Հայաստանի՝ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտների բաշխվածությունը նախորդ` 2014 թվականի համեմատ ուշագրավ բացասական փոփոխություն է կրել:
Բանն այն է, որ 2014 թվականի եկամուտներից հարկեր եւ տուրքերին բաժին էր հասել տվյալ տարվա եկամուտների 93,6 տոկոսը, իսկ 2015-ին այդ ցուցանիշը դարձել է 93,1 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս 0,5 տոկոսի անկումն այդքան էլ մեծ նշանակություն չի կարող ունենալ, սակայն իրականում այդ «չնչին» տոկոսը գումարային արտահայտությամբ կազմում է շուրջ 70 միլիարդ դրամ: Ստացվում է՝ պետության եկամուտները պակասել են, բայց ծախսերը դրանից փոփոխություն չեն կրել: Ինչը ուղղակի ենթադրում է, որ Հայաստանը 2015-ին ավելի է աղքատացել, քան 2014-ին եղել է:
Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, թե յուրաքանչյուր հարկատեսակով պետբյուջե ստացված եկամուտների տեսակարար կշիռն ինչ փոփոխություն է կրել: Փաստորեն, շուրջ քսան հարկատեսակներից եւ տուրքերից աճ է արձանագրվել միայն մաքսատուրքերի եւ եկամտային հարկի դեպքում: Մնացած բոլոր հարկատեսակների տեսակարար կշիռը պետբյուջեի եկամուտների կազմում զգալի նվազել է: Ասել կուզի, որ 2015-ին այդ հարկատեսակներից եւ տուրքերից սպասվածից ավելի քիչ է հավաքագրվել: Ի դեպ, մաքսատուրքերի աճը պայմանավորված է Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հանգամանքով: Այսինքն՝ այդ գործոնը Հայաստանի տնտեսական վիճակի եւ տնտեսությունում տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված չէ: Պարզապես ԵՏՄ անդամ երկրների մաքսատուրքերը մեկ ընդհանուր հաշվում են հավաքվում, այնուհետեւ այդտեղից Հայաստանին փոխանցվում է ընդհանուր գումարի 1,13 տոկոսը: Իսկ քանի որ այդ 1 տոկոսը Հայաստանում նախկինում հավաքագրված մաքսատուրքից ավել է կազմել, արդյունքում աճ է արձանագրվել: Իսկ ինչ վերաբերում է եկամտային հարկին, ապա այս դեպքում էլ աճը պայմանավորված է կուտակային պարտադիր վճարների ներդրմամբ պայմանավորված պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ, որը տեղի ունեցավ 2014 թվականի վերջին:
Իսկ մնացած բոլոր հարկատեսակները, որոնց աճը կամ նվազումը պայմանավորված է Հայաստանի տնտեսական վիճակով, փաստացի նվազել է: Ասել կուզի՝ Հայաստանի տնտեսությունը 2015-ին 2014-ի համեմատ անկում է ապրել: Այս պատկերին ականատես ենք դառնում՝ ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների: Սակայն կասկած չունենք, որ պաշտոնական վիճակագիրները կփորձեն այդ փաստը համառորեն քողարկելով` Հայաստանի հանրությանը համոզել, թե իբր անցած տարի մեզ մոտ տնտեսական աճ է գրանցվել: Հարկ է նկատել, որ ընթացիկ 2016 թվականի հետ կապված էլ առանձնապես մեծ սպասելիքներ չկան: Նույնիսկ պետական պաշտոնյաներն են ընդունում, որ այս տարին բարդ է լինելու:
Տնտեսության ծանր կացության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ համատարած եւ չդադարող արտագաղթի պայմաններում գործազրկությունը շարունակում է աճել: Այսպես, Հայաստանի գործազուրկների միջին պաշտոնական թիվը կազմում է 250 հազար մարդ: Տարեկան Հայաստանից արտագաղթում է 40-ից 50 հազար մարդ: Վերջիններս գործազուրկներ կամ էլ Հայաստանում աշխատանք ունեցողներ են, որոնք արտերկրում ավելի լավ աշխատանք են փնտրում: Այսինքն՝ արտագաղթի արդյունքում, եթե տնտեսական վիճակը գոնե պահպանվի, ապա ամեն դեպքում գործազուրկների թիվը պետք է նվազի: Սակայն նման երեւույթի մենք ականատես չենք լինում նույնիսկ պաշտոնական տվյալներով: Պաշտոնական վիճակագրությունը 2015-ի ընդհանուր գործազրկության ամփոփ մակարդակը դեռ չի հրապարակել, սակայն արդեն իսկ հայտնի է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2014-ի համեմատ աճել է 18 տոկոսով: Սա ուղղակի փաստում է, որ անցած տարվա ընթացքում աշխատատեղերի թվերը կրճատվել են: Իսկ ինչպես հայտնի է՝ տնտեսական աճի պայմաններում նման բան հնարավոր չէ:
Հատկապես վերջին մեկ-երկու տարիներին նաեւ իշխանության մեջ գտնվող գործիչները պարբերաբար կրկնում են, թե իշխանությունները ինչ կարող են, անում են, եւ իրենք չգիտեն այլեւս ինչ անել՝ տնտեսության վիճակը շտկելու համար, եւ որ առկա կացության մեղավորը աշխարհաքաղաքական իրադարձություններն են: Բայց ողջ խնդիրն այն է, որ առկա աշխարհաքաղաքական իրադարձությունները շարունակվելու են, եւ մոտ ապագայում իրավիճակն այս տեսանկյունից չի փոխվի: Բայց Հայաստանի գործող իշխանությունների փոփոխությունը էապես կարող է նպաստել երկրի տնտեսության զարգացմանը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՆԱՄԱԿ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ
Մինչ ԱԺ-ում քննարկում են, թե ինչպես պետք է խորհրդարանը նոր Մարդու իրավունքների պաշտպան ընտրի, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դառնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընդդիմադիր գործիչներից մի քանիսը նամակներ են ուղարկել Հայաստանում եվրոպական կառույցների ղեկավարներին, որոնցում իրենց տեսակետն են հայտնել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասով: Մասնավորապես նշել են, թե չի բացառվում, որ Անդրեասյանի հրաժարականը կապված է Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսայի հետ ունեցած տարաձայնություններով: Սակայն եղել են նաեւ վարկածներ, ըստ որոնց՝ իբր Կարեն Անդրեասյանի հրաժարականը պայմանավորված է եղել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով: Որքան էլ տարօրինակ է՝ եղել են մարդիկ, որոնք չեն բացառում, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել, քանի որ չի ցանկացել հանրաքվեի մասին, որպես մարդու իրավունքների պաշտպան, դրական տեսակետ հայտնել: Սա այն դեպքում, երբ Անդրեասյանն իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում մարդու իրավունքներին վերաբերող հարցերով երբեւէ իշխանությունների հետ հակասության մեջ չի մտել:
ԿԱՆՉԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին նախօրեին կանչել են Բաղրամյան 26: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը նրան իր մոտ է կանչել ճանապարհային ոստիկանությունում արձանագրված խնդիրների առնչությամբ, որոնց տարեկան կոլեգիայի նիստում անդրադարձել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ինչեւէ, փորձեցինք ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Արմեն Հակոբյանից պարզել, թե ինչո՞ւ են իրեն հրավիրել նախագահական նստավայր, սակայն ի պատասխան մեր հարցադրման՝ նա հայտարարեց, թե իրեն Բաղրամյան 26 չեն կանչել:
ԱՆՑՈՒՄ ՊԼԱՆ «Բ»-ԻՆ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկում են ջրից» զեկույցին, ասաց, որ հայկական պատվիրակության անդամները ընդունված զեկույցի առնչությամբ հատուկ ռազմավարություն կկիրառեն: «Մեզ հաջողվեց ամենավտանգավոր զեկույցը, որը ծայրից ծայր քաղաքական ավանտյուրա էր, տապալել, բայց, ցավոք սրտի, երկրորդ զեկույցը, որը ավելի շատ հումանիտար խնդիրների էր անդրադառնում, մի քանի ձայնի տարբերությամբ անցավ: Այստեղ մեր աշխատելիքն ունենք, գիտենք՝ ինչ ենք անելու, ռազմավարություն ունենք մշակած` Սարսանգի հետ կապված, որն այս պահին նպատակահարմար չեմ գտնում հրապարակել»,- ասաց Զոհրաբյանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
6000 ՀՈԳՈՎ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի հիմնադիրներից են Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը, երեկվանից սկսել է վստահված անձանց գրանցումը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների համար:
Կուսակցությունը մտադիր է երեքական ներկայացուցիչ ունենալ հայաստանյան բոլոր՝ շուրջ 2000 տեղամասերում: «Մեր եւ ուրիշների փորձը ցույց է տվել, որ եթե ընտրատեղամասում կա վստահելի անձ՝ իր իրավունքները իմացող եւ անկաշառ, ապա շատ դժվար է ընտրատեղամասում կեղծիքներ անել։ Իսկ եթե լինի երեք հոգի, ապա այդ դեպքում գրեթե անհնար է կեղծել ընտրությունների արդյունքները»,- երեկ ասել է կուսակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը:
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՆՈՐՀԻՎ
«Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ոչ հայանպաստ բանաձեւի ընդունումը հայկական դիվանագիտության համար մեկ քայլ նահանջ էր, ձախողում էր եւ ոչ հաղթանակ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները»,- երեկ կարծիք է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Ինչ վերաբերում է Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի տապալմանը, Զուրաբյանի գնահատմամբ` դա ոչ թե հայկական պատվիրակության ջանքերի արդյունքն էր, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի։
ՀԱՆԴԻՊԵԼ Է
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախօրեին հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Նա ներկայացրել է անցած հանրաքվեն եւ մատնանշել է, որ «այն ամբողջությամբ կեղծվել է, այսինքն՝ արժանացել է նույն ճակատագրին, ինչ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունները եւ հանրաքվեները»:
Քննարկվել է նոր ընտրական օրենսգրքի այնպիսի դրույթների ամրագրումը, որոնք թույլ կտան լուծել ընտրությունների օրինականության, վստահելիության, թափանցիկության հիմնախնդիրը: Զուրաբյանը նշել է, որ այդ խնդրի համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական եւ քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբումը:
ԿԽՈՐԱՑՆԵՆ
Հայաստանը պատրաստ է շարունակել եւ խորացնել ԵՄ հետ համագործակցությունը: Երեկ իր ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք հայտարարեցինք Եվրամիության հետ բանակցությունները մեկնարկելու մասին, ինչից հետո կայացավ բանակցությունների առաջին փուլը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ այս տարվա վերջ հետագա փուլերի ժամանակացույցի վերաբերյալ: Նախապատրաստվում են նոր բարձրաստիճան այցելություններ, որոնք կլինեն թե՛ Հայաստան, թե՛ Բրյուսել: Դրանց արդյունքում կարող ենք նոր պայմանավորվածություններ ձեռք բերել եւ մեր հարաբերություններն առաջ մղել տարբեր ուղղություններով»,¬ ասել է Նալբանդյանը: