Այն ձևերով, ինչպես նրանք են «այո»-ն ապահովել, «ութերորդ դասարանի երեխան էլ կարող էր անել». Սերժ Սարգսյանը խիստ բարկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների արդյունքները ՀՀ իշխանություններին շատ լուրջ են մտահոգել, քանի որ անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած իրադարձությունների գնահատման ֆոնին 2017 թվականի ԱԺ ընտրություններում անհրաժեշտ «արդյունք» ունենալու հեռանկարը սկսել է մշուշվել:

Հայաստանի իշխանություններն այս տարվա սկզբից մոբլիզացրել են ընտրական գործընթացների իրենց բոլոր հին ու նոր տեխնոլոգներին, կամ այլ կերպ ասած՝ ընտրակեղծարարության մտավոր կենտրոններին: Վերջիններիս առջև խնդիր է դրված հաշվարկել եւ հասկանալ, թե իշխանություններն ինչպես կարող են 2017 թվականի ԱԺ ընտրություններում երաշխավորված «արդյունք» ունենալ:

Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ իշխանությունները ներդրել էին իրենց ողջ ներուժը՝ ՀՀԿ-ն իր ողջ վարչական ռեսուրսներով եւ թաղային հեղինակություններով, ԲՀԿ-ն իր տիրապետման տակ մնացած ազդեցության լծակներով, ՀՅԴ-ն իր ունեցած ու իշխանություններից ստացած լրացուցիչ գործիքներով եւ ՕԵԿ-ն իր կեղծ ընդդիմադիրի վարքով:

Թվում էր, թե նրանք բոլորով միասին կկարողանան սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով «այո» ապահովել` առանց ավելորդ աղմուկի: Սակայն, ինչպես հայտնի է, հանրաքվեն անցավ խայտառակ խախտումներով: Ամենեւին էլ պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շարունակում է ՀՀ իշխանություններից կոնկրետ քայլեր ակնկալել հանրաքվեի ընտրակեղծարարներին պատժելու ուղղությամբ: Ըստ դեսպանի՝ մինչ օրս այդ ուղղությամբ ընդամենը նախնական քայլեր են ձեռնարկվել: Իհարկե, կասկած չկա, որ ՀՀ իշխանություններն այս անգամ էլ, լավագույն դեպքում, մի քանի հոգու պայմանական կդատեն եւ հանրաքվեի էջը կփակեն:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ հանրաքվեում անհրաժեշտ «արդյունքը» ստացվել է ընտրակեղծարարության ողջ, այդ թվում՝ ամենակեղտոտ զինանոցը ամբողջական ծավալով օգտագործելու շնորհիվ, ինչպես, օրինակ, 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Սա այն դեպքում, երբ բոլորին է հայտնի, որ հանրաքվեի ժամանակ ընտրողների մեծամասնությունը անտարբեր էր, եւ տվյալ քվեարկության ելքը նրանց չէր հետաքրքրում: Ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս հանրաքվեի գործընթացում ողջ ծավալով ներգրավված չէին եւ հակաիշխանական դաշտի դիմադրությունը հանրաքվեի ժամանակ իրական ներուժի 30-ից 40 տոկոսն էլ չի կազմել:

Ստացվում է՝ ՀՀ իշխանական համակարգն իր 100 տոկոս գործիքակազմով եւ անտարբեր ընտրողի պայմաններում հանրաքվեի քվեարկության ցանկալի ելքը կարողացել է մի կերպ ապահովել: Նման պայմաններում անգամ հանրաքվեի անցկացման նպատակով կազմավորված 1997 տեղամասերից 441-ում, կամ նույնն է, թե ընդհանուր տեղամասերի մոտ 25 տոկոսում ՀՀ իշխանությունները կատարյալ պարտություն էին կրել: Իսկ ինչ տեղի կունենա, եթե ընդդիմությունն ամբողջությամբ մտնի պայքարի մեջ, ընտրողներն էլ հստակ շահագրգռված լինեն քվեարկությանը մասնակցելու եւ ինչ-որ բան փոխելու գործում: Հենց այս հարցն են այս օրերին իշխանական «տեխնոլոգներն» իրենք իրենց տալիս եւ ամենեւին «լավ» եզրակացության չեն հանգում:

Ընդդիմության ընդհանուր ներգրավվածության եւ ընտրողների մոտիվացվածության պայմաններում առավել քան հավանական է, որ ընդդիմությանը կհաջողվի իր հաջողությունն արձանագրել առնվազն հազար տեղամասերում, ընդհանուրի կեսից ավելիում: Միեւնույն ժամանակ իրատեսական է այն հեռանկարը, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը, հնարավոր է, կարողանա բոլոր տեղամասերը վերահսկել: Նախորդ բոլոր տեսակի ընտրություններում նման նախադեպ չի եղել: Ընդդիմությունը եւ, ընդհանրապես, Հայաստանի ողջ հանրությունը իմացել են, որ քվեարկությունը կեղծվել է, բայց փաստական ապացույցներով դրանց ընդհանրական պատկերը չեն կարողացել ցույց տալ:

Իսկ եթե տեղամասերի մեծամասնությունում` հազար եւ ավել, ընդդիմությունը կեղծիքները կանխի, իսկ մյուսների վերաբերյալ փաստական ապացույցներ ունենա, կարող է առաջին անգամ քվեարկության սեփական ամփոփում իրականացնել: Արդյունքում, քվեարկության արդյունքների երկու պատկեր կլինի՝ մի կողմում չկեղծված տեղամասերի արդյունքները, իսկ մյուսում` կեղծված արդյունքներով տեղամասերը: «Պահպանվածների» հազարից ավել լինելու դեպքում ընդդիմությունը կարող է դառնալ իրավիճակի տերը` հաշվի չառնելով, թե այդ մասին ինչ են մտածում իշխանությունները եւ նրանց կողմից վերահսկվող դատաիրավական համակարգը:
Մեր տեղեկություններով՝ հենց նման հեռանկարի իրական լինելն է խիստ մտահոգել Սերժ Սարգսյանին:

Երբ քվեարկության ընդհանրական պատկերը ներկայացվել է, նա խիստ բարկացել է հանրաքվեի քվեարկության համար պատասխանատուների` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի վրա: Սերժ Սարգսյանը հանրաքվեն առանց խոչընդոտի անցկացնել պարտավորված այս պաշտոնյաներին ուղղակի ասել է, որ այն ձեւերով, ինչպես նրանք են «այո»-ն ապահովել «ութերորդ դասարանի երեխան էլ կարող էր անել»: Մեր տեղեկություններով` իշխանական տեխնոլոգները ներկայումս մշակում են ընտրակեղծարարության առաջարկների փաթեթը, որը պատրաստվում է ընտրական նոր օրենսգրքի նախագծի հետ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս