Հանցագործության կոծկման իրական պատճառները մնում են չբացահայտված. ՀՔԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ ահազանգի հետքերով «Վանաձոր» ՔԿՀ այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը արձանագրել էր, որ դատապարտյալ Կ. Ս.-ը շարունակական ճնշումների է ենթարկվում ՔԿՀ աշխատակցի կողմից: Դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարություն ներկայացրած դիմումով իր մտահոգությունն էր հայտնել դատապարտյալի վերաբերյալ և խնդրել դատապարտյալ Կ. Ս.-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխել այլ ՔԿՀ, սակայն ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արդարադատության նախարարությունը հարցին լուծում էր տվել ճնշումներ գործադրող աշխատակցին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով: Սույն գործով 2015 թվականի սեպտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բողոքարկվել էր ՀՀ Գլխավոր դատախազություն:

2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Է. Արամյանի կողմից որոշում է կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ 29.09.2015թ.-ի որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Հարուցված քրեական գործի շրջանակներում դատապարտյալ Կ. Ս.-ը, շարունակելով գտնվել «Վանաձոր» ՔԿՀ-ում, խուսափողական ցուցմունքներով հրաժարվել է իր իրավունքների պաշտպանությունից՝ ընդհուպ հրաժարվելով ՔԿՀ աշխատակցի կողմից տևական ճնշումների և սպառնալիքների վերաբերյալ իր խոսքերից: Արդյունքում՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին կայացվել էր քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում: Ընդ որում՝ քննիչը որոշում է կայացրել նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 21-ին բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ քրեական գործը կարճելու մասին վերոնշյալ որոշումը վերացնելու, ինչպես նաև՝ հաղորդում ներկայացրած և վկայի կարգավիճակում գտնվող իրավապաշտպանների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված /սուտ մատնություն/ հանցակազմի շրջանակներում վարույթն իրականացնող քննիչի կողմից քրեական հետապնդում իրականացնելուն իրավական գնահատական տալու պահանջով:

ՀՀ Գլխավոր դատախազության՝ 2016 թվականի հունվարի 8-ի որոշման մեջ նշվում է, որ «….քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքները ստուգելու ուղղությամբ, սակայն այդ մասին վկայող բավարար և փոխկապակցված ապացույցներ ձեռք չեն բերվել և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, հետևաբար քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թվականի դեկտեմբերի 09-ի որոշման դեմ Ա. Սաքունցի ներկայացրած բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:» Ինչ վերաբերում է իրավապաշտպանների նկատմամբ սուտ մատնության հանցակազմի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնելուն, ապա Գլխավոր դատախազության որոշման մեջ նշվում է. «Այս առումով տեղին է նախաքննության մարմնի կողմից գնահատական տրվել ակնհայտ սուտ մատնություն կատարելուն, քանի որ գործով ձեռք են բերվել Արայիկ և Օֆելյա Զալյանների, Արթուր Սաքունցի հայտնած հանգամանքները հերքող ապացույցներ, ուստի այդ մասով ևս բողոքաբերների հետևությունն անհիմն է»:

Այսպիսով՝ ստեղծված իրավիճակում դատապարտյալը հնարավորություն չի ունեցել հետևողական լինելու իր իրավունքների պաշտպանությանը, քանզի Դիտորդական խմբի հիմնավոր մտահոգությունը՝ դատապարտյալի անվտանգության վերաբերյալ, մնացել է անհետևանք, որն էլ հանգեցրել է հանցագործության կոծկման: Իսկ դատապարտյալի իրավունքների պաշտպանությունն ստանձնած իրավապաշտպանների ահազանգերը փորձ է արվել որակել որպես սուտ մատնություն, ինչն արդեն ընդունված պրակտիկա է՝ որդեգրված ՀՀ իրավասու մարմինների կողմից: Ոչ ՀՀ Արդարադատության նախարարությունը, ոչ էլ՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը կատարվածի իրական հիմքերն ու պատճառները բացահայտելու կամք չդրսևորեցին, ընդհակառակը՝ հերթական անգամ թիրախավորվեց իրավապաշտպանի ինստիտուտը: Արատավոր այս երևույթին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քանիցս անդրադարձել է իր մի շարք հրապարակումներում: Հավելենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է բողոքարկել ՀՀ Գլխավոր դատախազության 2016 թվականի հունվարի 8-ի որոշումը՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ ներկայացված բողոքը մերժելու մասին:




Լրահոս