Մինչև վերջ բացահայտված չէ, թե որ ուժերին էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը. Լեռնիկ Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ասել էր. «Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղի՞ց էր հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:

Armlur.am-ն այս հայտարարության առնչությամբ զրուցեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:

-Պարո՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Արամ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ իրեն մի օր պետք է ասի, թե ովքեր են կազմակերպել հոկտեմբերի 27-ը:

-Ես չեմ կարդացել և չեմ էլ կարող մեկնաբանել Արամ Սարգսյանի հայտարարությունը: Կներեք, բայց ես դա չեմ կարող մեկնաբանել, չեմ զրուցել իր հետ այդ թեմայով, ոչ էլ նախագահի հետ:

-Ըստ Ձեզ, հոկտեմբերի 27-ն ամբողջովին բացահայտվե՞լ է:

– Ըստ ինձ, կարող են  լինել բաներ, որոնք հասարակությունը չգիտի կամ տարբեր կարծիքներ ունի, տարբեր ենթադրություններ: Դա նախապատրաստված էր դրսի ուժերի կողմից և շատ պրոֆեսիոնալ էր կազմակերպված:

-Այսինքն, Դո՞ւք էլ եք հակված այն տեսակետին, որ կան որոշակի հարցեր, որ դեռ ամբողջովին բացահայտված չեն:

-Իմ կարծիքով, դեռևս մինչև վերջ բացահայտված չեն, թե որ ուժերին էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը: Գուցե չեն կազմակերպել, բայց համապատասխան դաշտ են ստեղծել դրա համար: Դա կարող են լինել արտաքին ուժերը: Ես հիմնականում այն կարծիքին եմ, որ արտաքին ուժեր կան դրա մեջ, և այդ հանցագործները դրսում պատրաստվածություն են անցել, դա ես տեսել եմ: Ամբողջը կազմակերպված էր պրոֆեսիոնալ մակարդակի վրա, իսկ մնացածը ենթադրությունների ոլորտից է:




Լրահոս