Փետրվարի 9-ը նշվում է որպես ստոմատոլոգների միջազգային օր: Տոնը կապվում է Ապոլլոնիայի անվան հետ։ Ստոմատոլոգիան ունի ավելի քան 9000 տարվա պատմություն: Տոնն ամեն տարի համախմբում է նաև մեր երկրի մասնագիտական միավորումներին, ոլորտի մասնագետներին: Կազմակերպվում են տարատեսակ հավաքներ և միջոցառումներ:
Պետք է փաստել, որ մեր երկիրը վերջին տարիներին գրավիչ է նաև ստոմատոլոգիական զբոսաշրջություն փնտրողների համար: Հայաստանն այս ոլորտում աչքի է ընկնում բժշկության բարձր մակարդակով, համապատասխանում է եվրոպական չափանիշներին, մշտապես ներդրվում են բուժման նորարարական մեթոդներ և կիրառվում են ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ինչը թույլ է տալիս հաջողությամբ մրցակցել եվրոպական և այլ երկրների առաջատար բժշկական կենտրոնների հետ:
Միաժամանակ, ներկայացնում ենք ատամների պահպանման օգտակար խորհուրդներ.
1. Տարին մեկ-երկու անգամ այցելեք ատամնաբույժի՝ ատամնաքարերի մաքրման և հետազոտության նպատակով
2. Ատամների մաքրման համար առավոտյան և երեկոյան մի մոռացեք տրամադրել 2-3 րոպե: Խոզանակներ ընտրելիս նախապատվությունը տվեք միջին կոշտության խոզանակներին և երեք ամիսը մեկ փոխեք դրանք
3. Կերակրի մնացորդներից ձերբազատվելու համար օգտագործեք ատամի թելեր և վրձիններ, քանի որ դրանք հիանալի մաքրում են միջատամնային անցքերը՝ կանխարգելելով կարիեսի առաջացումը
4. Ատամների մածուկ ընտրելիս նախապատվությունը տվեք ֆտոր պարունակող մածուկներին, քանի որ ֆտորը բարձրացնում է ատամի էմալի դիմադրողականությունը
5. Սնվեք հավասարակշված: Օգտագործեք բնական, թարմ և չզտված մթերք՝ ցորենի հաց, միրգ և բանջարեղեն, որպեսզի ատամները ստանան բոլոր կարևոր հանքանյութերն ու միկրոտարրերը
6. Հնարավորինս պահպանեք հեղուկի ռեժիմ, քանի որ հեղուկը բարձրացնում է թքի արտադրությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում ատամի էմալի վրա
7. Սահմանափակեք քաղցրի՝ թխվածքաբլիթների, տորթերի, սպիտակ ալյուրով պատրաստված հացաբուլկեղենի օգտագործումը: Դրանք բարձրացնում են բերանի թթվային պարունակությունը՝ նպաստելով մանրէների առաջացմանը
8. Մի օգտագործեք շաքար պարունակող գազավորված ըմպելիք, որովհետև դրանք օրգանիզմից դուրս են բերում կալցիումը, որի անբավարար քանակն օրգանիզմում նպաստում է ատամների էմալային շերտի նվազմանը
9. Մի գայթակղվեք փափուկ, հեշտ ծամվող սննդով: Սովորաբար նմանատիպ սննդի օգտագործումը խոչընդոտում է ծամողական ֆունկցիայի աշխատանքին՝ այն դարձնելով ավելի պասիվ
10. Մի ծխեք կամ գոնե սահմանափակեք ծխելը. այն թոքերի միջոցով ներթափանցում է լնդերի արյունատար անոթներ: Ծխախոտի ծխի մեջ առկա բաղադրիչները խախտում են արյան շրջանառության բնականոն ընթացքը լնդերում՝ առաջացնելով լորձաթաղանթի հյուծվածություն: Բացի այդ, ատամները դեղնում են, և արագանում է ատամնաքարերի կուտակման ընթացը
11. Խնայեք նյարդերը, քանի որ սթրեսները թուլացնում են իմունային համակարգի դիմադրողականությունը և բարձրացնում կարիեսի կամ պարադոնտիտի առաջացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ատամների կորստին: