ՌԴ Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին, որում առաջարկում են չեղյալ համարել Թուրքիայի հետ բարեկամության և եղբայրության մասին 1921թ.-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը:
«Կարծում ենք, որ այժմ՝ Թուրքիայի ուժգնացող ագրեսիայի պայմաններում, անհրաժեշտ է վերանայել ռուս-թուրքական բոլոր այն համաձայնագրերը, որոնք անբարենպաստ են մեր երկրի և մեր դաշնակիցների համար: Անկարան պետք է գիտակցի, թե ինչի կարող է հանգեցնել կոնֆլիկտի սրացումը»,-«Իզվեստիա» պարբերականին է ասել Օբուխովը:
Իր գործընկերների նախաձեռնությանն աջակցում է նաև «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Օլեգ Պախոլկովը:
«Թուրքերին պետք է դաստիարակել, ոչինչ հավերժ չէ լուսնի տակ: Եվ եթե այսօր դուք կրկին դավաճանական դիրք եք գրավում, ապա բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի չեղարկման հարցը նորմալ միջոց է: Եվ այս հարցում մեզ կաջակցի Հայաստանը»,-ասել է Պախոլկովը:
Պարբերականը նշում է, որ համաձայնագրի համաձայն՝ նախկին Կարսի մարզն ու նախկին Բաթումիի մարզի հարավային հատվածը, ինչպես նաև Սուրմալուի գավառը Արարատ լեռան հետ անցան Թուրքիային:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին Թուրքիայի կողմից Սու-24-ի կործանումից հետո:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան