Ինչպես հայտնի է, 2013 թվականի սեպտեմբերի 3-ից որոշակի անորոշություն մտավ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մեջ. Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ Հայաստանը հայտարարեց իր մտադրության մասին՝ միանալ ԵՏՄ-ին: Ապա վերսկսվեցին Հայաստան-ԵՄ բանակցությունները: Փորձենք Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուց պարզել՝ ինչ փուլում են բանակցությունները և ինչ սպասել դրանցից:
(Լրագրողների հարցերին պատասխանում է դեսպանը)
-Պարո՛ն դեսպան, վերամեկնարկեցին հարաբերությունների նոր իրավական բազայի շուրջ բանակցությունները, փետրվարի 5-ին սպասվում են հանդիպումներ առևտրի շուրջ: Վստահության ճգնաժամը հաղթահարվա՞ծ է:
-ՀՀ և ԵՄ-ն թևակոխել են հարաբերությունների կառուցողական փուլ: Մենք միասին փորձում ենք մի նոր բան ստեղծել, հարաբերությունների նոր մոդել կառուցել, քաղաքական երկխոսությունը բավական լավ զարգանում է: Նախորդ տարի նախագահ Տուսկը այցելեց Հայաստան, այս տարի ևս սպասում են, որ նա գա: Կազդարարի ԵՄ-ի մեծ պատրաստակամությունը՝ ձևավորելու լավ հարաբերություններ Հայաստանի հետ: Նախորդ տարի Բրյուսելում երկու կողմերը հայտարարեցին, որ ցանկանում են կառուցողական ոգով անցկացնել: Իհարկե, բարդ հարցեր, մարտահրավերներ կան, բայց հուսով եմ, որ բանակցությունը կանցկացվի հարթ, և ճանապարհի վերջին փոխադարձաբար ընդունելի լուծում կլինի:
Մենք էլ այժմ վերանայված քաղաքականության իրագործման փուլում ենք: Հուսով ենք, որ զուգահեռ կսկսենք քննարկել գործընկերության առաջնայնությունները՝ քաղաքականապես պարտադիր մի փաստաթուղթ, որը կներառի համագործակցության քաղաքական օրակարգը ԵՄ և ՀՀ-ի միջև:
Բանակցություններում հետամուտ ենք այն ռազմավարական նպատակին, որ ցույց տանք, որ հնարավոր է լինել այլ ինտեգրման պրոյեկտի՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի անդամ լինելու հետ մեկտեղ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվորապական միության հետ: Ինչպես գիտեք, ԵՄ-ն խոշորագույն օտարերկրյա դոնորն է Հայաստանին: Մենք ամեն տարի 50 մլն եվրո ենք ծախսում ի շահ ՀՀ քաղաքացիների: Մենք խոշորագույն գործընկերն ու ներդրողն ենք: Մեր նպատակն է օգնել Հայաստանին բարեկեցության կառուցման ջանքերում, երկրի արդիականացման գործում: Հիմնական մեթոդն է օգնել Հայաստանին ձևավորելու պատշաճ կառույցներ, ինստիտուտներ, օրենքներ:
-Ի՞նչ խրթին հարցեր, մարտահրավերներ կան, որոնք կարող են դանդաղեցնել բանակցությունների գործընթացը:
-Շրջանակային համաձայնագիրը կարևոր է նրանով, որ իրավական կուռ հիմք է ձևավորելու հարաբերությունների համար: Ցանկացած երկկողմանի հարաբերության մեջ իրավական ամուր հիմք է պետք: Քիչ թե շատ, գիտենք ելակետը: Դա ԽԽ ԱԱԳ-ի տեքստն է ասոցացման պայմանգրի, որը Հայաստանի և Եվրոպական միության միջև բանակցվեց: Մենք հուսով ենք, և հուսով ենք, որ հայկական կողմն էլ է հուսով, որ քաղաքական մասը, որը վերաբերում է արժեքներին, արդարադատությանը, իրավունքի գերակայությանը, անվտանգության ոլորտում համագործակցությանը, կընդունվի առանց փոփոխությունների: Համաձայնագրի այլ դրույթներ պետք կլինի ճշգրտել, հատկապես առևտրին վերաբերող մասը:
Ասոցացման համաձայնագրի հիմքում Հայաստանի կողմից իր շուկաները ԵՄ-ի առջև բացելու հարցն էր դրված, ինչպես նաև փոխադարձ: Այսօրվա նոր իրողության պայմաններում դա հնարավոր չէ: Սակայն մենք շարունակում ենք հուսալ, որ համաձայնագիրը կպարունակի մի շարք դրույթներ, որոնք կդյուրացնեն եվրոպական մի շարք ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումների կատարումը, որոնք կքաջալերեն եվրոպական գործարար հանրությանը, որպեսզի վերջինս Հայաստանի հետ առևտուր իրականացնի: Եվ լիահույս ենք, որ համագործակցության այլ ուղղությունները կընդունվեն այնքանով, որքանով ասոցացման համաձայնագրից հնարավոր է դրանք վերցնել: Դա հույսն է, սակայն ինչպես ասում են՝ եկե՛ք շրջանակային համաձայնագիրը դիտարկենք որպես հատակը, ոչ թե որպես առաստաղը: Համաձայնագիրը լինելու է հիմք, որի հիման վրա մենք պետք է կերտենք համագործակցության գործնական ձևեր և բարենպաստ միջավայր առևտրի և ներդրումների համար: Այսպիսով՝ դա պետք է լինի ելակետը, հղման կետը, ոչ թե մեր հնարավորությունների առավելագույն սահմանը:
-2016-ին արդյո՞ք Հայաստանը փաստացի մնալու է առանց հարևանության քաղաքականության կատարման հիմքի: Ինչպես են կարգավորվելու հարաբերությունները, քանի որ գործողությունների ծրագիրը 2015-ին արդեն ավարտվել է:
-Ո՛չ, այդպիսի ճեղք չի առաջանա: Հուսով եմ, որ շրջանակային համաձայնագրի բանակցություններում առաջ կընթանանք: Ապա մենք կանցնենք գործընկերության նոր առաջնայնությունների քննարկմանը և կկարողանանք մշակել հարուստ և կառուցողական օրակարգ: Ինչպես բոլորդ գիտեք, հարևանության վերանայված քաղաքկանաության հիմքում շատ կարևոր մի քանի սկզբունքներ են դրված: Դրանցից մեկը տարերակումն է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր համագործակցային հարթակ Եվրոպական միության և տարածաշրջանի պետությունների միջև հիմքում պետք է ունենա յուրաքանչյուր գործընկեր պետության առանձնահատուկ կարիքները և առաջնայնությունները: Երկրորդ կարևոր սկզբունքը սեփականատիրոջ վերաբերմունքն է. ի տարբերություն անցյալի՝ մենք հիմա ուզում ենք մանրամասն քննարկել հայ գործընկերների հետ, և տեղեկանանք՝ ինչն է իրենց հետաքրքրում, որ արժեքներն են ամենակարևորը փոխհամագործակցության մեջ:
Սա դեռ առջևում է, համագործակցությունը շարունակվում է, կոնտակներ, շփումներ կան տարբեր հարթակներում… Ինչպես ասացի, ներկայումս մենք կառուցողական փուլում ենք և պետք է հետևողականորեն առաջ շարժվենք: Ճեղք, բաց հատված չի մնա: Որտեղ էլ գնամ, ինչ հայ պաշտոնյայի էլ հանդիպեմ՝ բոլորը հաստատում են, որ Հայաստանը պատրաստակամ է սերտ, բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ: Իսկ մենք դրան շատ լրջորեն ենք վերաբերվում, լուրջ ենք ընկալում, և հավատում ենք, որ այդ մթնոլորտով է հնարավոր հարաբերությունների նոր որակ ապահովել:
-Վերջերս հրապարակվեց «ՋիԷսՓի պլյուս» ընդհանրացված արտոնությունների համակարգի վերաբերյալ հաշվետվությունը, որում մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտականությունների շուրջ լուրջ խնդիրներ կային արձանագրված: Արդյոք տեսնո՞ւմ եք այնպիսի մեխանիզմ, որով այս համակարգը քաղաքացիական հասարակության համար ավելի դինամիկ գործիք կդառնա մարդու իրավունքների ոլորտում խախտումների արձանագրման առումով:
-Հայաստանի Հանրապետության նախագահը մի քանի առիթներով ասել է, որ Հայաստանը ցանկանում է հարաբերություններ կառուցել Եվրոպական միության հետ ընդհանուր արժեքների հիման վրա: Դա շատ կարևոր հայտարարություն է, մենք այն շատ լրջորեն ենք ընկալում: Հետևաբար մենք կուզենք մեր հայ գործընկերների հետ քննարկել, թե ինչպես կարելի է խորացնել այդ ընդհանուր արժեքները Հայաստանի առօրյա կյանքում: Մենք ուզում ենք օգնել Հայաստանին, որպեսզի պետությունը, հասարակությունը արդիականացվեն:
Եվ այդ արդիականացման գործընթացի լավագույն ուղին է այնպիսի կառուցակարգեր, օրենքներ և գործելակերպ որդեգրելը, որոնք եվրոպական կլինեն: Եվ ինչպես տեսաք զեկույցում, մենք նշում ենք, թե որ ոլորտներում են բացերը, թերությունները: Սա հաշվի առնելով հանդերձ՝ մենք ներկայումս բյուջեն մարդու իրավունքների բյուջետային օժանդակության կոնկրետ ծրագիր ենք իրականացնում: Դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ են թերությունները… ընդամենը մի քանի օր առաջ կարելի էր ընթերցել և ուսումնասիրել ԺՀՄԻԳ-ի զեկույցը հանրաքվեի վերաբերյալ: Այո՛, ընտրական օրենսգիրքը, ընտրական գործընթացները բարելավման կարիք ունեն: Զեկույցը դրա հերթական ապացույցն է: Դրան լուրջ վերաբերվեք, տնային աշխատանքը արեք: Հայաստանի ժողովուրդը մեծապես կշահի, եթե ի կատար ածվեն դիտարկումները:
Հայաստանը կարող է ակնկալել մեր օժանդակությունը, Եվրոպական միությունը չի փորձում ինչ-որ բան թելադրել Հայաստանին: Ո՛չ, բնա՛վ, մենք ընդամենը շատ լրջորեն ենք ընկալում նախագահի այն ուղերձը, որով ընդհանուր արժեքներն են մեր հարաբերությունների հիմքը: Բոլոր զեկույցները պետք է հենց այսպես մեկնաբանել: Միևնույն ժամանակ Հայաստանը կարող է «ՋիԷսՓի պլյուսի» ռեժիմից օգտվել: Մենք քաջալերում ենք, որպեսզի լավ օգտագործեք, ձեր արտահանումը խթանեք, Հայաստանի ապրանքները դուրս հանեք: Հայաստանը հանարավորություն ունի ազատորեն մուտք գործել եվրոպական շուկա: Իմիջիայլոց, դա պահպանվում է հիմա՝ չնայած այն փաստին, որ Հայաստանը չուզեց ասոցացման ուղիով ընթանալ: