ՍՆԱՄԵՋԱՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում  անդրադարձել է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը եւ  տարածաշրջանային մարտահրավերներին: Ուշագրավ է, որ նիստի լուսաբանվող  հատվածում նա  որեւէ կերպ չի անդրադարձել ամբողջ հանրապետությունը ցնցած գորիսյան դեպքերին եւ գոնե ձեւական` մեկ-երկու նախադասությամբ չի վստահեցրել, թե բոլոր մեղավորները կպատժվեն: Ս. Սարգսյանը չի անդրադարձել նաեւ գազի գնի թանկացման արդյունքում  սպասվելիք ահռելի գնաճին հակազդելու  եւ սոցիալական բունտից խուսափելու քայլերին: Փոխարենը նա  կրկին 7.2 տոկոսանոց աճի մասին հին երգն է երգել, ավելին` հերթական անգամ դեմքի լուրջ արտահայտությամբ ընթերցել է իրեն հրամցված տվյալներն առ այն, որ  անցած տարի մեր երկիրը տարածաշրջանում ամենամեծ աճն է արձանագրել: Բնականաբար` նման «լուրջ» նախաբանից հետո հնչած մտքերն առավել «լուրջ» էին. մասնավորապես՝ Սարգսյանը պաշտոնավարման 6-րդ տարում հասկացել է, որ «մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք` թե՛ ձեւի, թե՛ բովանդակության առումով»: «Աստիճանաբար կարկուտների հետեւանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետեւից ամբողջական ոլորտներ  առաջ տանող նախագծեր` արագ եւ էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ՝ անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչեւ, ասենք, արեւային մարտկոցների հավաքում: Եվ այդպես շարունակ»,-ասել է Ս. Սարգսյանը` եւ այդպես շարունակ տրվելով  «Հայաստանի տնտեսության արդիականացման եւ դիվերսիֆիկացման» մասին  ճառասացությանը: Որից հետո նա կտրուկ անցում է կատարել Ադրբեջանում առկա իրավիճակին` աչքալուսանք տալով, թե «փորձագետները ադրբեջանական անխուսափելի  ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում»: Ափսոս, որ  չի նշել,   թե կոնկրետ որ փորձագետներին նկատի ունի` Բաղրամյան 26-ի, թե որեւէ այլ` «պակաս լուրջ» կառույցի: «Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման (ինչ քրոնիկ անկման մասին է խոսքը` պարզ չէ. Ադրբեջանում տակավին վերջերս գազի հսկայական նոր պաշարներ են հայտնաբերվել) պայմաններում հարեւան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները»,-աչքալուսանքները շարունակել է Սարգսյանը, ով հավանաբար մոռացել է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ նույնպիսի մի «աչքալուսանք» էլ իր երկրում հնչեցրեց Իլհամ Ալիեւը` ասելով, թե արտագաղթի այն տեմպերը, որոնք առկա են Հայաստանում, շարունակում են այդ երկիրն այնպես թուլացնել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ Հայաստանի  հակառակորդները:




Լրահոս