ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՎՏԱՆԳՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի վերջին ընտրություններից հետո մեր երկրում թափ է առել զանգվածային արտագաղթը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ լքում են “ապահով Հայաստանը” ապահով ապագա ստեղծելու հեռանկարով: Սակայն սա բնավ չի մտահոգում իրար սպանող, փողերի լվացման հեռահար նպատակով հրապարակ վերանորոգող մեր չինովնիկներին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 5 տարիներին Հայաստանը լքել է շուրջ 260 հազ. հայ: 
ՀԱՐՑ. Ի՞նչ գնահատական կտաք Հայաստանից հայերի զանգվածային արտագաղթին, եւ որո՞նք են այն ծնող հիմնական պատճառները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արտագաղթը հազարամյակներով իրագործվող ծրագրավորված հայասպանության շարունակությունն է… Ծրագրավորված է մեր դարավոր թշնամիների, մեր ժողովրդի գենետիկական մահը ցանկացող մի քանի ազգերի եւ նրանց քաղաքական կամքը կատարող գերտերությունների կողմից: Իսկ իշխանական լծակների մոտ կանգնած պաշտոնյաներն ուղղակի շարունակում են “Հայաստանն առանց հայերի” ծրագրի իրագործումը…
ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ
Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Գնահատանքի փոխարէն պիտի ըսեմ, որ զանգուածային արտագաղթն ուղղակի բացարձակ աւեր է, որ կը կատարուի իշխանութեանց եւ այլ մարմիններու սխալներով ու մեղքերով: Երբ Հայրենիքը կը պարպուի իր մտքերէն եւ տաղանդներէն, երկիրը կը վերածուի ապրող դիակի: Քանի ուշ չէ, պետք է կտրուկ քայլերի դիմել եւ արդարութեան հետ կապուած բոլոր հարցերը լուծել առանց նկատի առնելու որեւէ ընտանեկան, բարեկամական կապեր, որոնք օլիկարխային ղեկավարներ են: Ժողովուրդն է երկիրը պահողը, եւ պէտք է ԱՄԷՆ միջոց ստեղծել իրական եւ ոչ ձեւական բարեփոխումներու դիմելու: Իսկ միւս կողմէն` ժողովուրդը պէտք է հասկնայ, որ միայն արտագաղթով իր հարցերը չեն լուծուիր, այլ պէտք է մնալ ու պայքարիլ իրեն սպառնացող բոլոր անարդարութեանց դէմ, ժողովուրդը պէտք է հասկնայ, որ իր ցաւը բոլորինն է, ու բոլորը պէտք է հասկնան, որ իրենց ցաւը՝ այդ անձինը… Երկիրը թողնել երթալը վատագոյնին տանող երեւոյթն է, որ պէտք է մարդկային տկարութեամբ չտեսնել, այլ անցնիլ ինքնամաքրութեան, ըլլայ անհատական եւ ըլլայ հաւաքական:
Տ. ՍԵՐՈԲ ՔԱՀԱՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Կանադայի հայոց թեմի եկեղեցու 
հոգեւոր հովիվ
ՊԱՏԱՍԽԱՆ. Սրանք, իրենց էշի տեղ դրած, զենքով զավթել են իշխանություններն ու երկիրն են թալանում: Իրենք իրենց չեն զրկում ոչ մի վայելքից, մոլուցքով հարստություն են կուտակում, բայց զուգահեռաբար պահանջում են, որ ժողովուրդն իրեն պահի հլու-հնազանդ, աղքատ ստրուկի պես: Հետն էլ ,հաթաթաե տալով, թե բա ինչ էիք ուզում, կռվող երկիր ենք, բանակ ենք պահում, Ցեղասպանության ճանաչման ու Հայ դատի հարց ենք հնչեցնում: Ի՞նչ է, էս բոլորը միայն ժողովրդի՞ հոգսն է: Այս խառնակույտի տգիտությունն ու պնդաճակատությունը սահման չունեն: Բոլորին կկոտորեն, երկիրն ու տարածաշրջանը կհայաթափեն, բայց իշխանությունը ժողովրդին կամավոր չեն հանձնի:
ՂՈՒԿԱՍ ՄԵՀՐԱԲՅԱՆ
ԵՊՏՀ դասախոս
ՊԱՏԱՍԽԱՆ. Արտագաղթը, բացի սոցիալականից, ունի նաեւ քաղաքացիության չգնահատման պատճառներ: Մենք այդպես էլ չիմացանք՝ ինչ բան են պետությունն ու պետականությունը: Ամեն դեպքում, այս ծավալների արտագաղթը պետականության կորստի նշան է:
ԱՐՄԱՆ ՅԱՐԱԼՅԱՆ
ռեժիսոր, մուլտիպլիկատոր 
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 554 համար




Լրահոս