ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԴԵՆ ԼԱՎ Է
Նոյեմբերյանի թիվ N զորամասում զոհված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հետ հրազենային վնասվածք ստացած Հրաչ Սարգսյանի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն է, նա արդեն տեղափոխվել է ընդհանուր բաժին եւ դինամիկ վերականգնվում է: Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արա Ասատուրյանի տեղեկացմամբ` «կարելի է ասել, որ բուժման կարիք զինծառայողն այլեւս չունի, նրան մնում է անցնել վերականգնողական փուլը»: ԿԿԶՀ-ն արդեն բանակցում է Կարմիր խաչի հետ, որպեսզի հետագա վերականգնողական փուլը Հրաչ Սարգսյանը շարունակի այնտեղ: Այդուհանդերձ, ըստ Ա. Ասատուրյանի՝ նա զինվորական ծառայության էլ չի վերադառնա:

ԳՈՂԱԿԱ՞Ն, ԹԵ՞…
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու մասին: Բանն այն է, որ Ղուկասյանը՝ որպես վկա, հրավիրված էր ցուցմունք տալու իր դստեր նշանած Կարեն Եսայանի սպանության գործի շրջանակներում, բայց այդպես էլ դատարան չի ներկայացել: Առաջիկայում, փաստորեն, նա ստիպված կլինի դատարան գալ ստիպողաբար: Նկատենք, որ Վ. Ղուկասյանն իր պաշտոնավարման ժամանակ եւս մշտապես «գողական է գնացել». նա ո՛չ ցուցմունք է տվել, ո՛չ էլ իրավապահ մարմիններին ուղարկված որեւէ գրության տակ անձամբ ստորագրել՝ դա համարելով իր համար ամոթալի երեւույթ: Եվ, փաստորեն, բոլորին է հետաքրքիր՝ բերման ենթարկվելով դատարան՝ նա ցուցմունք կտա, թե ոչ:

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանը, որը մեղադրվում է իրեն ամրակցված ինքնաձիգից կուրսանտ Սիփան Մովսիսյանին սպանելու մեջ, 2 ամսով կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):




Լրահոս