Ամեն անգամ, երբ Հայաստանում որեւէ անսպասելի պաշտոնանկություն է տեղի ունենում, անմիջապես բնական հարց է ծագում՝ իսկ ինչպես են իշխանություններն իրենց կադրային քաղաքականությունն իրականացնում: Վստահ կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունների վարած կադրային քաղաքականությունում աշխարհում ընդունված քաղաքական կամ կուսակցական որեւէ տրամաբանություն գտնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:
Բանն այն է, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Սերժ Սարգսյանը իրենց ենթականերին նշանակելիս մշտապես առաջնորդվել են կլանային տրամաբանությամբ: Տեր-Պետրոսյանին չենք հիշատակում զուտ այն պատճառով, որ նրա պաշտոնավարման սկզբնական տարիներին կլանային համակարգը Հայաստանում դեռ այդքան լավ ձեւավորված չէր, հետագայում էլ այն միակենտրոն չէր:
Իսկ, ահա, Ռոբերտ Քոչարյանի պարագայում այդ հանգամանքը հստակ նկատելի էր, նախ` որովհետեւ նա նախընտրեց կուսակցական չդառնալ, նույնիսկ ձեւականորեն: Արդյունքում, պաշտոնյաները նշանակվում էին հետեւյալ սկզբունքով. նրանք պետք է կարողանային իրենց վստահված համակարգը վերահսկել, ժամանակին եւ ազնվորեն «մուծվել»: Եթե տվյալ պաշտոնյան մշտապես ժամանակին եւ ազնիվ «մուծվել» է, ապա նա խնդիր չի ունեցել: Այսօրվա ՀՀ կառավարության անդամները վառ օրինակ: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն արդեն ավելի քան 18 տարի նախարարական եւ այլ բարձր պաշտոններ է զբաղեցնում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նույնպես երկու տասնամյակ է՝ պետական կառավարման համակարգում փոխնախարարի, նախարարի կամ այլ պատասխանատու պաշտոնի է: ՀՀ ֆինանսների նախարարը, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այսպես շարունակ, նրանք ու, ընդհանրապես, այսօրվա պատասխանատուների ավելի քան 60 տոկոսը կառավարման համակարգում է շուրջ քսան տարի:
Իհարկե, Սերժ Սարգսյանի դեպքում ձեւական առումով իշխանությունների կուսակցական, ասել է, թե քաղաքական կողմը պահպանվում է, բայց դա ընդամենը պատրանք է, քանի որ բավական է՝ պաշտոնյաների կենսագրությունը ուսումնասիրեք եւ կտեսնեք, որ նրանք մի կուսակցությունից մյուսն են անցել, ու նրանց միակ մղումը եղել է համակարգում մնալը: Կոալիցիոն սկզբունքով` ոչ ՀՀԿ-ի կամ իշխանական բուրգի ղեկավարի առաջարկությամբ նշանակվող պաշտոնյաները եւս պետք է պահպանեն վերը նշված խաղի կանոնները: Նրանք, պարզապես, ոչ թե «օբշագին» են «մուծվում», այլ իրենց ներկայացնող կուսակցությանը:
Բնականաբար, նման պայմաններում հարց կարող է ծագել՝ իսկ ինչ սկզբունքով են պետական պաշտոնյաները համակարգից դուրս շպրտվում, քանի որ նման բազմաթիվ դեպքեր եւս եղել են: Հայաստանի իշխանական համակարգում պաշտոնյաների շրջանում մահացու մեղքը «մուծվելուց» խաբելն է: Նման քայլի գնացող պաշտոնյաները, որպես կանոն, ոչ միայն համակարգից դուրս են նետվում, այլ նաեւ հետագայում բավական դաժան ճակատագրի են արժանանում: Օրինակ՝ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, նա արդեն հինգ տարի անազատության մեջ է, եւ դժվար է ասել, թե երբ ազատ կարձակվի: ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը պաշտոնանկությունից հետո չնայած ազատությունից չզրկվեց, բայց նրա տան վրա ավազակային հարձակում տեղի ունեցավ, որի արդյունքում նա միլիոնավոր դոլարների կարողություն կորցրեց: Իսկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանը եւ ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը մի քանի տարի անցկացրին անազատության մեջ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն էլ, թեեւ անազատության մեջ չհայտնվեց, բայց համակարգից օտարվեց:
Գումարների հետ կապված «սխալներից» հետո պաշտոնյաների հաջորդ «մեղքը» համակարգի որոշակի կանոնները խախտելն է, օրինակ՝ մեկ այլ պաշտոնյայի եւ եղբոր հարաբերությունների մեջ է մտել ու ինչ-որ այլ «սխալ» քայլեր է արել: Նման դեպքերում, եթե պաշտոնյաներն իրենց «խելոք» են պահում, նրանք համակարգից հեռացվում են առանց ծանր հետեւանքների: Իրեն վերապահված ոլորտը լիարժեք ձախողելը կամ սկանդալային ինչ-որ պատմության մեջ ընկնելը երբեք հիմք չէ պաշտոնյայի ազատման եւ առավել եւս համակարգից հեռացման համար: Սկանդալային պատմությունները, եթե դրանք վերաբերում էին իշխանության, այսպես կոչված, հիմնական կազմին, նախկինում չէին կարող պաշտոնանկության պատճառ դառնալ: Օրինակ՝ 10 կամ 15 տարի առաջ պաշտոնյաների սկանդալների մասին մեկ-երկու թերթ կգրեր, կանցներ, կգնար: Վերջին 7-8 տարիներին համացանցի շնորհիվ սկանդալային պատմություններն ավելի մեծ արձագանք են ստանում, եւ երբեմն իշխանությունները ստիպված են լինում այս կամ այն պաշտոնյային որոշ ժամանակով ասպարեզից հեռացնել: Նման դեպքերում, եթե տվյալ անձը ցանկանում է, ապա որոշ ժամանակ անց կարող է կրկին վերադառնալ համակարգ, ինչպես, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Պաշտոնյաները կարող են նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պես հրապարակային քաղաքականությունից հեռանալ, այլ կերպ ասած՝ անցնել ստվերի տակ՝ պահպանելով իրենց իշխանական ազդեցության մեծ մասը եւ բիզնեսներն ամբողջությամբ:
Այսինքն՝ իշխանական համակարգը արդեն մոտ երկու տասնամյակ է` գործում է՝ հաշվի չառնելով Հայաստանի հանրության կարծիքը, եւ այս փաստն է պատճառը, որ մարդիկ կարող են իրենց վստահված ոլորտն ամբողջությամբ ձախողել, արտերկրում պախարակել Հայաստանը, բայց, միեւնույն է, նրանք շարունակում են պաշտոնավարել: Այս մոտեցմամբ իշխանական համակարգի պարագլուխներն իրենց թիմակիցներին մշտապես հուշում են, որ նրանք ամեն դեպքում պաշտպանված են, եւ իրենց միակ եւ առանցքային պարտականությունը համակարգի հանդեպ է. ժամանակին եւ ազնիվ «մուծվել» ու խաղի կանոնները չխախտել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՇԱՔԱՐՈՎ «ՆԱՍԿԻՆ»
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գործադիրի ներկայացուցիչներից հետաքրքրվեց. «…Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի Ախուրյանում հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում եւ կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմ է: Նա պատրաստի շաքարավազը ներկրում է, տանում գործարան՝ իբրեւ հումք, եւ այնտեղից հանում՝ իբրեւ արտադրանք՝ հարկերից խուսափելու համար…»:
«Ժողովուրդ»-ը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից փորձեց ճշտել օդում կախված լուրերի իսկությունը: «Նիկոլին մնա, կասի, թե նասկին էլ ա պատրաստի բերում, ցույց ա տալիս, թե ստեղ ա գործում»,- «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին պատասխանեց Սամվել Ալեքսանյանն ու անջատեց հեռախոսը: Երբ կրկին զանգահարեցինք, օտար լեզվով մեզ բացատրեցին, որ բաժանորդն անհասանելի է: Ըստ ամենայնի, նա երկրում չէր:
ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻՆ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թեւան Պողոսյանն ասաց, որ մինչ պատգամավոր դառնալը, ՃՈ տուգանքները վճարել է: Իսկ պատգամավոր դառնալուց հետո չի պատրաստվում գումար տալ: Այդ առիթով 50 հազար դրամ տուգանքի համար դատական քաշքշուկի մեջ հայտնված պատգամավորն ասաց, որ ծանուցում չի ստացել: «Նամակը ստացել եմ այն ժամանակ, որ դարձել էի պատգամավոր, երբ գումարը հնգապատկվել էր: Քանի որ ընկերներիս հետ խորհրդակցեցի, ըստ օրենքի՝ պատգամավորին չի կարելի առանց ԱԺ-ին տեղյակ պահելու դատական գործընթաց սկսել: Հիմա պայքարում ենք, տեսնենք, թե ինչ արդյունք կունենաք»,- ասաց Պողոսյանը: Հիշեցնենք, որ Թեւան Պողոսյանի եւ ՃՈ «հակամարտությունը» շարունակվում է արդեն 2 տարի:
ՏԱՐԵՔ, ՁԵԶ ԼԻՆԻ
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանից փորձեցինք պարզել, թե արդյոք ՀՀԿ բոլոր անդամներն են կողմ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուն: Ի պատասխան՝ Ավետիսյանն ասաց. «Մենք միշտ կողմ ենք եղել կոալիցիայի, քաղաքական ուժերի ներգրավմանը երկրի կարեւոր գործընթացներում, եւ այդ առումով սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ ենք ունեցել նման դեպքեր, որ փորձել ենք քաղաքական ուժերի հետ համատեղ ձեւավորել կոալիցիա: Եթե կան քաղաքական ուժեր, որ կուզենան մեզ հետ որոշակի մաս վերցնել պատասխանատվության, թող գան»: Սակայն ոչ պաշտոնական զրույցներում ՀՀԿ-ականներից շատերը խոստովանում են, որ իշխանությունը կրկին կիսելու գաղափարն իրենց սրտով չէ, պարզապես Սերժ Սարգսյանն է այդպես ցանկանում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
ՉԻ ՆԵՂՎՈՒՄ
Արձագանքելով լուրերին, թե ՏԿԱԻ նախարարությունն առաջիկայում մտադիր են կիսել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, որպեսզի մի մասը տան Դաշնակցությանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասել է. «Ես, ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում: Գիտեք, ես աշխատող մարդ եմ, որտեղ ասեն՝ աշխատի, էնտեղ կաշխատեմ»։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են անցած սահմանադրական հանրաքվեի, դրա բողոքարկման գործընթացի, ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի վերափոխման եւ հանրաքվեից հետո ստեղծված նոր քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր:
ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Հայաստանում փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: ՏԿԱԻ տվյալներով` օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ը կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում մինչեւ փետրվարի 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 7-ին հնարավոր է թույլ ձյուն: