Այս անգամ ի՞նչն են ցանկանում «պոկել». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն անցած շաբաթ օրը հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը: Ի տարբերություն նախորդ ընտրական գործընթացների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցների, այս մեկն աչքի է ընկնում բավականին կոշտ որակումներով: «Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որեւէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում: Ավելին, նշված փաստաթղթում նման բազմաթիվ պարբերությունների կարելի է հանդիպել:

Օրինակ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները արձանագրել են նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում իշխանությունների կողմից իրենց պաշտոնական լիազորություններն օգտագործվել են «Այո»-ի օգտին անհրաժեշտ քանակով քվեներ ապահովելու համար: Այլ կերպ ասած, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանին, Ս. Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանին մեղադրել են իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Հայաստանի ժողովրդավարացման տեսանկյունից շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Սակայն իրականում տեղի ունեցածն ավելի շուտ կարելի է որպես գույժ ընդունել: Բանն այն է, որ նախորդ հետընտրական զեկույցների փորձից հայտնի է, որ եթե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշել է խիստ քննադատության դիրքերից հանդես գալ, ապա նշանակում է՝ նրանք ՀՀ իշխանություններից ինչ-որ զիջում են ակնկալում ստանալ: Իսկ երբ նրանք իրենց ուզածը ստանում են, ընտրությունները կրկին դառնում են «քայլ առաջ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս