“Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է Լոռու մարզի՝ կարկուտից առավել տուժած Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների կողմից ներկայացված առաջարկները՝ հողատերերին աջակցելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը՝ վերոնշյալ համայնքներ այցելության ժամանակ: Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը և “Տաշիրի” ներկայացուցիչը նշյալ համայնքների բնակչության հետ հանդիպումների ժամանակ համոզվեցին, որ առաջարկները ներկայացվել են հենց համայնքների կողմից՝ տուժած բնակիչների անմիջական մասնակցությամբ: Հիշեցնենք, որ երեք համայնքերում ստեղծված հանձնաժողովները հաշվարկել էին վնասի չափերը և տուժած հողատերերին աջակցելու առաջարկ ներկայացրել Լոռու մարզպետարան: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին՝ համայնքների բնակիչներին հնարավորության սահմաններում օգնելու նպատակով:
Ա.Ճաղարյանը տեղեկացրեց, որ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է համայքների կողմից ներկայացված պահանջարկը բավարարել ամբողջությամբ, այն է՝ կարտոֆիլի ցանքատարածությունների համար (դրանք վերականգնելի են) տրամադրել ազոտական պարարտանյութ, իսկ ցորենի ցանքատարածությունների համար վճարել գյուղացիների հողի հարկը՚ ըստ ներկայացված ցուցակների: Պարարտանյութի գնման գումարն արդեն իսկ փոխանցված է, իսկ հողի հարկի վճարումները կկատարվեն առաջիկա օրերի ընթացքում:
“Տաշիր” բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն