
Դատելով իշխանությունների պահվածքից՝ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո նրանք ամենեւին էլ մտադիր չեն պատժել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նույնիսկ չեն բարձրացնում նրա պաշտոնանկության հարցը: Համենայնդեպս, երեկ հրապարակվել է կառավարության` այսօր կայանալիք նիստի օրակարգը, որտեղ չկա Ս. Խաչատրյանին պաշտոնանկ անելու հարցը: Դատելով իրադարձություններից՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ չի փորձի կառավարության նիստում անձամբ բարձրացնել Սյունիքի մարզպետի պաշտոնանկության հարցը, թեեւ դա հենց իր իրավասության շրջանակներում է գտնվում: Հավելենք, որ իշխանությունը սկսեց անթաքույց սատարել Ս. Խաչատրյանին այն բանից հետո, երբ սպանված Ավետիք Բուդաղյանի՝ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ եղբայրը հայտարարեց, թե չի ներելու եղբորը սպանողներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բուդաղյան եղբորը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է անձամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ փորձելով համոզել արյունն արյամբ մաքրելու ճանապարհ չընտրել: Սակայն Բուդաղյանների թասիբը պաշտպանելու համար 7 տասնյակից ավելի տղամարդիկ ոտքի են ելել: