Երեվանում բացվել է ծառերի եվ ծաղիկների միջազգային ցուցահանդես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, ծաղկատեսակներ ու կոմպոզիցիաներ, դրանց խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև կանաչ գոտիների ստեղծման և ձևավորման պարագաներ:
Տաղավարներով շրջել և ներկայացվող նմուշներին ծանոթացել են Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, վարչական շրջանների ղեկավարներ և այլ պաշտոնյաներ:
Ցուցահանդեսին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, ինչպես նաև Հոլանդիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Թայլանդից և Նիգերիայից: Մասնակիցները հույս են հայտնել, որ ցուցահանդեսի միջոցով ներկայացվող ընկերությունները իրենց սպառողին կգտնեն նաև հայաստանյան շուկայում:
“Ցուցահանդեսին ներկայացված են ծաղիկներ ու բույսեր, որոնք Երևան քաղաքում չկան, բայց հարմարվում են մեր բնակլիմայական պայմաններին: Հաջորդ տարիների կանաչապատման աշխատանքներում մենք կօգտագործենք նաև այդ ծառերն ու ծաղիկները: Եվ եթե անցյալ տարի ծաղկային տարածքները կազմում էին 5,2 հեկատար, ապա այս տարի կավելանա 1 հեկտարով և ընդհանուր առմամբ կանաչ տարածքները կկազմեն 30 հեկտար: Տարվող լայնածավալ աշխատանքների արդյունքում մինչև 2015 թվականը մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների ծավալը կավելանա ևս մի քանի քառակուսի մետրով՝ հասնելով մինչև 12 ք/մ-ի: Ունենք նաև հեռահար ծրագրեր այդ ցուցանիշը հասցնելու 16ք/մ-ի:”,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 10-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս