Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ստատուս քվոյի պահպանման առաջին պատասխանատուն Ադրբեջանն է, որը սրում է իրավիճակն ու չի արձագանքում Մինսկի խմբի եռանախագահների կոչերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով այն դիտարկմանը, որ «Ադրբեջանի արտգործնախարարը վերջերս իր մեկնաբանություններում արդեն ծաղրում է Մինսկի խմբի համանախագահներին, ասում է նրանց հետ չի հանդիպի, քանի որ դրա իմաստն արդեն չկա, իսկ Հայաստանին մեղադրում է ստատուս քվոն համառորեն պահելու մեջ»: Նախարարի խոսքով` Հայաստանն ու Մինսկի խումբը շահագրգիռ են ստատուս քվոյի փոփոխությանը, իսկ Ադրբեջանը, բանակցային ճանապարհով հարցի կարգավորման հանձնառությունը չստանձնելու միջոցով, նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը:
«Առաջին պատասխանատուն Ադրբեջանն է, որ ստատուս քվոն պահպանվում է, քանի որ ստատուս քվոն կարելի է փոխել բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով: Ով է դեմ հետաքննության մեխանիզմների ստեղծմանը` Ադրբեջանը: Նրանք հնարել են, որ եթե մեխանիզմը ստեղծվի, դա կնպաստի ստատուս քվոյի պահպանությանը: Ճիշտ հակառակը, եթե մեխանիզմը հաստատվի, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների շարունակության համար` ուղղված խնդրի կարգավորմանը»,-նշեց ՀՀ արտգործնախարարը` հույս հայտնելով,
որ Ադրբեջանը հետ կկանգնի իր որդեգրած ապակառուցողական ուղուց, իսկ Հայաստանը կշարունակի ջանքերը բացառապես հիմանխնդրի
խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին ծաղրելուն, ապա Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ դա պաշտոնական Բաքվի կողմից եզակի քայլ չէ: «Բաքուն բազմիցս օգտագործում է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտություններ` ուղղված եռանախագահներին ու բոլոր նրանց, ովքեր հանդգնում են հայտնել կարծիք, որը չի համընկնում նրանց պաշտոնական կարծիքին»,ասաց ԱԳ նախարարը:
Ըստ նախարարի` դրանով Ադրբեջանը շանտաժի է ենթարկում նրանց ու փորձում ինչոր օգուտներ կորզել, որը, սակայն, ուղղվում է իրենց դեմ:
«Զարմանալի է, որ դասեր չեն քաղում, քանի որ հակառակ էֆֆեկտն է տալիս նրանց այս քայլը: Միջագզային հանարության կարծիքն ու դիրքորոշումը այս կեցվածքի վերաբերյալ տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դառնում»,-շեշտեց Էդվարդ
Նալբանդյանը: