ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը տեւական ժամանակ է` որոշում է ընդունել, որ չի շարունակելու աշխատել գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ: Նրանք պատճառաբանում են, որ թատրոնում նոր ներկայացումներ չեն բեմադրվում, մեկ տարուց ավել գլխավոր ռեժիսորի աշխատավարման ընթացքում դերասանական խմբի մեծամասնությունը ենթարկվել է անգործության, Ա. Մելիքսեթյանը կոնֆլիկտներ ունի թատրոնի ողջ անձնակազմի հետ:

Բանը հասավ նրան, որ թատրոնի անձնակազմը բոյկոտելով չեղյալ հայտարարեց որոշ ներկայացումներ, թատրոնի 39 աշխատակիցներ դիմում-բողոքով դիմեցին թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանին եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` պահանջելով աշխատանքից հեռացնել թատրոնի գլխավոր ռեժիսորին: Վերջինս իր հերթին Հասմիկ Պողոսյանին խնդրեց ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը: Արդյունքում որոշվեց, որ հունվարի 29-ին մշակույթի նախարարությունում գեղարվեստական խորհուրդը, այդ թվում մշակույթի նախարարը, կքննարկեն թատրոնում ստեղծված իրավիճակը եւ կփորձեն ելքեր գտնել:
Եվ, ահա, հունվարի 30-ին թատրոնը տարածեց մի հայտարարություն, ըստ որի՝ 2016 թ. հունվարի 29¬ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արա Խզմալյանը («Ազգային թատերական միավորում» ՀԿ¬ի նախագահ): Նիստի ընթացքում լսվել է թատրոնի՝ 2015 թ. հաշվետվությունը, քննարկվել ստեղծագործական ծրագրերը եւ թատրոնի ընթացիկ խնդիրները: Նիստի արդյունքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ դրական են գնահատվել թատրոնի նախորդ տարվա գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշները, հաստատվել է 2016 թ. ընթացիկ խաղացանկը, առաջարկվել բեմադրության ներկայացնել երկու հայտ:
Այս հաղորդագրությունից, սակայն, պարզ չի դառնում` ի վերջո, ինչ է վճռվել թատրոնի ներսում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը լուծելու համար:
Նույն թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ըստ նախարարության որոշման` Արմեն Մելիքսեթյանը շարունակելու է աշխատել թատրոնում` նույն պաշտոնում. «Բայց նա կաշխատի առանձին, իր ուսանողների հետ, ոչ մեր կոլեկտիվի հետ: Իրեն եւս մեկ անգամ շանս են տվել, որ ներկայացում բեմադրի, ինքն առանձին է աշխատելու, թատրոնի հիմնական կազմը` առանձին, երկրորդ ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի հետ»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե ինչպես է թատրոնի անձնակազմը պատկերացնում նման աշխատաոճը, եւ արդյոք հնարավոր է մեկ հարկի տակ բաժան-բաժան աշխատել, Նարինեն պատասխանեց. «Կարծում ենք, որ մեր աշխատանքն իր աշխատանքի հետ համատեղել հնարավոր չէ, ժամանակը ցույց է տվել, որ մի տանիքի տակ աշխատել մեզ մոտ չի ստացվում: Հիմա պատմությունը կրկնվում է, այսինքն` այս իրավիճակը նորից կհանգեցնի կոնֆլիկտի: Կոլեկտիվին այս որոշումը չի գոհացնում: Կարծում ենք` խնդրին ճիշտ լուծում չի տրվել: Այսինքն` այն, ինչ մենք էինք ակնկալում` գլխավոր ռեժիսորի հեռացումը, չեղավ»,-շեշտեց նա:
Նարինեի խոսքով, սակայն, թատրոնի անձնակազմը չի պատրաստվում համակերպվել. «Մինչեւ նախագահական դիմելու ենք, պայքարելու ենք, մինչեւ հասնենք մեր նպատակին` Արմեն Մելիքսեթյանի հեռացմանը, քանի որ չենք պատկերացնում մեր հետագա աշխատանքը թատրոնում»,-նշեց նա:
Նույն թատրոնի դերասանուհի Շողեր Ջալալյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ թատրոնում առանձին-առանձին աշխատել հնարավոր չէ. «Գեղխորհրդի նիստը կոնկրետ դերասաններին ոչինչ չտվեց, ոչ մի դրական պատասխան: Բայց մենք կշարունակենք պայքարել, որպեսզի գլխավոր ռեժիսորին հեռացնեն թատրոնից»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Արա Խզմալյանի հետ, ով նախ շեշտեց, որ թատրոնում ստեղծված կոնֆլիկտային հարցի քննարկումը գեղխորհրդի իրավասությունների մեջ չի մտնում (նման հարցերը լուծում է թատրոնի տնօրինությունը), սակայն այդ թեման ընդգրկվել է օրակարգ, որպեսզի երկու կողմերին ընդհանուր հայտարարի գալու վերջնական հնարավորություն տրվի. «Նախարարի հորդորով ստեղծվեց մի հարթակ, որտեղ փոխադարձ վիրավորանքներ ուղղելու փոխարեն կողմերը կփորձեին համագործակցության եզրեր գտնել: Քննարկումից հետո այդ եզրերը կգտնվեն, թե չեն գտնվի, դա կոլեկտիվի ներսում որոշելիք խնդիրն է, տնօրենի խնդիրն է»:
Ինչ վերաբերում է թատրոնում բաժան-բաժան աշխատելուն, Ա. Խզմալյանը նկատեց, որ դա անհնար բան է:
«Թող իմ ոչ մի խոսք չդիտվի ընդդեմ պարոն Մելիքսեթյանի, բայց ասեմ, որ ես կողմ չեմ բարեփոխումներ անելու կտրուկ քայլերին: Դրանք պետք է արվեն մտածված, հետեւողական կերպով, մասնագիտական կյանքերի հետ չխաղալով: Ստեղծագործական խնդիրները դադարների միջոցով չեն լուծվում: Ես չեմ լսել այնպիսի բան, որ դրա համար գլխավոր ռեժիսորը նախարարից խնդրի դադարեցնել թատրոնի գործունեությունը: Ես նույնիսկ Մելիքսեթյանին առաջարկեցի, որ ինքը` որպես պրոֆեսիոնալ մարդ, գնա մի կոմպրոմիսի` հրաժարվի գլխավոր ռեժիսորի պաշտոնից եւ շարունակի աշխատել որպես ռեժիսոր` թատրոնում աստիճանաբար կատարելով իր բարեփոխումները: Բայց նա դրան չգնաց, իսկ հայտնի բաց նամակից եւ փոխադարձ վատ վերաբերմունքից հետո ես երկու կողմերի համագործակցությունն, անկեղծ ասած, չեմ պատկերացնում: Չգիտեմ` այս խնդիրն ինչպես կհանգուցալուծվի»,-եզրափակեց Ա. Խզմալյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ գլխավոր ռեժիսորից, սակայն վերջինս մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց:

 

 

 
«ԴԵՊՈՒՏԱՏԻ ՇՈՈՒ». ԱՆԴՈՆ` ԵՐԳՈՂ ՏԱՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ

Հումորային հաղորդումներից, կատակերգություններից հայտնի դերասան Անդոն (Անդրանիկ Հարությունյան) նոր նախագծի շրջանակներում շուտով կներկայանա «երգող տատիկների» հետ:

Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ իր 4 դերասան-ընկերների հետ համախմբվել է նոր նախագծի շուրջ, որը կոչվում է «Դեպուտատի շոու»: Թե ովքեր են այդ 4 հայտնիները, որոնք կերպարանափոխվելու են տատիկների, Անդրանիկը դեռեւս բացահայտել չցանկացավ, սակայն տեղեկացրեց, որ արդեն պատրաստվում է իրենց համատեղ երգի տեսահոլովակը (ռեժիսոր` Դավիթ Գրիգորյան), որտեղ միայն ինքն է, որ չի երգում. «Սա մեծ նախագիծ է, որի շրջանակներում կլինեն տեսահոլովակների պրեմիերաներ, նոր ներկայացումներ: Ներկայացվելիք տեսահոլովակը առաջիկա ներկայացման մեխն է, որը հանդիսատեսի դատին կհանձնենք տեսահոլովակը մատուցելուց երկու ամիս անց»,-պատմեց դերասանը:
Նրա խոսքով` այս ծրագիրն իրենք կյանքի են կոչում ոչ միայն եւ ոչ այնքան գումար վաստակելու, որքան հանդիսատեսին եւ իրենք իրենց հաճույք պատճառելու նպատակով: «Կարծում ենք` որպես բիզնես-նախագիծ եւս այն իրեն կարդարացնի, գիտեմ, որ հանդիսատեսը մեզնից նորություններ է սպասում»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե ինչու են ընտրել «Դեպուտատի շոու» անունը, եւ արդյոք իրենց խումբը պարբերաբար արծարծելու է նաեւ քաղաքական թեմաներ, Անդրանիկը պատասխանեց. «Այո՛, կանդրադառնանք նաեւ քաղաքական թեմաների, կարծարծենք շոու-բիզնեսին վերաբերող հարցեր, կներկայացնենք հումորներ մեր առօրյայից. թեմաները տարբեր կլինեն»:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք դերասանը չունի նոր ֆիլմերում նկարահանվելու հրավերներ, ինչին ի պատասխան դերասանը նշեց, որ վերջին ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել, «Արամմա»-ն էր. «Այժմ սպասում եմ նոր առաջարկների»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
«ԱՐԿԱԾԱՅԻՆ» ՀՌՈՄԻ ՊԱՊԸ
Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հերթական անգամ աչքի է ընկել ոչ ստանդարտ առաջնորդի եւ մարդու իր տեսակով: խպվՑՈ-ի փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստվում է կատարել իր իսկ դերը ընտանեկան «Արեւի հակառակ կողմում» արկածային անունը կրող ֆիլմում: Սա առաջին անգամն է, որ նա մասնակցում է գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմի աշխատանքները կսկսվեն 2016թ. առաջին կեսին, Իտալիայում:
Նշենք, որ Հռոմի պապն ինքն է խնդրել կինոգործիչներին ստեղծել ֆիլմ, որը երեխաներին տեղ կհասցնի Հիսուս Քրիստոսի ուղերձը: Նախագծի հիմքում կլինի Նոր կտակարանը: Ֆիլմի վարձույթից ստացված եկամուտը կուղղվի բարեգործությանը։
 

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏՆԻ Է
Խելահեղ Մաքսի մասին ֆիլմերի ռեժիսոր Ջորջ Միլլերը 2016 թվականին կդառնա Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»¬ը, փետրվարի 2¬ին հայտնել է Expatica կայքը՝ հղում անելով կազմակերպիչներին: Միլլերը կդառնա ամենահեղինակավոր կինոփառատոնի ժյուրին գլխավորած առաջին ավստրալացին: 70¬ամյա ռեժիսորը ճանաչում է ստացել Խելահեղ Մաքսի մասին առաջին երկու ֆիլմերի շնորհիվ: Դրանից հետո Միլլերն աշխատել է այլ ժանրերում: Անցյալ տարվա գարնանը էկրան բարձրացավ նրա վերջին ֆիլմը՝ «Խելահեղ Մաքսը. ցասման ճանապարհը» ժապավենը, որն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ ստուդիան համաձայնեց նկարահանել դրա շարունակությունը: Այդ կինոնկարը «Օսկար»¬ի է հավակնում տասն անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն ֆիլմի եւ լավագույն ռեժիսուրայի համար:
Կաննի կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 11¬ից մինչեւ 22¬ը: Ժյուրիի մնացած անդամների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

 

ԲԱԺԱՆՎԵ՞Լ ԵՆ
Օրերս արեւմտյան մամուլն «ահազանգեց», որ բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերն ու ռուս սուպեր մոդել Իրինա Շեյքը բաժանվել են: Պատճառը, ըստ տարբեր աղբյուրների, եղել է Իրինայի վեճը դերասանի մայրիկի հետ: Սակայն պապարացիները վերջերս տեսել են զույգին Նյու Յորքում` շոփինգից հետո տուն վերադառնալիս: Daily Mail-ի փոխանցմամբ` զույգին մոտ կանգնած աղբյուրներից մեկը հերքել է սիրահարների բաժանության մասին տարածված լուրերը. «Նրանք նույնիսկ ցանկանում են երեխաներ ունենալ ու արդեն քննարկում են այդ հարցը»,-ասել է նա: Հիշեցնենք, որ աստղերը սկսել են հանդիպել նախորդ տարվա ապրիլից:




Լրահոս