Սիրելի՛ ընթերցողներ, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծման օրվանից մի ավանդույթ հիմնադրեց, որ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակներում տարաբնույթ գնահատականների է արժանացնում հասարակական, քաղաքական, մշակութային մի շարք գործիչների՝ հաշվի առնելով տարիների ընթացքում դրսեւորած նրանց վարքը: Ընդ որում, մենք դիտարկում ենք նրանց պահվածքը ոչ միայն իրենց գործունեության շրջանակներում, այլեւ մեր՝ լրատվամիջոցների հետ հարաբերությունները հաշվի առնելով:
Այս տարեդարձը եւս բացառություն չէր, եւ այժմ կհրապարակենք մի քանի անուններ, որոնց պահվածքն ու իրականացրած քայլերը չեն վրիպել մեր ուշադրությունից եւ «Ժողովուրդ» օրաթերթի 5-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակներում արժանացել են շնորհագրերի:
ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
2015 թվականը սկսվեց դաժան մի իրողությամբ. հենց տարեսկզբին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը գազանաբար սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամներին, ինչից հետո Հայաստանի երկրորդ քաղաքը պոռթկաց: Հավաքված քաղաքացիների զայրույթը գրեթե անվերահսկելի իրավիճակ էր ստեղծում, եւ, ահա, այդ վճռական պահին գյումրեցիների կողքին կանգնեցին մարդիկ, որոնց խոսքը արժեք ունեցավ գյումրեցիների համար, եւ իրավիճակը վերահսկելի դարձավ: Խոսքը Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մասին է: Համաձայնեք՝ այդ պահին հնարավոր էր ամենաանկանխատեսելին:
Շնորհագիր տրվեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին՝ որպես օրինակելի ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ, որն իր հոտին միայնակ չթողեց ճակատագրական պահին: Մաղթում ենք նրան, որ այլեւս նման ալեկոծությունները հանդարտեցնելու առիթ չունենա, այլ միայն ընտանեկան աղոթք կարդա ու մկրտի նորածիններին:
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայաստանի Կառավարության գրեթե բոլոր անդամները ամեն հինգշաբթի գումարվող գործադիրի նիստերի ավարտից հետո գերադասում են փախչել շենքի հետնամուտքով, որպեսզի հավաքված քաղաքացիներին չհանդիպեն, չզրուցեն ու, ամենակարեւորը, քննադատության չարժանանան: Մենք նկատել ենք, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այն եզակի նախարարներից է, որը մշտապես Կառավարության գլխավոր մուտքից է դուրս գալիս, պարտադիր զրուցում մոտեցած բոլոր բնակիչների հետ, ճիշտ է՝ հաճախ իրեն չառնչվող հարցերի շուրջ եւ անարդյունք, բայց գլխավորն այն է, որ չի փախչում ու չի խուսափում շարքային քաղաքացիների հետ շփումից:
Շնորհագիր տրվեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ քաղաքացիների հետ անմիջական շփումից չխուսափելու համար: Մաղթում ենք, որ նա այլեւս ստիպված չլինի լսելու քննադատություններ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Համացանցի ստեղծած հնարավորությունները խոսելու, արտահայտվելու, քննադատելու առիթ են տալիս յուրաքանչյուրիս: Նույնիսկ տան առօրյա բարկությունն է հաճախ համացանցում հրապարակվում ու քննարկվում: Եւ այլեւս դժվար է որեւէ խոսք ասելու միջոցով աչքի ընկնել, լսելի դառնալ: Այժմ թեւակոխել ենք այնպիսի փուլ, որ անհրաժեշտ է սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվության զգացում ունենալ: Խոսքի ազատությունը անկանոն բառերի շարան չէ, այլ առաջին հերթին փաստերի շարադրանք, ինչն իր ելույթներում մշտապես կիրառում է մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը:
Շնորհագիր տրվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ որպես ԱԿՏԻՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ: Մաղթում ենք, որ մշտապես լինի ամենասպասված ելույթների հեղինակը:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
2015 թվականի ընթացքում ՀՀ կառավարության այս ներկայացուցիչն աչքի ընկավ աննախադեպ ակտիվությամբ. կուսակցության ծանր հրետանու գործառույթը ստանձնելով՝ քաղաքական հայտարարություններ արեց, հասարակության քննադատությունների սլաքն իր վրա ուղղեց, իսկ աշնան էլ մտավ մեր՝ լրագրության դաշտ՝ արդեն հաղորդավարի կարգավիճակով: Ինչպես նկատեցիք, նա զբաղվում է ամեն ինչով՝ թերեւս բացի իր հիմնական գործառույթներից, քանի որ մարդը նաեւ հոգնելու հատկություն ունի:
Շնորհագիր տրվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ որպես տարվա ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԳՈՐԾՉԻ: Մաղթում ենք նրան, որ նույն ակտիվությունը 2016-ին դրսեւորի կրթության ոլորտի բարեփոխումների հարցում:
ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը թեեւ բազմիցս քննադատության է ենթարկվել ինչպես գործող իշխանության, այնպես էլ ընդդիմադիրների կողմից, այնուամենայնիվ, շարունակում է մնալ հայաստանյան քաղաքական դաշտի սիմվոլներից մեկը: Անցած տարի լրացավ ՀՅԴ-ի 125-ամյակը:
Շնորհագիր տրվեց նաեւ «Հայ հեղափոխական դաշնակցության» բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին՝ որպես Հայաստանի քաղաքական ամենահին սիմվոլներից մեկի փաստացի ղեկավարի: Մաղթում ենք, որ ՀՅԴ-ն երբեք իր սկզբունքներից հետ կանգնելու անհրաժեշտություն չունենա:
ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Մեր դիտարկմամբ օրինակելի պաշտոնյա է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա լրագրողների հետ աշխատում է բաց, թափանցիկ, ադեկվատ եւ երբեք չի խուսափում որեւէ հարցադրումից, նույնիսկ եթե այն ամենեւին էլ իրեն դուրեկան չէ: Բաբայանը ռեալ պատկերացնում է՝ ինչպես աշխատել ինֆորմացիայի հետ:
Շնորհագիր տրվեց Դավիթ Բաբայանին՝ ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի եւ արդյունավետ համագործակցության համար:
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իրականացված միջոցառումներն իրենց մասշտաբներով ու կազմակերպվածությամբ աննախադեպ էին եւ տպավորիչ. Հռոմի պապի մատուցած պատարագից մինչեւ մի շարք երկրների ղեկավարների այցը Ծիծեռնակաբերդ, յուրաքանչյուր հայի մոտ հպարտության զգացողություն առաջացրին` ամրապնդելով վստահությունը, որ մենք միայնակ չենք մեր ցավի եւ արդարության հասնելու պայքարի մեջ:
Շնորհագիր տրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու համար:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Լրատվական դաշտի գունեղ ներկապնակում դժվարացել է նաեւ հասարակական քաղաքական գործիչների հետ շփումը, քանի որ այսօր մի տեսակ փոխվել է լրագրող հասկացության իմաստը եւ վերաբերմունքը մեր նկատմամբ: Ցավոք, լրագրողների անունից հանդես եկող շատ ոչ պրոֆեսիոնալների գործունեության շնորհիվ հաճախ լրագրողներին չեն վստահում: Այս գործիչը, ում տրվում է հաջորդ շնորհագիրը, շարունակում է աշխատել նույնպիսի բաց ու թափանցիկ ոճով, ինչպես 5 տարի առաջ, երբ մենք դեռ նորածին էինք:
«Ժողովուրդ» օրաթերթի կողմից տրված ԱՄԵՆԱՀԱՍԱՆԵԼԻ ԳՈՐԾԻՉ տիտղոսը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պահպանել է 5 տարի շարունակ: Մաղթում ենք Ձեզ, որ երբեք հեռախոսն անջատելու առիթ չունենաք:
ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հատկապես իշխանական դաշտի հետ առնչություն ունեցող ԱԺ պատգամավորները սովորաբար խմբված մարդկանցից վախենում են: «Բողոքի ակցիա, հանրահավաք» բառերը հաճախ պատգամավորների մոտ իշխանափոխության հետ են նույնացվում՝ դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով: Ու այս առումով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը թերեւս բացառություն էր: Նա անցած՝ 2015 թվականի հունիսին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում կազմակերպված շուրջօրյա նստացույցերին ամեն օր մասնակցում էր, գիշերում երիտասարդների հետ, բայց չէր խոսում, չէր գովազդում ինքն իրեն: Նրա սկզբունքայնությունը դրսեւորվեց նաեւ ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկության ժամանակ, երբ հայտարարեց, որ իր դիրքորոշումը ոչ է, ու շարունակեց պահպանել այն՝ ի տարբերություն ԲՀԿ-ական մյուս գործընկերների:
Շնորհագիր տրվեց ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանին՝ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԿԵՑՎԱԾՔԻ ՀԱՄԱՐ: Մաղթում ենք, որ նրա մյուս գործընկերները եւս վարակվեն Խաչատրյանի համեստությամբ ու իրապես լինեն իրենց ընտրողների՝ ՀՀ քաղաքացիների կողքին բոլոր իրավիճակներում:
ՆԻԿՈԼԱՅ ԹՈՐՈՍՅԱՆ
Անցած տարին աննախադեպ էր նաեւ լրագրողների նկատմամբ դրսեւորված բռնությունների ծավալով ու ձեւով. 2015թ. հունիսին Երեւանի Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդ կազմակերպիչները թեեւ ամբողջությամբ չհասան իրենց նպատակին՝ էլեկտրաէներգիայի սակագինը, այնուամենայնիվ, բարձրացավ, սակայն կարեւոր գործ արեցին՝ համախմբելով հասարակության մի ստվար հատվածին դեպի անարդարության դեմ պայքարի շուրջ: Իհարկե, ցանկություն կար նաեւ կազմակերպիչներին որեւէ կերպ գնահատելու, սակայն նրանք գերադասում են ստվերում լինել, ուստի մեզ մնում է միայն անկեղծորեն շնորհակալություն հայտնել նրանց՝ արձանագրելով, որ ոստիկանության կողմից բռնության ենթարկված մեր 13 գործընկերները աչքի ընկան խիզախությամբ ու բարեխղճությամբ:
Շնորհագիր տրվեց Նիկոլայ Թորոսյանին՝ որպես ԲԱՐԵԽԻՂՃ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԻ, որը հաղթահարելով խոչընդոտները՝ 2015-ի հունիսի ակցիան լուսաբանելիս կատարել է իր մասնագիտական պարտքը: Մաղթում ենք նրան խաղաղ, բայց եւ հետաքրքիր ակցիաների լուսաբանում՝ սեփական մաշկի վրա չզգալով բռնության ցավը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ
Հայաստանյան շոու-բիզնեսի դաշտում սովորաբար ապրում են երկրի իրականությունից կտրված, խնդիրներին անտեղյակ, այսպես ասած, աստղային կյանքով: Քիչ են պատահում մարդիկ, որոնք հետեւում են հասարակական իրադարձություններին՝ առավել եւս ճիշտ ժամանակին ադեկվատ կերպով արձագանքելով դրանց: Այս առումով 2015 թվականին հետաքրքիր բացառություն էր երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը, ի պատասխան այդ դաշտին ուղղված քննադատությունների՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառման մասնակցության դիմաց ստացած հոնորարը կրկնապատկեց եւ ուղարկեց սահմանամերձ Բաղանիս գյուղ, որտեղ լուծվեց լուսավորության հարցը:
Շնորհագիր տրվեց երգչուհի Քրիստինե Պեպելյանին՝ որպես օրինակելի քայլի հեղինակի: Մաղթում ենք, որ Բաղանիս համայնքի նման կարիք ունեցողներին օգնելու նրա արարքը վարակիչ դառնա:
ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2015 թվականին երկարատեւ լռությունից հետո իր դռները բացեց 1990 թվականին հիմնադրված եւ հայ էստրադային երաժշտության մեջ նշանակալի ավանդ ունեցած «Արձագանք» ձայնագրման ստուդիան, որը, փաստացի, չէր գործում 2007 թվականից: Ստուդիայի այս հիմնադիրն իր սկզբունքայնությամբ ու պայքարելու ունակությամբ հասավ այդ արդյունքին: Բացի այդ՝ նա անցած տարվա ընթացքում աչքի ընկավ նաեւ հասարակական ակտիվությամբ` մասնակցելով Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիաներին:
Շնորհագիր տրվեց երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանին՝ հայ ժամանակակից երգարվեստում ունեցած ավանդի եւ երիտասարդ կատարողների դարբնոց ստեղծելու համար:
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ
2015 թվականի հուլիսին այս մարզիկը գերմանական Հալե քաղաքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտ ունեցավ եւ նոկաուտի ենթարկեց մրցակցին: Արդեն նոյեմբերին Գերմանիայի Հանովեր քաղաքում նա մենամարտեց բրիտանացի Մարտին Մարեի հետ եւ հաղթանակ տարավ` պաշտպանելով տվյալ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դե, իսկ ամենակարեւոր «նոկաուտը» նա գրանցեց անձնական կյանքում` գաղտնի ամուսնանալուց եւ երկրպագուհիների սրտերը կոտրելուց հետո:
Շնորհագիր տրվեց գերմիջին քաշային բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին` հայի անունը եւ պատիվը աշխարհում բարձր պահելու համար: