Պարզվել են Աջափնյակում երկու անձի հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները. մեղադրյալը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հունվարի 26-ին երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու հանգամանքները։

2016թ. հունվարի 26-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ աջ ազդրի և հետույքի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1969թ. ծնված Ա.Թորոյանը և 1980թ. ծնված Ս.Գրիգորյանը: Կրակոցների հետևանքով վերջիններիս պատճառվել են չթափանցող մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձանց մարմնական վնասվածքները պատճառվել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Կ.Աբրահամյանի գրասենյակային տարածքում։

Դեպքի վայրի զննությամբ գրասենյակի մուտքի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Կ.Աբրահամյանի բնակության վայրում, դրանց կից օժանդակ շինություններում և ավտոմեքենայում խուզարկություն կատարելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 4 պարկուճ, կրակված գնդակի նմանվող դեֆորմացված մետաղական կտորներ, ծխուկներ, արնանման հետքեր։ Ավտոմեքենայի խուզարկությամբ ևս բեռնախցի գորգի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

Օրենքով սահմանված կարգով խուզարկություն է կատարվել նաև Կ.Աբրահամյանի կնոջ հոր տանը, որի ժամանակ հայտնաբերվել է ինքնաձիգ, 54 հատ փամփուշտ, երկու հատ դանակ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական և քրեագիտական փորձաքննություններ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս