այս օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կարող է իրականացվել առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության` միայն օրենքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման եւ ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման դեպքերում:
Իրականում ո՞րն է ճիշտ տարբերակը. հոգեկան հիվանդին հասարակությունից մեկուսացնե՞լը, թե՞ վտանգել հասարակությանը:
“Հոգեկան առողջության վերականգնման ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահի ԺՊ Ռուզաննա Զոհրաբյանի կարծիքով՝ բուժումից հետո նման հիվանդությամբ տառապող մարդիկ պետք է  լինեն հասարակության մեջ, եւ նրանց սոցիալական խզված կապերը պետք է վերականգնվեն. “Այսինքն՝ մեր նպատակն է հիվանդների իրավունքների շահերը պաշտպանելը, ոչ թե հիվանդին տանել հոգեբուժական հաստատություն եւ այնտեղ ցմահ թողնել: Ես Ձեզ տեղեկացնեմ, որ դեպքեր են լինում, երբ  ընտանիքի անդամները շահադիտական նպատակներով վատ են վերաբերվում իրենց հիվանդին, լինում են նաեւ ժառանգության, բնակարանի կամ կտակի հետ կապված հարցեր, եւ նրանց հարազատները  հիվանդից ազատվելու համար որոշում են տարիներով ստացիոնար պառկեցնել”: 
Իսկ ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը “Ժողովուրդ”-ին խոստացավ հանդիպել եւ զրուցել Անուշի ու նրա ընտանիքի անդամների հետ. “Եթե սոցիալական վտանգը հաստատող ոչ մի փաստաթուղթ չկա, ապա հիվանդը ստացիոնար բուժման համար պետք է անպայման տա իր համաձայնությունը: Ես չեմ կարող հարեւանների ու հարազատների խոսքը հիմք ընդունել կամ ժխտել, պետք է հիվանդին նայեմ ու հետո կորոշեմե: Իսկ 120 հազար դրամ պահանջելու հետ կապված էլ հավաստիացրեց.  “Նման բան չկա, եւ հնարավոր չէ”: 
Ի դեպ, եթե հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ չունեն համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ իրենք հասարակության համար վտանգ են ներկայացնում, այս դեպքում միայն հանձնաժողովային զննումից հետո է գործն ուղարկվում դատարան: Միայն դատարանն է իրավասու անձին ոչ հոժարակամ հոսպիտալացնել: Եվ միայն Աստծուն է հայտնի, թե որ հիվանդի դեպքում ինչքան ժամանակ է հարկավոր դատարանին` որոշելու`  այդ անձը մեկուսանալու է հասարակությունից, թե ոչ: Իսկ մինչ դատարանի որոշումը հիվանդը կարող է իր ձեռքով սպանել հարազատ որդուն կամ դստերը:  
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 553 համար




Լրահոս