Տիգրան Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը, վաստակելով 5,5 միավոր, ռումինացի Վլադիսլավ Նևեդնիչիի ընկերակցությամբ գլխավորում են Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող շախմատի եվրոպական բաց մրցաշարի աղյուսակը:
6-րդ տուրում Պետրոսյանը սպիտակներով հաղթել է արգենտինացի Սանդրո Մարեկոյին, իսկ Մելքումյանը սևերով գերազանցել է հնդիկ Պրասանա Վիշնույին: Մեր մյուս գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը միավորը կիսել է Հնդկաստանի մեկ այլ պատվիրակ Ջայարամ Աշվինի, իսկ բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը՝ համերկրացի Ջունիո Բրիտո Ռոբերտո Մոլինայի հետ: Ռուսաստանցի Դավիթ Պառավյանն էլ առավելության է հասել ռումինացի Ալին-Միլե Բերեսկույի նկատմամբ: Պառավյանը, Մխիթարյանը և Գրիգորյանը իրենց հաշվին գրանցելով 4,5-ական միավոր, զբաղեցնում են համապատասխանաբար 10-րդ, 13-րդ և 14-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: