Տավուշի մարզի գյուղատնտեսական հողատարածքները կազմում են 110 հազար 779 հեկտար, որից 25 հազար 300 հեկտարը վարելահող է, իսկ 3755 հեկտարը` բազմամյա տնկարկներ: Վերջինից էլ 2400 հա-ն՝ պտղատու իսկ, 1355 հա-ն խաղողի այգիներ են: Գյուղատնտեսական մարզում հազարավոր հեկտար հողեր չեն մշակվում: 25 հազար 300 հա վարելահողերից 7210 հեկտարը չի մշակվում սահմանամերձ, ականապատ լինելու, ադրբեջանական գնդակոծության գոտում գտնվելու պատճառով:
Մնացած 18 հազար 90 հա վարելահողից 2015 թվականին մշակվել է 16 418 հա-ն: Տավուշի բնակիչները հողերը չեն մշակում տարբեր պատճառներով՝ հողատարածքների մի մասը ոռոգելի չէ, վարելահողերը տարիներ շարունակ չեն բերրիացվել, պարարտանյութերով հարստացել (այդ պատճառով բերքատվությունը ցածր է, ոչ եկամտաբեր), աճեցված բերքի իրացման շուկան փոքր է եւ այլն: Սահմանամերձ մարզում գյուղացիներ կան, ովքեր պարզապես վարուցանքի, սերմացուի փող չունեն: