Դեռեւս 2011 թվականից ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը “բաց ֆաքսեր” էր ուղարկում՝ ներկայացնելով, թե ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը յուրացրել “Նաիրիտ”-ի գումարները եւ ինչ վնասներ է հասցրել պետությանը: Նշված փաստերի վրա հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Սակայն պարզվում է, որ այս գործում մեղադրվում է ոչ թե Տ. Սարգսյանը, այլ 2003թ. “Նաիրիտ”-ը ղեկավարող Վահագն Մակարյանը: “Ժողովուրդ”-ը փորձեց անձամբ Հ. Առաքելյանից պարզել, թե որն է Վ. Մակարյանի մեղքը: Առաքելյանը հայտարարեց, որ իր ուղարկած “բաց ֆաքսերի” հետ Մակարյանն ընդհանրապես կապ չունի, քանի որ իր “ֆաքսերը” վերաբերում են 2011թ. իրադարձություններին:
Նախ ներկայացնենք ոստիկանության կողմից “Ժողովուրդ”-ին տրամադրված
պաշտոնական տեղեկատվությունը. “”Նաիրիտ” ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրենը, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող, իր լիազորություններն
ընկերության շահերի համար օգտագործելով, 2003թ. հունվար ամսին կնքել է անհիմնհամաձայնագիր, որով հետագայում պետությանը պատճառել է առանձնապես խոշորչափերի հասնող վնաս: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն”: Սակայն 2011թ.-ից Հ. Առաքելյանը “բաց ֆաքսեր” էր ուղարկում` ներկայացնելով, թե ինչպես է 2011թ.-ից Տիգրան Սարգսյանը յուրացրել “Նաիրիտ”-ի գումարները եւ ինչ վնասներ է հասցրել պետությանը: Դրանից հետո վարչապետը դիմել էր դատախազություն, որպեսզի պարզեն իրականությունը:
Հիշեցնենք նաեւ, թե Հ. Առաքելյանի “բաց ֆաքսերն” ինչ էին իրենցից ներկայացնում: Օրինակ՝ “Բաց ֆաքս 3”-ում Հ. Առաքելյանը նշում է. “2009թ. մարտ ամսին, այսինքն` գործարանի պայթյունից օրեր առաջ, “Նաիրիտ” գործարանի հաշվեհամարից 35 մլն դոլար է փոխանցվել մի շարք կազմակերպությունների, որից 22 միլիոն դոլարը գնացել է դանիական ինչ-որ ֆինանսական խմբերի, 8 միլիոն դոլարը` “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ”-ի հաշիվներին, իսկ 60 մլն դրամ հատկացվել է ոմն Անդրանիկ Հովհաննիսյանի: Մնացած մոտ հինգ միլիոնով էլ մարվել են աշխատավարձի եւ այլ արտադրական պարտքեր: Որտեղի՞ց գոյացավ այդ գումարը “Նաիրիտ”-ի հաշվին: Ինչո՞ւ 35 մլն դոլարից ընդամենը 150.000 դոլար չներդրվեց պայթյունավտանգ արտադրամասը վերազինելու եւ տեխնիկապես անվտանգ դարձնելու գործին:
“Նաիրիտ”-ը պարտք է “Երեւանջէկ” ընկերությանը շուրջ յոթ միլիարդ դրամ: Արդյո՞ք 100 տոկոս պետական բաժնեմասով “Երեւանջէկ” ընկերությունը անտոկոս ու անժամկետ է վարկ տրամադրել “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ” օֆշորային մասնավոր ընկերությանը պատկանող “Նաիրիտ” գործարանին, իսկ “Երեւանջէկ”-ը վարկերի միջոցով տարեկան 12 տոկոսով մարել է սպառած գազի դիմաց իր պարտավորությունները “Հայռուսգազարդ”-ի հանդեպ”:
Երեկ “Ժողովուրդ”-ը զրուցեց Հարություն Առաքելյանի հետ՝ պարզելու, թե իր “ֆաքսերի” գործով մեղադրվող Վահագն Մակարյանն ինչի արդյունքում է հայտնվել “մեղադրյալի աթոռին”: “Ես 2011թ. բաց եւ փոստային նամակով դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ պետին` 31 միլիոն դոլարի գանձագողության հանցագործության մասին հայտարարությամբ: Ի՞նչ կապ ունի 2003-ի գործն իմ ուղարկած բաց ֆաքսերի ու ընդհանրապես իմ ներկայացրած փաստերի հետ: Ոստիկանությունը շատ գեղեցիկ աղավաղում է ու իսկապես պլստացնում
բուն թեման”,-հայտարարեց Առաքելյանը: Նրա ներկայացմամբ` Տ. Սարգսյանի կատարած հանցագործությունը հետեւյալն է. “2006-ին “Նաիրիտ”-ի պետական բաժնեթղթերը տրվել են օֆշորային ընկերությանը նվեր, որը վերջինս գրավադրել է
“Մեժգոսբանկ”-ում եւ ստացել 70 միլիոն դոլարի վարկ: Սակայն դրանից 39 միլիոնն է մուտքագրվել ՀՀ պետբյուջե, իսկ մնացած 31 միլիոնի ճակատագիրն անհայտ է: Իսկ ամենակարեւորն այն է, որ ե՛ւ օֆշորային ընկերությանը բաժնեթղթերը նվեր տվողը Երեւանում, ե՛ւ “Մեժգոսբանկ”-ի 70 միլիոն դոլար վարկ տվողը Մոսկվայում եղել է նույն մարդը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` որպես “Մեժգոսբանկ”-ի խորհրդի ռոտացիոն նախագահ:
Ահա վարչապետի կատարած հանցագործության նկարագրությունը` հակիրճ տարբերակով: Հիմա կառավարությունում մեկը կա՞, որ կասի՝ ուր է կորել 31 միլիոն դոլարը: Օֆշոր-ֆիրմայի տերերի մասին կառավարությունը լռեց ու չբացահայտեց, եւ այն “բարեհաջող” ավարտեց իր “առաքելությունը”, չկատարեց ոչ մի պարտավորություն ու անհետացավ, հիմա ո՞վ է պատասխան տալու”:
Փորձեցինվ այս ամենի հետ կապված մեկնաբանություն ստանալ նաեւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Մեզ տեղեկացրին, որ դատախազությունից նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` ընթացքը լուծելու համար:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 557 համար