Շարունակում ենք ներկայացնել Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի կողմից ծեծի ենթարկված 86-րդ դասարանի նախկին աշակերտուհի Լիդիայի մայրիկի` Նատալյա Սարգսյանի նամակը:
«Ապրիլի 23-ին՝ ժամը 08:35-ին, իմ դստերը՝ Լիդիա Սարգսյանին՝ Չեխովի անվան համար 55 դպրոցի 86-րդ դասարանի աշակերտուհուն, անձամբ դպրոցից դուրս է վռնդել դպրոցի տնօրեն Գայանե Ժորայի Սարուխանյանը, այդ պահին ասել է՝ «ի՞նչ տեսք ունես դու, կգնաս, կզգեստափոխվես, կգաս, կտեսնեմ»: Անչափահաս երեխան, հնարավորություն չունենալով մուտք գործել տուն (չունենալով տան բանալիներ եւ բջջային հեռախոս (համաձայն դպրոցի կանոնադրության, որն արգելում է դպրոցում բջջային հեռախոս ունենալ)), հայտնվել է փողոցում ավելի քան 5 ժամ՝ առանց նրա համար պատասխանատվություն կրող անձանց (դասատուների՝ օրենքով ստանձնած այդ պարտավորությունը), դրանով վտանգի ենթարկելով նրա կյանքը: Նշեմ, որ երեխայի հագուստի ձեւը լիովին համապատասխանում էր աշակերտուհու նկատմամբ բոլոր պահանջներին:
2013թ. ապրիլի 23-ին՝ ժամը 14:30-ին, ես անձամբ դիմել եմ կրթության եւ գիտության նախարարություն՝ 610-րդ աշխատասենյակ՝ ճշտելու տնօրենի արարքի իրավունակությունը: Ինձ ընդունած աշխատակիցը կապվել էր քաղաքապետարանի կրթության բաժնի հետ եւ ասել, որ ինձ սպասում են թիվ 55 դպրոցում, որ ես պետք է անձամբ գնամ այնտեղ եւ տեղում ամեն ինչ պարզեմ: Ես հասա դպրոց 30 րոպե անց: Մինչեւ տնօրենի սենյակ մտնելը ես միացրի բջջային հեռախոսիս ձայնագրման սարքը՝ մտավախություն ունենալով իրավիճակի երկիմաստությունից եւ հետագա հետեւություններից: Ես սկսեցի խոսակցությունը… Սակայն, ընդհատելով ինձ, Սարուխանյանը հարցրեց, թե ունեմ ես ձայնագրման սարք, եւ պահանջեց, որ ես թողնեմ իմ անձնական իրերը (թղթապանակը եւ հեռախոսները) ընդունարանում՝ օգնականի մոտ: Ես պատասխանեցի, որ իր պահանջներն օրինական չեն, եւ ես իմ գործողություններով չեմ խախտում ոչ մեկի իրավունքները: Ինչից հետո Սարուխանյանը վեր կացավ եւ լքեց իր սենյակը: Ես զանգահարեցի կրթության նախարարություն, որտեղից ինձ ուղարկել էին դպրոց, եւ ասացի, որ տնօրենը հրաժարվում է ինձ ընդունել եւ խոսել ինձ հետ: Ինչին պատասխան ստացա. «Եկե՛ք նախարարություն եւ բողո՛ք գրեք: Դուրս գալով տնօրենի աշխատասենյակից ընդունարան, որտեղ գտնվում էին դպրոցի մանկավարժները եւ տնօրեն Սարուխանյանը, ես խնդրեցի ընդունելությունը մերժելու վերաբերյալ գրություն՝ միաժամանակ կատարելով ձայնագրություններ իմ բջջային հեռախոսով, որտեղ ֆիքսվել էր մանկավարժին «վայել» եւ «համապատասխան» պահվածքը՝ Սարուխանյան Գայանե ուսուցչի, տնօրենի, անդաստիարակ, ոչ հեռատես, սահմանափակ, շուկայական կնոջը վայել վարքով պահվածքը:
Սարուխանյանը, ձեռքին ջրի շիշը բռնած, անցավ իր աշխատասենյակ, ես հետեւեցի նրան… Սարուխանյանը, թեքվելով դեպի ինձ, խլեց իմ ձեռքից բջջային հեռախոսս՝ շփելով շշի ջուրը իմ երեսին: Ես պահանջեցի Սարուխանյանից վերադարձնել ինձ պատկանող սեփականությունը՝ բջջային հեռախոսը:
Իմ պահանջներին ի պատասխան՝ Սարուխանյանը հայտարարեց, որ կվերադարձնի իմ հեռախոսը, եթե ես ջնջեմ նոր արված բոլոր ձայնագրությունները: Ես մի քանի անգամ ասացի, որ նրա գործողություններն իրավաչափ չեն, եւ ես պնդում եմ, որ կատարեն իմ պահանջները հեռախոսի վերադարձման մասին: Շարունակելով բռնել իմ հեռախոսը, փորձելով ինձ դուրս հանել աշխատասենյակից՝ Սարուխանյանը խնդրեց ներկա գտնվող ուսուցիչներին օգնության կանչել դպրոցի անվտանգության աշխատակից Գարիկ Թորոսյանին:
Եկան անվտանգության աշխատակիցը եւ ռազմական պատրաստության դասատուն: Սարուխանյանը փոխանցեց ինձ պատկանող գույքը՝ բջջային հեռախոսը, անվտանգության աշխատակցին, եւ նա, բռնելով իմ հեռախոսը, շատ կոպիտ, ուժ գործադրելով, ծեծի ենթարկելով, սկսեց ինձ հրել, բռնել եւ քաշքշել ձեռքերից՝ դուրս վռնդելով տնօրենի աշխատասենյակից, պոկելով վզիս վրա եղած զարդը:
Դուրս չգալով աշխատասենյակից՝ ես կրկնում էի իմ պահանջներն անձնական բջջային հեռախոսի վերադարձման մասին:
Դուրս հանելով եւ ուժով հրելով ինձ տնօրենի աշխատասենյակից, ծեծելով՝ անվտանգության աշխատակից Գարիկ Թորոսյանը եւ ներկա մանկավարժները սեղմեցին դուռը վրաս եւ մի քանի անգամ ինձ հարվածեցին դռնով, ինչի հետքերը ֆիքսվել են դատաբժշկական փորձագետի կողմից: Թորոսյանը փոխանցեց իմ հեռախոսը ներկա գտնվող ուսուցիչներին: Եվ այդպես ինձ դուրս վռնդեցին աշխատասենյակից: Մի քանի րոպե անց դուրս եկավ Սարուխանյանը եւ լկտիաբար հարցրեց ինձ, թե ինչ է կատարվել, ինչու եմ ես այդպես վրդովված: Որոշ ժամանակ անց դուրս եկավ Թորոսյանը, որը խոսում էր իր բջջային հեռախոսով: Ես հետեւեցի նրան՝ չդադարելով կրկնել իմ պահանջները բջջայինս վերադարձնելու մասին:
Թորոսյանը խոսակցություն էր տանում նույն մոդելի բջջային հեռախոսի առանձնահատկությունների, ձայնագրությունների վերացման մասին, ինչ որ իմ հեռախոսն է: Ուշադրություն չդարձնելով իմ պահանջին՝ Թորոսյանը մտավ տնօրենի աշխատասենյակ: 15 րոպե անց ես հայտնաբերեցի իմ հեռախոսը տնօրենի ընդունարանում:
Իմ բջջային հեռախոսի մեջ կային խիստ անձնական բնույթի ձայնագրություններ՝ կոդեր, էլեկտրոնային բանկային հաշիվների եւ հասցեների գաղտնաբառեր, անձնական փաստաթղթերի պատճեններ: Կարելի է միայն ենթադրել, թե ով, որտեղ եւ երբ կարող է դրանք օգտագործել:
Տեղում ստուգելով հեռախոսիս տեղեկատվությունը՝ ես չհայտնաբերեցի բոլոր անձնական ձայնագրությունները, դրանք գողացված եւ ջնջված էին, չկար նաեւ տնօրեն Սարուխանյանի տեսագրությունը, որտեղ ի հայտ էր եկել նրա իսկական դեմքը եւ դպրոցի տնօրենի, «մանկավարժի» էությունը: Այնուհետեւ Սարուխանյանը դուրս եկավ, լկտիաբար հարցրեց. «Ջնջեցի՞ք, ի՞նչ է այստեղ կատարվում: Ինչո՞ւ եք աղմկում»:
Տնօրեն Սարուխանյանը կատարված միջադեպի վերաբերյալ հնչեցրել է զանազան մեկնաբանություններ ու տվել այդ միջադեպին իր սեփական գնահատականները: Կարծում եմ, որ եկել էր ժամանակը հանրության դատին հանձնել կատարված միջադեպի վերաբերյալ իմ փաստերն ու ապացուցված մանրամասները: Եվ թող հանրությունն ինքը տա օբյեկտիվ եւ անաչառ գնահատական տեղի ունեցածի վերաբերյալ:
Հարգանքներով՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի նախկին աշակերտուհու մայր՝ Սարգսյան Նատալյա Յուրիեւնա»:
(Նամակի ռուսերեն տարբերակը՝ www.armlur.am-ում):
«ՋՈՒՐԸ ՇՓԵՑ ԵՐԵՍԻՍ, ԾԵԾԵԼՈՎ ԴՈՒՐՍ ՀԱՆԵՑԻՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ