ՀՀ նախագահական ընտրություններում շարքային կուսակցականների կամքը երբևէ հաշվի չի առնվել. ԱՄՆ-ի և ՀՀ ընտրությունների առանձնահատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Այս օրերին արդեն իսկ ԱՄՆ-ում մեկնարկել են նահանգային քվեարկությունները, որոնց արդյունքում հուլիսի վերջին իրենց միասնական թեկնածուներին կներկայացնեն Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունները: Իսկ մենք այս ընթացքում կներկայացնենք ընտրարշավի ամենահետաքրքիր առանձնահատկությունները` փորձելով նաեւ զուգահեռներ անցկացնել հայաստանյան իրականության հետ: Կփորձենք հասկանալ, թե ինչպիսի ընտրական մեխանիզմներ են գործում ԱՄՆ-ում` վերջինս դարձնելով աշխարհի ամենահաստատուն ու ուժեղ ժողովրդավարությունը:

Այսպես, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթելու իրական հնարավորություն ունենալու համար թեկնածուն պետք է ներկայացված լինի բոլոր նահանգներում: Հարկ է նկատել, որ անհրաժեշտ քանակությամբ ռեսուրսների այս երկրի բոլոր նահանգներում տիրապետում են երկու կուսակցություններ` Հանրապետականն ու Դեմոկրատականը: Այդ պատճառով է, որ նախագահ դառնալու համար կարելի է քվեարկվել ցանկացած նահանգում, սակայն վերջնարդյունքում առանց նահանգների մեծամասնության աջակցության, անհնար է հասնել նախագահի պաշտոնին: Ուստի եւ պատահական չէ, որ ԱՄՆ-ի առաջատար երկու կուսակցությունների ներսում դաժան պայքար է գնում` միասնական թեկնածուին որոշելու համար: Այդ պայքարին ներգրավված են գործող եւ նախկին նահանգապետեր, սենատորներ, բիզնեսմեններ: Այսօր Հանրապետական կուսակցության թեկնածուի համար պայքարում են 12, իսկ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի կարգավիճակի համար` 3 գործիչներ:

Ըստ ներկուսակցական կարգի` յուրաքանչյուր նահանգում տեղի է ունենում գրանցված կուսակցականների համաժողով, որի արդյունքում ներկաներից յուրաքանչյուրը քվեարկում է ցուցակում առկա թեկնածուներից միայն մեկի օգտին: Յուրաքանչյուր նահանգում անցկացված քվեարկություններից հետո հուլիսի 18-ից Կլիվլենդում մեկնարկելու է հանրապետականների մեծ համաժողովը, իսկ արդեն հուլիսի 25-ից` դեմոկրատներինը Ֆիլադելֆիայում: Այս մեծ համաժողովին մասնակցում են նահանգային ընտրիչները, որոնց մի մասը պարտավոր է քվեարկել այնպես, ինչպես իր կուսակցական ընկերները քվեարկել են սեփական նահանգում: Հանրապետական կուսկացության 2016թ. ժողովին մասնակցելու եւ ընտրություն կատարելու իրավասություն են ունենալու 2472 լիազորներ, իսկ Դեմոկրատականի ժողովին` 4764:

Գոյություն ունեն նաեւ «սուպերընտրիչներ», որոնք կաշկանդված չեն նահանգային քվեարկությամբ եւ կարող են ընտրել իրենց նախընտրած թեկնածուին: Ի դեպ, այս վերջին հանգամանքը հատկապես լուրջ քննադատության է արժանանում ԱՄՆ-ում, քանզի զգալիորեն ստվերում է մաքուր ժողովրդավարության ավանդույթները: Սակայն հասկանալի է, որ նման մեխանիզմով կուսակցական վերնախավը ձգտում է պահպանել իր հարաբերական վերահսկողությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Ինչո՞ւ հարաբերական, որովհետեւ Հանրապետական կուսակցությունում այդպիսի «սուպերլիազորները» լոկ 128-ն են, իսկ դեմոկրատների մոտ` 713-ը:

Այսինքն` կուսակցական ընտրախավի բացարձակ ազդեցությունը Հանրապետական կուսակցության ներսում կազմում է 5 տոկոս, իսկ Դեմոկրատների մոտ` 15 տոկոս: Կարելի է փաստել, որ կուսակցական «բոսերը» պարզապես անկարող են հաշվի չնստել շարքային կուսակցականների կամքի հետ, ինչի արդյունքում կուսակցության վերջնական թեկնածու է դառնում նա, ում վստահել է կուսակցականների մեծամասնությունը: ԱՄՆ-ի ժողովրդավարության հաջողության բանաձեւը հենց էլիտայի ու շարքային ընտրողների այսօրինակ հետաքրքիր համադրության մեջ է, երբ հասարակության հակառակ բեւեռները կարողանում են իրենց խոսքը տեղ հասցնել ու հասարակական փոխզիջումի ճանապարհով շարունակաբար զարգացնել պետական-քաղաքական համակարագը:

Եվ, ահա, փետրվարի 1-ին ԱՄՆ-ի Այովա նահանգով մեկնարկեցին նախնական քվեարկությունները: Հանրապետական թեկնածուների մեջ որպես «վաշինգտոնյան կողմնակի անձ» հայտնի Թեդ Քրուզը գրավել է առաջին տեղը, որին հաջորդում է կուսակցական «բոսերի» անբարյացակամությունը վայելող Դոնալդ Թրամփը, իսկ երրորդը կուսակցական վերնախավի աջակցությանը ձգտող սենատոր Մարկո Ռուբիոն է: Դեմոկրատական կուսակցությունում առաջատարի համբավը վայելող Հիլարի Քլինթոնի ու սոցիալիստ Բեռնի Սանդերսի միջեւ ձայները կիսվել են գրեթե հավասարապես:

Հատկանշական է, որ Bloomberg Politics/Des Moines Register-ի կողմից Այովայում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն` հանրապետականների ճամբարում առաջին տեղում Թրամփն էր, սակայն մեծ բանավեճից նրա հրաժարվելը կարծես վճռորոշ նշանակություն ունեցավ արդյունքների վրա, ինչպես կանխատեսում էին ամերիկյան մի շարք վերլուծաբաններ: Փաստ է, սակայն, որ նախնական հարցումներն ու վերջնական ընտրական արդյունքները խիստ մոտ էին միմյանց, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ում սոցհարցումները մեծ մասամբ արտահայտում են իրական պատկերը: Հանգամանք, որ խիստ խորթ է հայաստանյան իրողություններին:

Ի դեպ, վերադառնալով հայաստանյան իրականությանը` հիշենք, թե ինչպես են մեր երկրում կազմակերպվել նախագահական ընտրությունները: Բացի 1991թ. նախագահական ընտրություններից, երբ ՀՀՇ-ի ներսում իսկապես ժողովրդավարական բանավեճով որոշվեց Տեր-Պետրոսյանին ներկայացնել իբրեւ կուսակցության թեկնածու, մյուս ընտրություններում շարքային կուսակցականների կամքը երբեւէ հաշվի չի առնվել: Քոչարյանն ընդհանրապես ոչ մի կուսակցության չէր անդամակցում եւ նախագահ է առաջադրվել լոկ իշխանության «հայտնի ուժերի» շահերով պայմանավորված, իսկ Սերժ Սարգսյանն էլ դարձավ ՀՀԿ-ի թեկնածուն միայն կուսակցության առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահվանից հետո:

Նախագահական նախորդ ընտրությունների ընդհանուր պատկերը հուշում է, որ Հայաստանում հաղթող թեկնածու լինելու համար կարեւորը ոչ այնքան ուժեղ կուսակցություն ունենալն է, որքան ազդեցիկ գործիչ լինելը կամ ամենակարեւորը` վարչական ռեսուրսին տիրապետելը: Այս հանգամանքը թե՛ մասնակի պատճառն է կուսակցական համակարգի անկատարության, թե՛ ինքն է միաժամանակ այդօրինակ համակարգի գոյության սնուցողը, իսկ ելքը միայն արդար ընտրություններն են, երբ շարքային քվեարկողի ձայնը տեղ է հասնում, ինչպես, օրինակ, վերոնշյալ Այովա նահանգում:

Ն. Հովսեփյան




Լրահոս