«Ռեժիմը վախենում է ժողովրդից». «Նոր Հայաստան»-ը մարտի 1-ին համազգային հավաք կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին պատրաստվում է համազգային հավաք իրականացնել:  «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի հետ:

-Պարո՛ն Ղուկասյան մարտի 1-ին կայանալիք համազգային հավաքին ի՞նչ պահանջներով եք հանդես գալու:

-Մեր առաջին պահանջն այն է, որ միջագային հանրությունը` ԵԱՀԿ-ն, պատժամիջոց կիրառի Հայաստանում այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր որ պատասխանատու են մարդու իրավունքների խախտման համար, կոռուպցիայի համար եւ խոչընդոտում են մեր երկրում ժողովրդավարության կայացմանը: Հայաստանում կան լուրջ վտանգներ. ներքին իրավիճակը կարող է ապակայունացվել, քաղաքական պայքարի ձեւերը սպառված են, անհնազանդությունը նույնպես տեսնում ենք, որ սանձվում է ոստիկանական գերուժերով: Երկրորդ պահանջը քաղբանտարկյալների խնդիրը ճանաչել Հայաստանում: 2011 թվականին ԵԽԽՎ-ն, կարծես թե, թերթեց քաղբանտարկյալների էջը, բայց տեսնում ենք, որ ոչ մի բան չի փոխվել: Երրորդ պահանջը ոստիկանական ուժերի կրճատումն է: 18 հազար ոստիկան երկրում անհրաժեշտ չի հասարակական կարգը պահպանելու համար: Այդ ուժերին ռեժիմը կուտակում է ժողովրդի դեմ, եւ այդ ուժերի առկայությունը ինքնին վկայությունն է, որ ռեժիմը վախենում է ժողովրդից:

-Արդյո՞ք մարտի 1-ին ընդդիմադիր այլ ուժեր եւս միանալու են ձեր պայքարին:

-Դա անհրաժեշտություն է:

-Մարտի 1-ին կայանալիք համազգային հավաքից հետո «Նոր Հայաստան»-ի քայլերը որո՞նք են լինելու:

-Այդ օրվա էներգետիկան, հանրության արձագանքը պետք է դա ցույց տա: Մեզ համար տեսանելի է անհնազանդության ծրագիրը: Մենք այն կարծիքին ենք, որ վարչական շենքերի երկարատեւ շրջափակումով հնարավոր է հարկադրել ռեժիմին ընդունել ժողովրդի պահանջները:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս