ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ներկուսակցական պայքարը նոր թափ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուններ առաջադրելու ներկուսակցական պայքարը նոր թափ է ստացել: Փետրվարի 1-ին Այովա նահանգում տեղի ունեցած քվեարկությունը խիստ ուշագրավ պատկեր է ստեղծել, որը համակել է ամերիկյան քաղաքական վերլուծաբանների ուշադրությունը: Հարկ է նկատել, որ Այովայի քվեարկությունը հետաքրքիր անակնկալներ է մատուցել թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների ճամբարներին` զգալիորեն թեժացնելով պայքարը:

Դեմոկրատների ճամբարում Այովայի քվեարկությունը գրեթե հավասար բաժանվեց Հիլարի Քլինթոնի եւ Բեռնի Սանդերսի միջեւ, որոնք Ֆիլադելֆիայի վերջնական համաժողովում տվյալ նահանգից կունենան համապատասխանաբար 23 եւ 21 լիազորներ: Ամերիկյան վերլուծաբանների կարծիքը այստեղ կրկին կիսվում է: Մի մասը պնդում է, որ Հիլարի Քլինթոնը պարտություն է կրել, քանզի նախորդ տարի նույն նահանգում Սանդերսի հանդեպ 50 տոկոս առավելություն ուներ, մինչդեռ այսօր գրեթե հավասար արդյունք է արձանագրվել: Վերլուծաբանների մեկ այլ հատված համարում է, որ իրականում պարտություն է կրել հենց Սանդերսը, քանզի չի կարողացել հաղթել հավատարիմ «սուպերլիազորների» առավելությունը ունեցող Քլինթոնին, վերջինիս համար ոչ այնքան հարմար նահանգում:

Դեմոկրատների միջեւ հակամարտությունը ավելի խորացավ փետրվարի 4-ին կայացած բանավեճից հետո: Առհասարակ, դեմոկրատների բանավեճերը հաճախ տեղի են ունենում ավելի հանդարտ մթնոլորտում, իսկ քննարկումներն ավելի առարկայական են: Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Սանդերսն ու Քլինթոնը զերծ են մնում անձնական պիտակավորումներից` շեշտը դնելով մրցակցի քաղաքական հայացքների քննադատության վրա: Հատկանշական է, որ նախօրեի բանավեճում երկու թեկնածուներն էլ միանշանակորեն մերժում էին կուսակցական «բոսերի» աջակցությունը վայելելու նկրտումները:

Ի դեպ, Քլինթոնը ժխտել է նաեւ Սանդերսի առաջ քաշած մեղադրանքը, թե իբր ինքը վայելում է ԱՄՆ ֆինանսական շրջանակների աջակցությունը: Սանդերսը, սակայն, քննադատությունն ավելի ընդհանրական ուղղությամբ է տարել` նկատելով, որ ֆինանսական հսկաների ներքաշումը քաղաքական համակարգի մեջ քայքայում է ամերիկյան ժողովրդավարությունը: Նկատենք, որ Սանդերսի քննադատությունն այնքան էլ հեռու չէ իրականությունից, քանզի Քլինթոնը Գոլդման Սաքսի (ամերիկյան միջազգային ներդրումային բանկային կազմակերպություն) համար ունեցած երեք ելույթի համար վարձատրվել էր 675 հազար ԱՄՆ դոլարի չափով: Եվ Քլինթոնի արձագանքը, որ ինքը ուշադրություն չի դարձրել, թե ինչքան է վաստակել երեք ելույթի համար, այնքան էլ համոզիչ չէր: Հարկ է հավելել, որ նախնական հարցումներով Սանդերսը Նյու Հեմփշիրում առաջատար է` 55/40 տոկոսային հարաբերակցությամբ: Այդուհանդերձ, հայտնի է, որ ամերիկացիների մի զգալի հատված իր որոշումը կայացնում է քվեարկությունից 1-2 օր առաջ, ինչը նշանակում է, որ պատկերը կարող է փոխվել ցանկացած պահի:

Իսկ ,ահա, հանրապետականների ճամբարում իսկական քաոս է: Այովայի անկանխատեսելի արդյունքներից հետո Նյու Հեմփշիրի համար կատաղի պայքար է սկսվել: Այստեղ Դոնալդ Թրամփը անվիճելի առաջատար է եւ իր մրցակիցներից, նախնական հարցումների համաձայն, առաջ է ավելի քան 15 տոկոսով: Սակայն նույն այդ նախնական հարցումները նրան հաղթող էին հռչակում նաեւ Այովայում: Իսկ, ահա, վերջինիս հաղթող Թեդ Քրուզը տարբեր հարցումներով չի կարողանում անգամ երկրորդ հորիզոնական բարձրանալ: Ամերիկյան բազմաթիվ վերլուծաբաններ Նյու Հեմփշիրում կատաղի պայքար են կանխատեսում կուսակցության ղեկավարության աջակցությունը որոնող Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի, Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյի եւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքի միջեւ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Այովայում Ռուբիոն ստացել էր 23, Բուշը` 3, Քեյսիքը` 2 տոկոս, Նյու Հեմփշիրը դարձել է վճռորոշ նահանգ, որտեղ եթե Ռուբիոն ավելի բարձր ձայներ ստացավ վերոնշյալ մրցակիցներից, ապա կուսակցական բոսերը խմբվելու են նրա շուրջը, եւ Բուշն ու Քեյսիքն այլեւս կարող են ավարտված համարել իրենց պայքարը:

Հատկանշական է, որ Ջեբ Բուշի քարոզարշավը խստագույնս կենտրոնացել է Նյու Հեմփշիրում երկրորդ տեղը վերցնելու նպատակի շուրջ: Բուշը մեկ տարի առաջ համարվում էր հանրապետականների ամենահավանական թեկնածուն, սակայն բանավեճերի ժամանակ Դոնալդ Թրամփից ստացված մի շարք գոտկատեղից ներքեւ հարվածներին չէր կարողանում հակազդել` աստիճանաբար հանգրվանելով 4-5 տեղերում: Վերջին երկու բանավեճերում Բուշը, սակայն, կարողացավ վերգտնել իրեն եւ ուժեղ ու տպավորիչ ելույթներ ունեցավ: Փետրվարի 6-ին նախատեսված է հանրապետականների բանավեճը, որը, կարելի է ասել, հենց խոշորագույն ազդեցություն է ունենալու փետրվարի 9-ին նախատեսված քվեարկության վրա:

Հայաստանում նախընտրական բանավեճեր, որպես կանոն, տեղի չեն ունենում: Այդ տխուր ավանդույթը խախտվել է միայն մեկ անգամ` 2003թ.: Թե՛ դրանից առաջ, թե՛ դրանից հետո ոչ մի թեկնածու չի նստել մյուսի դիմաց ու քննարկել Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները: Արատավոր այդ պրակտիկան տարիների ընթացքում ավելի արմատավորվեց` բանավեճը որպես քաղաքական մշակույթի կարեւորագույն բաղադրիչ մոռացության մատնելով: ԱՄՆ-ում այսօր բանավեճերի որակից ու արդյունքներից է կախված ընտրողի նախապատվությունը: Մինչդեռ Հայաստանում քաղաքական գործիչները միմյանց այնքան չեն հարգում, որ նստեն դեմ առ դեմ բանավիճելու, ինչի հետեւանքով քաղաքական հարցերը հրապարակային դաշտից տեղափոխվում են կուլիսներ` հասարակությանը թողնելով անտեղյակության մեջ: Իսկ հետո նրանք աղեկտուր տրտնջում են, թե ժողովուրդն անտարբեր է:

Ն. Հովսեփյան




Լրահոս