ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ԼՂ հակամարտությանը: Ընդ որում, Քերրին իր խոսքում ուշագրավ ակնարկներ է արել` ընդգծելով, որ կարգավորման հարցում պետք է քայլեր ձեռնարկեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ տարածաշրջանի մյուս երկրները: «Ակնհայտ է, որ ամենակարեւոր հարցը, որ մենք բոլորս ուզում ենք լուծված տեսնել, Ղարաբաղի սառեցված հակամարտությունն է: Ծայրահեղ կարեւոր է, որ բոլոր կողմերը փորձեն ճանապարհ գտնել փակուղուց դուրս գալու համար, որն այս հակամարտությունը պահում է մշտապես սրված եւ հնարավոր վտանգներով լի վիճակում»,-ասել է նա` հավելելով, որ «բոլոր կողմեր» ասելով՝ նկատի ունի ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային, Ռուսաստանին եւ Իրանին: Նկատենք, որ առաջին անգամն է, երբ ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում խոսում է Թուրքիայի եւ Իրանի գործողությունների մասին: Իսկ թե այդ երկրներն ինչպես կարող են քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման հարցում, մնում է միայն ենթադրել:
ԻՆՏԵՐՆԵՏՆ ԷԼ ՔՐԵԱԿԱՆԱՑՐԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ստորագրել է մայիսի 14-ին խորհրդարանի կողմից հավանության արժանացած «Քրեական օրենսգրքում ուղղումներ կատարելու մասին» օրենքը, որով քրեական պատիժ է սահմանվում նաեւ ինտերնետում զրպարտանք տարածելու համար: Այս ուղղումները հարուցել էին տեղի եւ միջազգային ժողովրդավարական հանրության բողոքները:
ՎՊ-Ն ՊԱՏՎԵ՞Ր Է ԿԱՏԱՐՈՒՄ
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման հետ կապված ՎՊ-ի հայտնաբերած չարաշահումներին, երեկ ասել է, թե այդ ստուգումն ուշադրությունը շեղող քայլ է. «Վերահսկիչ պալատն ինձ ապշեցրեց՝ իբր բան է ստուգել: Տպավորություն է, որ պատվեր է կատարում՝ կառուցողին չի ստուգում, վերահսկողին է ստուգում»:
ԿԱՐԵՎՈՐ ԿԱՊԵՐ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Նախարարը կարեւորել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող կապերն ինչպես ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ կապի եւ հեռահաղորդակցության բնագավառներում:
ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանում տարեկան 7 հազար կին աբորտ է անում, 4 հազար կնոջ մոտ էլ հղիության ինքնաբեր վիժումներ են լինում, որոնց թվին են պատկանում տան պայմաններում կատարած ինքնաաբորտները»,-երեկ նման վիճակագրություն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
ՎՃՌԱԲԵԿԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ
2013թ. հունիսի 10-ին եւ 11-ին հայտարարված գործադուլին էլեկտրոնային եղանակով միացել են 117 փաստաբաններ: Նրանք դժգոհում են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» գործելաոճից: Գործադուլի նպատակն է իշխանության բոլոր ճյուղերի եւ քաղաքացիական հասարակության ուշադրությունը հրավիրել ՀՀ վճռաբեկ դատարանի անընդունելի գործելակերպի վրա: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ փաստաբաններն արդեն նմանատիպ մեկօրյա գործադուլ արել են:
10 ՄԻԼԻԱՐԴԻ ՏՈՒԳԱՆՔ
Երեկ՝ ԱԺ-ում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին հարցրել է՝ արդյոք գների միտումնավոր բարձրացման արդյունքում գերշահույթ ստացած մի կազմակերպություն կա, որը տուգանվել է: Շաբոյանը տեղեկացրել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում նման գործունեության արդյունքում ամենախոշոր ներկրող ընկերությունը` «Քեթրին գրուպ»-ը, տուգանվել է 10 միլիարդ դրամով: Հիշեցնենք, որ այդ ընկերությունը պատկանում է ԴԱՀԿ պետին` Միհրան Պողոսյանին: