ՀԷԿ-Ը ԾԱԽԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ՞ՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը մտադիր է վաճառել Որոտանհէկ-ն ամերիկյան ինչ-որ կազմակերպության: Առաջին հայացքից կարելի է կարծել, որ այստեղ որեւէ արտառոց բան չկա, քանի որ Հայաստանում ամեն ինչ վաճառվում է: Բայց Որոտանհէկ-ը սովորական հիդրոկայան չէ, այն մեծ ստրատեգիական նշանակություն ունեցող կայան է ողջ էներգահամակարգի համար, քանի որ իր հզորությամբ կարողանում է ապահովել էներգահամակարգում լարման խիստ անհրաժեշտ հաճախականություն, որն էլ համակարգը դարձնում է անվտանգ նաեւ ատոմակայանի նորմալ աշխատանքների համար: Իսկ պետական գանձարանի խոշոր դրամական մուտքերի մասին էլ ավելորդ է հիշեցնել:
Տարիներ առաջ ՀՀ կառավարությունը. երբ վաճառում էր Սեւան-Հրազդան էներգակասկադը, նրա վրայից հանվեց 32 միլիոն դոլարi վարկային պարտավորությունը, այն դրվեց Որոտանհէկ-ի ֆինանսական բալանսի վրա: Իսկ այժմ «Ժողովուրդ»-ի աղբյուրները վստահեցնում են, որ գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ կառավարության եւ ամերիկյան Contour Global ընկերության միջեւ, ըստ որի՝ ամերիկյան կողմն առանց մրցույթի գնում է Որոտանհէկ-ը, քանի որ հիդրոէլեկտրակայանը բաժանվելու է երկու մասերի: Համաձայն ծրագրի՝ մի մասի վրա են թողնվելու պարտքերը, իսկ մյուս արժեքավոր մասը, որտեղ գտնվում են անշարժ ակտիվները, տրվելու է Contour Global-ին:
Ամենազավեշտալին այն է, որ դրսից ներդրում չի լինելու Հայաստանում, այլ սույն ամերիկյան ընկերությունը վարկը վերցնելու է հայկական «Ամերիաբանկ»-ից: Եվ սա այն դեպքում, երբ Contour Global էներգետիկ կազմակերպությունը ոլորտի համաշխարհային «շնաձկներից» է եւ օբյեկտներ ունի բոլոր մայրցամաքներում: Իսկ դրամական շրջանառության միջոցները մի քանի տասնյակ միլիարդ են կազմում:
Ի դեպ, երեկ ԱԺ-ում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով Որոտանհէկ-ին, ասել է, թե այն 40 տարվա կայան է, եւ ահավոր մեծ ներդրումներ են անհրաժեշտ դրա կյանքը մի քանի տարով ավելացնելու համար. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է 40 տարվա կայանը, ոնց որ մի 40 տարվա «Ժիգուլի» քշեք»: Այս խոսքերը ոչ այլ ինչ են, քան հէկ-ը վաճառելուն ուղղված հստակ քայլերի արդարացում:
Հիշեցնենք նաեւ, որ «Ամերիաբանկ»-ն այն բանկն է, որի միջոցով սնանկացվեց գործարար Փայլակ Հայրապետյանը: Աղմկահարույց կերպով բացահայտվեց, որ այդ գործարքի՝ Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերության սեփականատերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Անիմաստ կլիներ սպասել, որ Տ. Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը պաշտոնապես հաստատեր, թե «Հետք»-ի բացահայտող նյութը համապատասխանում է իրականությանը: Վարչապետը փորձում է խնդիրը տեղափոխել շանտաժի եւ զրպարտության դաշտ, ինչպես ժամանակին արվեց ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հանդեպ՝ նաիրիտյան բացահայտումներին ի պատասխան: Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է այս առիթով մեկնաբանություն ստանալ Հ. Բերբերյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին համառորեն չի պատասխանում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս