Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հրապարակել երեկ` հունիսի 6-ին Զվարթնոց օդանավակայանի “VIP” սրահի տանիքի պոկումից: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին “VIP” սրահի տանիքը եւ նետել ավտոմեքենաների վրա. վնասվել է մոտ 30 ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է նախկին “VIP” սրահի տանիքը (մոտ 1000 քմ) եւ ընկել օդանավակայանի տարածքում կայանված ավտոմեքենաների վրա. տուժածներ չկան:
Վթարավերականգնողական աշխատատանքներին մասնակցել են օդանավակայանի 30 աշխատակից եւ 5 հատուկ տեխնիկա: Փրկարարները թիթեղյա ծածկի տակից դուրս են բերել 30 ավտոմեքենա: