Հայաստանում նախատեսում են նոր ՋԷԿ կառուցել, սակայն ոչ ոք չի պարզաբանում, թե ինչ միջոցների հաշվին է այդ ծրագիրն իրականացվելու, ով է այդ ներդրողը, եւ որքան գումար է նա ցանկանում ՀՀ էներգետիկ համակարգում «լվանալ»:
ՀՀ կառավարությունը նախօրեին հավանություն տվեց նոր ՋԷԿ-ի վերաբերյալ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի հետ կնքվելիք փոխըմբռնման հուշագրին: Սակայն հուշագրին կից փաստաթղթերից տեղեկանում ենք, որ նոր ՋԷԿ-ը կառուցելու է «Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ» օֆշորային ընկերությունը: Իսկ թե ինչու են փաստաթղթերում տարբեր ընկերություններ նշված, կարելի է ընդամենը ենթադրել: «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի մասին համացանցի հայկական տիրույթում մինչ երեկ ոչ մի տեղեկություն չկար: Ենթադրվում է, որ այս ընկերությունը նոր պետք է ստեղծվի՝ հատուկ ՋԷԿ-ի հետ կապված գործարքը կյանքի կոչելու համար: Փողերի հետքերը թաղելու այս պրակտիկան Հայաստանում վաղուց է կիրառվում: Ի դեպ, կառավարության նիստում ներկայացված փաստաթղթերում նշված է, թե իբր «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ն ՋԷԿ կառուցելու եւ շահագործելու բնագավառում նշանակալի փորձ ունի: Մեղմ ասած` սուտ է:
Ինչպես նշեցինք՝ ներդրողը «Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունն է, որը գրացված է օֆշորային տարածք հանդիսացող Նեւիս կղզիում: «Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ»-ն իր հերթին պատկանում է «Հանզարդ Թրասթ քոմփանի» ընկերությանը, որը գրանցված է Բրիտանիայի` օֆշորային տարածք հանդիսացող Ջերսի կզում: Այսինքն՝ մի օֆշորային ընկերությունը հիմնադրված է մեկ այլ օֆշորային ընկերության կողմից: Կասկած չկա, որ այդ մեկն էլ մեկ այլ օֆշորային ընկերության կողմից է ստեղծվել եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած՝ մարդիկ ամեն ինչ արել են, որպեսզի որեւէ կերպ հնարավոր չլինի պարզել, թե ովքեր են «Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրները, ում եւ ինչ միջոցների հաշվին ստացված փողերով է այդ ընկերությունը տարբեր ոլորտներում ներդրումներ կատարում: Ամեն դեպքում, նոր ՋԷԿ կառուցել պատրաստվող ընկերությունն ընդամենը գաղտնիության պայմաններում գործող ներդրումային ֆիրմա է: Ավելի կոնկրետ` գործ ունենք «փող լվացող» կառույցի հետ:
Վանաձորում կառուցվելիք նոր ՋԷԿ-ը պետք է լինի 234 ՄՎտ ընդհանուր հզորության: ՋԷԿ-ը նախատեսվում է կառուցել 30 ամսում, այլ կերպ ասած՝ երկուսուկես տարում: Հուշագրի մասին պատմող փաստաթղթերում նշված չէ, թե ՋԷԿ-ի շինարարության համար որքան ներդրում է կատարվելու: Սովորաբար նման հզորության ՋԷԿ կառուցելու համար ծախսվում է 300-ից 400 մլն դոլար գումար:
«Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ»-ի ներկայացրած ինքնաբնութագրում նշված է, որ իրենք Հայաստանում արդեն իսկ մեկ ծրագիր իրականացնում են. խոսքը Ազատեկի բազմամետաղային հանքավայրի հետազոտման եւ շահագործման մասին է: Այս հանքավայրը պարունակում է ոսկի, արծաթ եւ սուրմա տեսակի մետաղներ: Ի դեպ, նշված է, որ հանքավայրը շահագործում է «Վայք Գոլդ» ընկերությունը: Այս ընկերության մասին նախկինում էլ են մամուլում հրապարակումներ եղել, մասնավորապես, առ այն, որ Ազատեկի հանքավայրի հետազոտման եւ շահագործման թույլտվությունը «Վայք Գոլդ» անունով ընկերության չի տրվել: Ավելին՝ կարող ենք ասել, որ Հայաստանում գրանցված ընկերությունների էլեկտրոնային ռեգիստրում «Վայք Գոլդ» անունով ընկերություն չկա: Հարկ է նշել նաեւ, որ Ազատեկի հանքի հետազոտման եւ շահագործման արտոնագիրը նախկինում պատկանել է «Արմենիակ» ընկերությանը, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն է:
Մեր տեղեկություններով՝ իրականում այս գործարքի թիկունքում կանգնած է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, որը օֆշորում գրանցված եւ կասկածելի ծագում ունեցող փողերով տարատեսակ գործարքներ իրականացնելու մեծ փորձ ունի: Ավելին՝ եթե Արմեն Սարգսյանի կենսագրությունը ուսումնասիրեք, կհամոզվեք, որ նա ոչ թե դեսպան է, այլ ավելի շուտ գործարար: Այդ իսկ պատճառով նա թքած ունի նաեւ ՀՀ օրենսդրության վրա, քանի որ իր գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը ոչ մի անգամ չի ներկայացրել: Ի դեպ, ամենեւին էլ պատահական չէ, որ ամենակարեւոր երկրներից մեկում` Մեծ Բրիտանիայում, Հայաստանը, մեղմ ասած, խայտառակ ձեւով է ներկայացված: Միջազգային տարբեր կառույցներում Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական նախագծերն հիմնականում հենց բրիտանացի պատգամավորների միջոցով են իրականացվում, ինչն այդ երկրում հայկական դիվանագիտության բացակայության արդյունք է:
Ի դեպ, Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը Արմեն Սարգսյանին վստահելու հիմնական պատճառն այն է, որ նա իր հաշվին հոգում է դեսպանատան ծախսերը եւ, որ ավելի կարեւոր է, մի քանի տարին մեկ իր հաշվին Հայաստանից դեպի Միացյալ Թագավորություն բարձր մակարդակով այցեր եւ այդ երկրի ղեկավարության հետ հանդիպումներ է կազմակերպում:
Բնականաբար, Արմեն Սարգսյանն այդ «ներդրումը» հենց այնպես չի կատարում: Փոխարենը նա, որպես դեսպան, Բրիտանիայում օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիության բոլոր առավելություններից: Մասնավորապես, դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ մարդիկ կարող են ազատ գումարները մի տեղից մյուսը տանել, անկախ նրանից, թե դրանք ինչ «կեղտոտ» ծագում ունեն: Կարող են օֆշորային որեւէ գոտում ինչ-որ ընկերություն ստեղծել, որը կսկսի հանցավոր ծագմամբ գումարներով ներդրումներ կատարել եւ այլն: Արդյունքում, որոշ ժամանակ անց նախկինում «կեղտոտ» գումարի տերը դառնում է օրինապահ ներդրող:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ