ՀՀԿ-Ն ՆԵՐՈՒՄ Է ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ի երեկոյան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձեւաչափը:

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ:

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, մեր տեղեկություններով՝ փետրվարի 1-ի երեկոյան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում վերջնականապես քննարկվել է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցը: Արդյո՞ք նման հանդիպում տեղի է ունեցել:
-Մենք պարբերաբար հանդիպում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ:
-Այսինքն՝ Դուք հաստատում եք հանդիպման փաստը:
-Ես երեկ մեր դաշնակցական գործընկերների հետ հանդիպել եմ:
-Իսկ հանդիպման ընթացքում ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Տարբեր քաղաքական թեմաներ ենք քննարկել:
-Արդյո՞ք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հարցն այդ թեմաներից գլխավորը չի եղել:
-Կոալիցիայի մասով քննարկումները շարունակվում են եւ երբ կավարտվեն քննարկումները, ամեն ինչ պարզ կլինի: Մենք ձեզ կտեղեկացնենք, սպասեք:
-Պարո՛ն Շարմազանով, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի վերջին հարցազրույցից հետո, որտեղ նա ՀՀԿ-ի հետ համագործակցությունը համարել էր վարկանիշի անկում, արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստ է կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ:
-Հանրապետականը որեւէ մեկի առջեւ դռներ չի փակել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, ո՛չ ապագայում: Ամեն ինչ պետք է արվի ծրագրային հիմքի վրա, ամեն ինչ պետք է արվի գաղափարական հիմքի վրա, ինչպիսի ընթացք կստանա… միգուցե շատ բան գիտեմ, բայց քանի դեռ քննարկումները վերջնական չենք ավարտել, կոռեկտ չի լինի՝ ես հիմա նստեմ եւ գնահատական տամ, որովհետեւ ամեն ինչ համաձայնեցված չի, եւ վերջնական որոշում չկա:
-Իսկ Ռուստամյանի հայտարարությունը չի՞ խոչընդոտի համագործակցությանը, չի՞ տանի դեպի տապալում:
-Դուք իմ պատասխանից հասկացաք, որ դեպի տապալում էի տանո՞ւմ: Ես տանում էի դեպի համագործակցություն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
-Պարո՛ն Բաղդասարյան, ի վերջո, երբ է հստակեցվելու` արդյո՞ք ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ լինելու է նոր կոալիցիոն համագործակցություն, թե ոչ: Այդ հարցն անվերջ ձգձգվում է, եւ այս ընթացքում արդեն իսկ հնչում են ոչ միանշանակ հայտարարություններ:
-Դեռ վերջնական պայմանավորվածություն չկա, քննարկման փուլում է:
-Մեր տեղեկություններով` փետրվարի 1-ի երեկոյան ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում է տեղի ունեցել: Ի՞նչ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից:
-Ես հանդիպումից տեղյակ չեմ:
-Պարո՛ն Բաղդասարյան, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իշխանությանն անվանեց հեղինակազրկված: ՀՀԿ-ն պատրաստ է նման հայտարարությունից հետո համագործակցել ՀՅԴ-ի հետ:
-Դա տարբեր ձեւերով կարելի է մեկնաբանել: Ես չեմ կարծում, որ հեղինակազրկված իշխանության հետ կցանկանան գործընկերություն անել: Այո՛, կան խնդիրներ, բայց, համենայնդեպս, այսօր ՀՀԿ-ն ամենահեղինակավոր կուսակցությունն է: Մենք կարիք չունենք, որ այլ քաղաքական ուժերը փորձեն մեր հեղինակությունը բարձրացնել:
-Իսկ Ռուստամյանի հայտարարությունը չի՞ խոչընդոտի կոալիցիայի ձեւավորմանը:
-Մենք հիշաչար չենք:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
-Պարո՛ն Մելիքյան, մեր տեղեկություններով՝ փետրվարի 1-ին հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Դուք տեղյա՞կ եք այդ հանդիպումից:
-Համագործակցության առումով հանդիպումներ անընդհատ լինում են, լինելու են եւ կլինեն:
-Իսկ ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում, արդյո՞ք հստակեցվել է ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի կազմավորման հարցը:
-Իհարկե, կլինեն համագործակցության ձեւեր, տարբեր ձեւաչափեր: Այդ ամեն ինչը կախված է բանակցությունների ընթացքից:
-Պարո՛ն Մելիքյան, Արմեն Ռուստամյանը ՀՀԿ-ի հետ համագործակցելը վարկանիշի անկում համարեց: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում Ռուստամյանի այս հայտարարությունը:
-Որեւէ քաղաքական ուժ, որեւէ քաղաքական գործիչ չի կարող իրեն վերագրել մի իրավունք, որ ունի միայն ժողովուրդը: Ժողովուրդն է, որ տալիս է գնահատականներ ցանկացած ուժի, ցանկացած քաղաքական գործչի իր վերաբերմունքով, իր քվեարկությամբ: Ես կարծում եմ, որ ճիշտ չէ, որ քաղաքական գործիչը իրեն նման իրավունքներ է վերապահում:
-Իսկ Ռուստամյանի հայտարարությունը չի՞ խոչընդոտի կոալիցիայի ձեւավորմանը:
-Կարելի է ցանկացածի հետ համագործակցել, եւ ցանկացած հայտարարություն կարող է նաեւ լինել զղջման պահ, սխալ ընդունելու պահ, այնպես որ, ամեն ինչ հնարավոր է:

 

 

 

ՈՉ ՄԵԿԻ ՊՈՐՏԸ ՉԻ ԿՏՐՎԻ, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ

Երեկ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Ներկայացված փաթեթով պետությունը նպատակային ուսուցմամբ ուսանող ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, խոսելով ներկայացված նախագծի մասին, դրական գնահատեց կառավարության նախաձեռնությունը, քանի որ, ըստ նրա, այն առաջին հերթին ուսանողների համար ապահովելու է սոցիալական երաշխիքներ:
Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ կարեւորելով նախաձեռնությունը՝ նշեց որ, չնայած սահմանամերձ գյուղերում որակյալ մասնագետների կարիք կա, սակայն այս նախագծերով փաթեթային լուծում չի տրվում առկա համալիր խնդիրներին:
Վերջինս մտահոգություն հայտնեց բուհերում նպատակային ընդունելության համար հատկացված պետպատվերի տեղերը ոչ թե լավագույն առաջադիմություն ունեցողներով, այլ կիսագրագետներով համալրելու առնչությամբ: «Հեռավոր մի գյուղում ֆիզկուլտուրայի դասատուն, որը անգլերենից գիտի ընդամենը չորս տառ, կամ միայն «hello» բառը, կարող է դասավանդել անգլերեն: Կամ, ասենք, ռազմագիտության դասատուն, որ օրվա մեջ մի անգամ եկեղեցու կողքով անցել է, մի անգամ մոմ է վառել, եկեղեցու պատմություն է դասավանդում: Ես ուզում եմ, որ օրենքը չմնա մեռելածին, այլ սկսի գործել: Եթե բուհերը պետպատվեր հատկացնում են լավագույն առաջադիմություն ունեցող ուսանողներին, այսօր մտավախություն ունեմ, որ այդ տեղերը լրացվելու են պատահական կիսագրագետներով»,-նշեց Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, նախքան հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանին ամբիոնի մոտ կանչելը, ասաց. «Ես ողջունում եմ Արմեն Աշոտյանի եւ կառավարության այս նախաձեռնությունը եւ իմ գործընկերներին կխնդրեմ միանգամից վատատեսական նոտաներով հանդես չգալ: Որտեղի՞ց է այդ մտահոգությունը, թե կիսատ-պռատ մասնագետներ են դառնալու: Ոչ մեկի պորտը չի կտրվի, որ Երեւանում չի աշխատելու»:
Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ չնայած ՀՀ բուհական համակարգում կան թերություններ, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ վերջին տարիների ընթացքում շատ բուհեր բարձրացրել են նաեւ իրենց պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտելիքների մակարդակը:
Նախագծի քվեարկությունը կայանալու է այսօր:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

ԱՆՀԱՅՏ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ
ՀՀ կառավարությունը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է համաձայնություն տալ Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված դրամաշնորհի համաձայնագրին: Հրապարակված փաստաթղթերից պարզվում է, որ աջակցությունը տրամադրում է Ճապոնիայի կառավարությունը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության համար որոշակի գույք ձեռքբերելու նպատակով: Ի դեպ, գույքը եւ ծառայությունները, որոնք կարող են այս դրամաշնորհի շրջանակներում ձեռք բերվել, պետք է լինեն ճապոնական: Ուշագրավ է սակայն այն, որ ճապոնական իենով տրամադրվելիք դրամաշնորհի չափը գաղտնի է պահվում: Ամեն դեպքում, երեկվա դրությամբ հրապարակված փաստաթղթերում բացակայում է դրամաշնորհի չափի մասին որեւէ հիշատակում:

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՎԱԶՄԱՆՊԱՏՃԱՌՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հունվար, դեկտեմբեր ամիսներին 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած Հայաստանում նվազել է օղու, գարեջրի եւ կոնյակի արտադրության ծավալները: Ըստ ԱՎԾ-ի՝ մասնավորապես գինու արտադրության ծավալները նվազել են 4, կոնյակինը՝ 9.4, օղունը՝ 1.6, գարեջրինը՝ 12.8 տոկոսներով: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում արտադրվող ալկոհոլային խմիչքների մի զգալի մասն արտահանվում էր Ռուսաստան: Սակայն անցած տարվա սկզբից հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան կտրուկ նվազեց: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ եւ փոխարժեքի պարբերաբար տատանումներով: Բանն այն է, որ Հայաստանի արտադրողները խուսափում են Ռուսաստան ապրանք արտահանելուց, քանի որ գործարքները կնքվում են ռուբլով, եւ հաճախակի, մինչեւ տեղի է ունենում գումարի վճարում, ռուբլու արժեզրկման պատճառով արտահանված ապրանքը կտրուկ «էժանանում» է, ու արտադրողը մեծ վնասներ է կրում: Արդյունքում, Հայաստանի արտադրողները խուսափում են ՌԴ ապրանք արտահանել, ինչի արդյունքում նրանց արտադրության ծավալները գնալով նվազում են:

 

ՊԱԼԱՉԻ Հ/Ը-Ն ՍՆԱՆԿԱՑԱՎ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ի վճռով ««Աբովյան» հեռուստախմբագրություն» ՍՊԸ-ն, որը գտնվում է Աբովյանում, սնանկ է ճանաչվել: Իսկ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գեւորգ Ավագյանը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է այս տարվա ապրիլի 4-ին: Հիշեցնենք, որ այս հեռուստաընկերությունը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Քինգ դե Լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանին՝ Պալաչին: Ի դեպ, հեռուստաընկերությունից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն:




Լրահոս