ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունվարի կեսերից կառավարությունում գործում է ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծ մշակող աշխատանքային խումբ: Մեզ հաջողվեց պարզել, որ այդ խմբի անդամներից են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջիններս հիմնականում հավաքվում են ՀՀ կառավարությունում` երեկոյան ժամերին: Նրանք աշխատում են օր առաջ ավարտել աշխատանքը: «Ժողովուրդը» Հրայր Թովմասյանից փորձեց պարզել, թե քվեարկության էլեկտրոնային համակարգն ինչպիսինն է լինելու, նա ասաց. «Մի քիչ համբերե՛ք, Կիկոսի մահվան օրն է դարձել, ոչ ոք ոչինչ չի տեսել, չի լսել, բայց բոլորը քննարկում են էլեկտրոնային համակարգի մասին… Անվտանգության առաջին պայմանն այն է, որ դրանք լոկալ ցանցեր են, ինտերնետին միացված չեն, որպեսզի դրսից հնարավոր չլինի կառավարել: Դրանք x փուլում որոշվելիք հարցեր են»:

 

 
Չնայած, ողջ քաղաքական դաշտը կանխատեսում էր, որ երեկ հստակություն կմտցվի ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի կայացման խնդրում, սակայն էլի տեղի չունեցավ: Երեկ գումարված ՀՀԿ ԳՄ գիշերային նիստում նոր կոալիցիայի վերաբերյալ որոշումն այդպես էլ չկայացվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կողմերը նախ չէին կարողանում համաձայնության գալ պաշտոնների շուրջ, քանի որ ՀՀԿ-ն չի ցանկանում ապագա կոալիցիոն գործընկերոջը տալ այն պաշտոնները, որոնք ՀՅԴ-ն է ցանկանում: Բացի այդ, ՀՅԴ իր ապագա պաշտոնյաների համար լիակատար ազատության քարտ բլանշ է ուզում: ՀՅԴ-ում համոզված են, որ այդ դեպքում կապ չունի, թե որ նախարարությունները եւ մարզերը իրենց կտրվեն, քանի որ իրենց նախարարները կկարողանան գործնական արդյունք ցույց տալ, ինչը ընտրողների շրջանում իրենց հեղինակությունը կբարձրացնի: Սակայն նման հեռանկարը եւս ՀՀԿ-ի ղեկավար կազմի սրտով չէ: Ինչեւէ, ենթադրվում է, որ մինչեւ եկող շաբաթվա վերջ այս թնջուկը, ի վերջո, կհանգուցալուծվի:

 

 

 
Նոր Սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել անցած տարվա դեկտեմբերի 22-ից, ուշագրավ միտում ունի: Այն կառուցված է մի տրամաբանությամբ, որի պայմաններում Սերժ Սարգսյանի վաղաժամ պաշտոնանկությունը, կամ վատառողջության հիմքով լիազորությունները վայր դնելը բացառվում է: Իսկ ավելի կոնկրետ, եթե ինչ-ինչ պատճառով Սերժ Սարգսյանը վաղաժամ զրկվի իր լիազորություններից, ապա Հայաստանում իսկական սահմանադրական ճգնաժամ կստեղծվի: Նշենք, որ նախագահի պաշտոնի թափուր մնալու դեպքում նրա պարտականությունները կատարում է ԱԺ նախագահը: Բայց արդյոք այդ դեպքում պետք է նախկին լիազորությամբ նոր նախագահ ընտրվի, եթե այո, ապա ինչ ժամկետով եւ այսպես շարունակ: Այսինքն՝ նոր Սահմանադրության տեքստը գրողները չեն համարձակվել Սերժ Սարգսյանի վաղաժամ պաշտոնանկության տարբերակը դիտարկել եւ, ըստ այդմ, լուծումներ նախատեսել: Իսկ եթե նրանց հույսերը չարդարանան, եւ Սերժ Սարգսյանը վաղաժամ ասպարեզից հեռանա, ապա Հայաստանը կհայտնվի «իրավական քաոսում»:

 

 
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չբացառեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրենց՝ ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կարող է լինել։ Երիտասարդ, որ Հայոց բանակում չի ծառայել, եղել է նախարարությունում խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային չափանիշների ներդրման ապահովողը: Իսկ թե ինչ արդյունքներ կան, թերեւս դժվար չէ կռահել: Հիշեցնենք, որ ՄԻՊ մասին օրենքի 2-րդ հոդվածի՝ «Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը…»: Այսինքն՝ օմբուդսմեն կարող է լինել նա, ով հանրության շրջանում ճանաչված եւ հեղինակություն ունեցող անձնավորություն է: Սակայն Արման Թաթոյանի ամենաէական «առավելությունն» այն է, որ նա Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հովանավորյալներից է ու նրա մոտ ունի բարձր հեղինակություն: Ի դեպ, նույն Մինասյանն էր, որ զոհաբերեց նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին:

 

 

 
ՉԻՄԱՍՏՆԱՑԱՆՔ

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ամենատպավորիչ միջոցառումը, անկասկած, Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի մատուցած պատարագն էր, որի ընթացքում Պապը 1915թ իրադարձություններն անվանել էր 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Հենց այս պատարագն էր, որ մերձիշխանական քարոզիչների կողմից ներկայացվում էր որպես Վատիկանում ՀՀ դեսպանի` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փայլուն աշխատանքի արդյունք, աննախադեպ մի իրադարձություն, որը լրջագույն քաղաքական ազդեցություն էր ունենալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Ավելին՝ որոշ գործիչներ անգամ տեսակետ հնչեցրին, թե Պապի հայտարարությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այլեւս կարելի է ավարտված համարել: Սակայն հաջորդող ժամանակահատվածում այդպես էլ որեւէ ակնառու զարգացում այդ հարցում չեղավ. ո՛չ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը, ո՛չ էլ ավելի ուշ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ընդունման մասին օրենսդրական նախաձեռնության քննարկումները ունեցան առարկայական շարունակություն: Իսկ արդեն անցած աշնանը ՄԻԵԴ վճիռը` հօգուտ թուրք պատմաբան Դօղու Փէրինչեքի, առհասարակ, կասկածի տակ դրեց ժխտողականության քրեականացման գործընթացը:
Եվ, այնուամենանիվ, Հռոմի Պապի հայտարարությունը շարունակում էր մնալ ուժեղ եւ հուսադրող գործոն, որը, սակայն, ինչպես պարզվեց` արված էր խիստ ժամանակավոր գործածության նպատակով: Նախօրեին Վատիկանը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ` Հայոց ցեղասպանությունը որակելով որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»: Առավել ցավալի է այն, որ ի հավելումն այս բնորոշման՝ հայտարարության հեղինակները նաեւ հիշել են 1977թ. Վատիկանում Թուրքիայի դեսպանի սպանության մասին, որը կատարվել էր «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ»-ի կողմից: Եվ, ահա, այսպիսի թրքասիրական հայտարարությունից բառացիորեն ժամեր անց հայտնի դարձավ, որ Վատիկանում Թուրքիայի դեսպանը, ով շուրջ ինն ամիս առաջ` նշված պատարագից անմիջապես հետո, հետ էր կանչվել Անկարա, պատրաստվում է վերադառնալ Վատիկան: Իհարկե, մեզ համար սա շատ ցավալի շրջադարձ է, որը ցույց է տալիս, որ անգամ Աստծո տեղապահն է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ուրանում իր իսկ խոսքը, սակայն առավել ցավալի է տեսնելը, որ մենք ամբողջ հարյուր տարի նման ոգեւորություններից հետո հայտնվելով հիասթափությունների գրկում` էլի շարունակում ենք կարեւորել այս կամ այն պետության ղեկավարի կամ հոգեւոր առաջնորդի կողմից մեր ցավի ճանաչումն ու դատապարտումը:
Մինչդեռ թվում է՝ հարյուր տարին բավարար ժամանակ էր իմաստնանալու եւ հասկանալու համար, որ քանի դեռ մենք այնքան ուժեղ չենք, որ մտածենք ՀԱՏՈՒՑՄԱՆ մասին, այլոց կեղծ ճանաչումների վրա մեր ներուժը չպետք է վատնենք:




Լրահոս