«ՄԵՆՔ ՊՐՈՄԽՆԵՐ ՏՎՈՂ ՄԱՐԴԻԿ ՉԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը վստահեցրեց, որ չի անհետացել, եւ իրեն փնտրել հարկավոր չէ. «Ի սեր Աստծո, Ուզունյանը միշտ իր տեղում է»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը եւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը անհետացել են: Բանն այն է, որ վերջիններիս անհետացումը կապված է մի քրեական գործի հետ. «Ասում են, թե ինչ-որ քրեական գործով Սամվել Ուզունյանն ու Տիգրան Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական: Արդյունքում, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի, գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով:
Եվ այսպես, ինչ վրիպում են ցույց տվել դատարանի նախագահները, որ անհետացել են: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Ավան եւ Նոր Նորք վարաչկան շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անհետացած նախագահ Սամվել Ուզունյանի հետ:
-Պարո՛ն Ուզունյան, անհետացե՞լ եք, լուրջ խնդիրնե՞ր ունեք: Լուրեր կան, որ արձակուրդի դիմում եք գրել: Ի՞նչ խնդիրներ ունեք:
-Հա, ինչ է պատահել, տեսնում եք՝ ինչքանով եմ անհետացել, 20 տարվա մեջ համարձակվել եմ երրորդ անգամ արձակուրդ գնալ: 2008 թվականին երկու շաբաթով գնացի արձակուրդ, ուրեմն անցյալ տարի մեկ շաբաթով, իսկ, ահա, այս տարի բուժման նպատակով դուրս եմ գալիս, ինձ խաբար են անում, թե ինձ համակարգն է փնտրում: Ի սեր Աստծո, Ուզունյանին փնտրել պետք չէ, Ուզունյանը իր տեղում է:
-Տեղեկություններ կան՝ քրեական գործ է եղել, Դուք, ըստ երեւույթին, գործը ճիշտ ճանապարհով չեք տարել կամ համապատասխան մարդկանց սրտով որոշում չեք կայացրել, ու Ձեզ ցուցում են տվել աշխատանքից ազատման դիմում գրել:
-Բացարձակ մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածել:
-Ասում են՝ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդու` Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ Ձեր հարաբերությունները շատ լարված են: Ի՞նչ խնդիր ունեք նրա հետ:
-Մենք պրոբլեմ չունենք, եւ, առհասարակ, ես ոչ մի դատավորի հետ պրոբլեմ չունեմ, եւ դեռ ավելին՝ ես պրոբլեմ չունեցող մարդ եմ, եւ մեր հարաբերությունները շատ նորմալ են:
-Միգուցե լավ հարաբերություններ ունեք, բայց տեղեկություններ կան, որ հենց Դավիթ Հարությունյանն է համապատասխան մարդանց տեղյակ պահել, թե Դուք քրեական գործով ինչ քայլեր եք արել, ու դա էլ դարձել է Ձեր հեռանալու պատճառը:
-Նման տվյալներ չունեմ:
-Չե՞ք վախենում պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդու` Դավիթ Հարությունյանի դեմ դուրս գալ՝ Ձեր իրավունքները պաշտպանելով:
-Ընդհանրապես վախկոտ մարդ չեմ: Կարծում եմ՝ իմ վախը չափվել է, ու արդեն վաղուց վախը չափված մարդ եմ:
-Փորձը ցույց է տվել, որ համակարգից երբ հեռանում են, հետագայում հայտնվում են ճաղերի հետեւում, վստա՞հ եք, որ Ձեզ նման վտանգ չի սպառնում:
-Պատասխանատվության չեմ ենթարկվելու, պատասխանատվություն ենթարկվում է այն մարդը, որ սխալ է արել, ես սխալ չեմ արել, հանգիստ եղե՛ք: Կրկնում եմ՝ 20 տարվա մեջ թույլ եմ տվել առողջականի համար արձակուրդ գնալ եւ հիմա էլ ստիպված հետ եմ եկել ու աշխատում եմ:
-Այսինքն՝ Ձեր աշխատանքին եք վերադարձել ու հեռանալու միտք չունե՞ք:
-Այո՛, երկուշաբթի օրվանից ես իմ գործի վրա աշխատում եմ, այնպես որ, հանգիստ եղե՛ք:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը քննող դատավորն է եղել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԳՈՐԾԸ
Զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու գործը շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո ուղարկվեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք՝ անցած տարի Թալինի զինկոմիսար մայոր Տիգրան Հայրապետյանը կալանավորվել էր: Նա մեղադրվում էր ՀՀ ՔՕ 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կաշառքի միջնորդությունը պաշտոնեական դրությունն օգտագործելով), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք պահելը) հատկանիշներով: Երկրորդ մեղադրյալը Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանն է, ում նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 375 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը):
Տեղեկացնենք, որ կալանավորվել է նաեւ սրտաբանության ԳՀԻ առիթմիալոգիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանը, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Եվ, ահա, շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո գործը ուղարկվեց դատարան, եւ ինչպես նկատում ենք՝ Թալինի զինկոմիսար մայոր Տիգրան Հայրապետյանը այս պատմությունից չոր է դուրս եկել, քանի որ ՀՀ զինվորական դատախազությունը միայն Սվետլանա Գրիգորյանի եւ Սպարտակ Բաղդասարյանի մասով է գործը ուղարկել Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Սվետլանա Գրիգորյանը մեղադրվում է այն բանի համար, որ կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ, Սպարտակ Բաղդասարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա դրդել է Սվետլանա Գրիգորյանին զորակոչիկ Սարգիս Սարգսյանի վերաբերյալ կազմել իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթուղթ: Ինչպես նկատում ենք՝ հերթական անգամ «մանր ձկները» հայտնվեցին ամբաստանյալի աթոռին:

 

ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ֆեդերացիան 2016 թվականի հունվարի 21-ին տուգանվել է 50.000 դրամի չափով: Պարզվում է, որ ֆեդերացիան անցած տարի ՀՀ է ներմուծել գնդակներ եւ այն ժամանակավոր պահպանման համար տրամադրել է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, սակայն, ինչպես տեղեկանում ենք, ժամանակավոր պահպանման ժամկետը ավարտվել է, իսկ, ահա, նոր պայմանագիր կնքելու համար ֆեդերացիայի տնօրեն Արսեն Հակոբյանը մաքսային մարմին չի դիմել` այդպես խախտելով մաքսային կանոնները: Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարությունը ընդամենը գնդակների պահպանման ժամկետի համար տուգանել է ընկերությանը:

 
ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ
Փետրվարի 1-ին, լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային («AK» ինքնաձիգերից, «ՊՔՍ» գնդացիրներից, «րՉՊ» եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից), հրետանային (60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից («ՀԱՆ-17») հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի»,- փոխանցում է ԼՂՀ ՊՆ-ն:

 

ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է
«Զինված հանցախմբի» գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննությունն իրականացնող մարմնին` իր պաշտպանյալին վիրահատական օգնություն ցուցաբերելու հարցով: Այս մասին ArmLur.am-ին հայտնել է պաշտպանը՝ հավելելով, որ Վահան Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ վիճակը գնալով բարդանում է: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Վ. Շիրխանյանը սրտի կաթված է տարել, ինչպես նաեւ հետվիրահատական խնդիրներ է ունեցել մինչ ձերբակալությունը: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին:

 

ԿԱՐԳԸ ՈՐՈՇԵՑԻՆ
89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երեկ Ազգային ժողովը հաստատել է ՄԻՊ ընտրության կարգը:
Ըստ այդմ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու խորհրդարանին ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ որոշման նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ նշելով, որ միակ գրավոր առաջարկը, որ ներկայացրել էր պատգամավոր Թեւան Պողոսյանը, չի ընդունվել։

 

ՀԱՅԵԼՈՒՆ ՉՄԵՂԱԴՐԵԼ
ԱԺ-ում հայտարարությունների ժամին պատգամավոր Թեւան Պողոսյանը հանդես է եկել ուշագրավ ելույթով. «Հորդորս շատ կարճ է՝ մի՛ արհամարհեք լրագրողներին ու լրագրողի աշխատանքը: Լրագրողը նման է բժշկի: Մարդուս առողջական խնդիրներն ախտորոշելու, ախտերը բուժելու համար բժիշկը հաճախ ցավ է պատճառում: Դա անհրաժեշտ է, ու արվում է ավելի մեծ ցավը կանխելու, վերացնելու համար։ Լրագրողների հարցերը շատ հաճախ բժշկի ասեղի ծակոցին են նման։ Սակայն համաձայնեք, որ առանց դրանց հնարավոր չէ ախտորոշել հասարակության խնդիրները: Լրագրողն էլ իր հակասություններով լի աշխատանքային գործունեության մեջ չի կարող բավարարել յուրաքանչյուրին, այլ կոչված է պաշտպանել թույլին ուժեղից, շատերին մեկ-երկուսից։ Լրագրողը մեր հասարակության բարոյականության հայելին է ու հավաքարարը։ Ու ամեն անգամ հայելուց մեզ նայող ծուռ պատկերի մեջ հայելուն մեղադրելուց առաջ հիշենք, որ պատկերը մերն է, հայելունը չի»,- նշել է պատգամավորը։

 

ՀԵՐՔԵԼ Է
Փետրվարի 2-ին պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հերքել է վրացական «Դելտա» ռազմարդյունաբերական ձեռնարկության՝ Ադրբեջանին ականանետներ եւ նռնականետներ վաճառելու մասին լուրը։ Razm.info-ի հարցին ի պատասխան` Խիդաշելին պատասխանել է. «Որքան ես եմ քաջատեղյակ, դա սխալ տեղեկատվություն է: Ես երեկ եւս մեկ անգամ ճշտեցի, եւ հաստատվեց, որ տվյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», – վստահեցրել է նախարարը։




Լրահոս