Այսօր ազատամարտիկները դադարեցնելու են իրենց եռօրյա նստացույցը եւ երթով ուղեւորվելու են դեպի ՀՀ կառավարության շենք: Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում ազատամարտիկները եռօրյա նստացույց էին սկսել՝ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների եւ մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքներն ու զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Այդ պահանջները նամակի տեսքով ներկայացրել էին ՀՀ կառավարությանը, սակայն մինչ օրս դեռ հստակ պատասխան չեն ստացել: Նշենք, որ երեկ նստացույց հայտարարած ազատամարտիկներին են մոտեցել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության պետ Սուրեն Հարությունյանն ու ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի արագ արձագանքման խումբը: «Սուրեն Հարությունյանը հայտնեց, որ կառավարությունը շարունակում է ազատամարտիկների խնդիրների քննարկումը»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության ներքո մարտական ուղի անցած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ի դեպ, ազատամարտիկներն իրենց նստացույցը երեկ անցկացրել են հայրենասիրական երգեր երգելով:
ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ