Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականի ընթացքում Հայաստանում շինարարության ծավալները, 2014 թվականի համեմատ, նույնն են մնացել: Բայց երբ ուսումնասիրում ենք հրապարակված տվյալների բացվածքը, ակնհայտ է դառնում, որ այդ ծավալների պահպանումը տեղի է ունեցել դրսից Հայաստան եկած գումարների հաշվին: Մասնավորապես միջազգային վարկերով եւ մարդասիրական օգնություններով իրականացված շինարարության ծավալների հաշվին: Ի դեպ, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը նույնպես աճել է 86 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնակի:
Այսպիսով, ակնհայտ է, դառնում՝ եթե վերը նշված միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալներն այդքան կտրուկ աճել են, բայց ընդհանուր ծավալները նախորդ՝ 2014-ի համեմատ նույնն են մնացել, ապա ստացվում է, որ մասնավոր հատվածի կողմից իրականացված շինարարության ծավալներն իրականում 2015-ին կտրուկ նվազել են: Երբ ասում ենք՝ մասնավոր հատվածի կողմից իրականացված, նկատի ունենք շինարարական ընկերությունների եւ բնակչության կողմից իրականացված շինարարություն:
Ի դեպ, պաշտոնական վիճակագրությունում նման տարանջատում գոյություն չունի, ուստի պաշտոնական թվերով չենք կարող պատկերը ներկայացնել, բայց պարզ տրամաբանությունը եւ թվաբանությունը հուշում են, որ այլ կերպ չի կարող լինել: