ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ փութաջանորեն ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին լծված մասնագիտական խումբը մտադիր է արագ ավարտին հասցնել գործընթացը, եւ արդեն որոշում կա՝ անցնել ընտրությունների էլեկտրոնային տարբերակին:

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, ԸՕ փոփոխությունների մասնագիտական խմբի փաստացի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ:
-Պարո՛ն Թովմասյան, արդյո՞ք էլեկտրոնային համակարգով ընտրություններ անցկացնելն ի սկզբանե մարդկանց քվեարկությունը վերահսկելու նպատակ չի հետապնդում, որպեսզի մարդիկ իրենց ձայնն ինքնակամ տան իշխանություններին: Խոսքը հատկապես պետական համակարգում աշխատող մարդկանց մասին է, որոնք կվախենան տեխնիկական միջոցներով ընտրության վերահսկողության հեռանկարից եւ ինքնակամ կքվեարկեն իշխանության օգտին:
-Եթե երկրում հնարավոր չեղավ ստեղծելու այնպիսի մթնոլորտ, վստահություն, որ ընտրողների մոտ կասկած չառաջանա՝ էլեկտրոնային համակարգը քվեարկության վերահսկողության միջոց չէ, ապա այդ համակարգի ներդրումը շատ վատ հետեւանքներ կարող է առաջացնել: Այդ վստահության երաշխիքը պետք է լինի տվյալ համակարգի միջազգային աուդիտը, որպեսզի երաշխավորված լինի: Հակառակ դեպքում, բացասական հետեւանքները շատ մեծ կլինեն: Այս դեպքում պետությունը ձեռնպահ կմնա էլեկտրոնային համակարգի ներդրումից:
-Իսկ ի՞նչ համակարգի մասին է խոսքը:
-Խոսքը քվեարկության համակարգի մասին է, քանի որ էլեկտրոնային համակարգերը մի քանիսն են: Գրանցման համակարգը՝ ընտրողի գրանցումը կամ նույնականացման ստուգման համակարգը, սարքեր են, որոնք քեզ ինդենտիֆիկացնում են՝ դա դու ես, թե ոչ: Այստեղ մարդկային գործոնը զրո է: Պարզապես այդ համակարգի մեջ առկա են մարդու տվյալները, ու երբ անձը հաստատող փաստաթղթի տվյալները ներկայացվում են համակարգին, էկրանին հայտնվում է մարդու նկարը կամ ինչ-որ ազդանշան, որ ներկայացվածը նույն մարդն է: Անձի նույնականացումից հետո արդեն սովորական պայմաններով թղթային եղանակով իրականացվում է գրանցումը: Այսինքն՝ պարտադիր չէ, որ հանձնաժողովի որեւէ անդամ վերցնի, ստուգում, թեեւ կարող է նաեւ դա անել: Այս համակարգի ներդրումը կասկած չի առաջացնում, որովհետեւ դրան զուգահեռ նաեւ թղթային եղանակով է գրանցումն իրականացնելու: Սա պաշտպանության նոր մակարդակ է, եւ կարծում եմ, որ անկախ ամեն ինչից՝ այս համակարգը պետք է ներդրվի: Այսինքն՝ խոսքը վերաբերում է ընտրողների նույնականացմանը: Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, որտեղ մոնիտորների միջոցով կարող են անել, տարբեր եղանակներ կան: Ավելի խելոք քվեարկության տուփեր կան, երբ քվեաթերթիկները դնում ես, ինքը կարողանում է անմիջապես նաեւ կարդալ, բայց այս համակարգերի ներդրմանը ես ինքս այս փուլում ձեռնպահ կմնամ առաջարկելուց, քանի դեռ չկա հավատ, չկա 100 տոկոսանոց երաշխիք, որ համակարգերն անձեռնմխելի են եւ անվտանգության ամենաբարձր երաշխիքները ունեն:
-Ի՞նչ պիտի անեք, որ մարդիկ վստահեն այդ նոր համակարգին, եւ, առհասարակ, 100 տոկոսանոց երաշխիք ինչպե՞ս պետք է ձեռք բերեք:
-X փուլում: Կան աշխարահռչակ կազմակերպություններ, որոնք այդ գործը անում են, ու առաջին անգամ չէ, որ անում են տարբեր երկրներում: Կան կազմակերպություններ, որոնք երաշխավոր պետք է լինեն, աուդիտ պետք է անցկացնեն եւ ասեն՝ համակարգը այնպիսին չէ, որ երրորդ կուրսի ուսանողը կարող է կոտրել: Հնարավոր է՝ ասի, որ համակարգը կոտրելը կարելի է, բայց դա կարող են անել 15 օրվա ընթացքում, դա մեկ ժամվա, 10 ժամվա ընթացքում բացառված է անել:
-Եթե ինտերնետին միացված համակարգ է, նույնիսկ 1-ին կուրսի ուսանողը կկարողանա:
-Անվտանգության առաջին պայմանն այն է, որ դրանք լոկալ ցանցեր են, ինտերնետին միացված չեն, որպեսզի դրսից հնարավոր չլինի կառավարել: Կրկնում եմ՝ դրանք x փուլում որոշվելիք են: Ուստի այս շրջանակներում դեռեւս պետք է փորձել լուծումներ գտնել: Չեմ բացառում նաեւ, որ այդ այլընտրանքային հնարավորությունը օրենսգրքում կարող է նախատեսվել եւ որոշ տեղամասերում դա փորձել անել, կամ օրինակ՝ ՏԻՄ ընտրություններում դրանք փորձարկենք թեկուզ մի քաղաքում, երկու քաղաքում, տեսնենք՝ իրականում վստահություն կա՞ դրա նկատմանբ, թե՞ ոչ, նոր հետո համապետական ընտրություններում փորձ անել:
-Հայտնի է, որ գյուղերում տեխնիկական հագեցվածությունն ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում, քան մայրաքաղաքում: Եւ չի բացառվում, որ մարդկանց անտեղյակությունն օգտագործելով՝ իշխանության ներկայացուցիչները «նշանակեն» որեւէ մեկի, որը ողջ գյուղի փոխարեն կընտրի:
-Ձեզ վստահեցնում եմ, որ գրագիտության տրամաբանության առումով մեր շարքային գյուղացին մի քանի անգամ ավելի բարձր է: Կա այդպիսի խնդիր, որ, հա, այս ինչ եք բերում, չեն հասկանա, բարդ է, բայց կյանք է, կսովորեցնեն, կբացատրեն, ցույց կտան:
-Իսկ եթե չբացատրե՞ն, այլ նրանց փոխարեն քվեարկե՞ն:
-Երբ դանակ ես սարքում՝ հաց կտրելու համար, կարող ես մտածել, որ դրանով ամեն ինչ էլ կարող ես անել:
-Բա ինչո՞ւ չեք քննարկում քաղաքական ուժերի հետ՝ նորամուծությունների ռիսկը հաշվի առնելով:
-Գիտեք՝ ցանկալի կլինի, որ խռովածություն չլինի: Վատ բառ եմ, միգուցե, օգտագործում, բայց քաղաքականության մեջ սա վատ երեւույթ է, եւ լավ ընտրական օրենսգիք ունենալը դա միայն իշխանությանը պետք չէ, բոլորին է պետք: Այստեղ ակնկալում եմ քաղաքական ընդդիմության ակտիվ քննարկումները: Կարծում եմ՝ առաջիկայում պառլամենտում դուք ականատես կլինեք նման քննարկումների, եւ չեմ բացառում, որ շատ լուծումներ կարող են գալ քաղաքական ընդդիմությունից եւ դրանք տեղ կգտնեն մեր ընտրական օրենսգրքում: Մենք կունենանք այնպիսի ընտրական օրենսգիրք, որը բոլոր քաղաքական խաղացողների կողմից քաղաքական համակարգի վստահություն կներշնչի:
-Իսկ այն քաղաքացին, որ տարիներով Հայաստանում չի եղել եւ նույնականացման քարտ չունի, նա ցուցակից դուրս է մնալու:
-Ո՛չ, մոտենում ես, տալիս ես քո անձնագիրը, ինքը գրում է քո անուն, ազգանունը կամ միայն անձնագրի տվյալներն են գրանցում, էկրանին բերում է քո նկարը եւ ասում է՝ ընտրելու իրավունք ունես, թե ոչ:
-Այսինքն՝ որեւէ մեկն ընտրական ցուցակից դուրս չի՞ մնա:
-Ո՛չ, ցուցակից ոչ ոք դուրս չի մնա, այս դեպքում ցուցակը կլինի ե՛ւ էլետրոնային, ե՛ւ թղթային: Մյուս կողմից՝ մի քիչ համբերե՛ք, Կիկոսի մահվան օրն է դարձել. ոչ ոք ոչինչ չի տեսել, չի լսել, բայց բոլորը քննարկում են: Եթե էլեկտրոնային համակարգ դնեք, եթե պաշտպանված չլինի, ապա հնարավոր կլինի կեղծել, հետո գալիս, ասում ես՝ չկա էլեկտրոնային համակարգը, եւ այդ եթե-ները, ապա-ները դուրս են մնում: Ասել եմ՝ այդ քննարկումների արդյունքում ամենամեծ շահագրգռվածությունն ունի կառավարությունը, պետք է քննարկենք բոլոր շահագրգիռ կողմերի, կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների հետ եւ տեսնենք՝ դրանցից առավել արդյունավետը որն է մեր երկրի համար: Մի քիչ համբերությամբ զինվեք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ
Հունվարի 30-ին Կիեւյան կամրջից նետված 47-ամյա Արտակ Գալստյանը չուներ այնպիսի խնդիր, որ գնար այդ քայլին: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին ինքնասպան եղած Արտակ Գալստյանի հարազատները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում:
Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը աշխատում էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում որպես արտադրամասի պետ, իսկ նրա եղբայրը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանն է: Վերջինս ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից է:
Ինչո՞ւ պետք է Գալստյանը գնար այս քայլին: Ըստ խոսակցությունների` վերջինս պարտքեր է ունեցել, հետո լուրեր եղան, թե հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված, եւ նրան ստիպել են անուններ տալ, որն էլ միգուցե դարձել է դժբախտության պատճառը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքնասպան եղած Գալստյանի հարազատները տարակուսեցին, որ չեն կարողանում հասկանալ, թե ինչու պետք է այդ քայլին դիմեր: Կատարվածը շոկ է. «Նա դրամի կամ պարտքի այնպիսի խնդիր չուներ, որ գնար այդ քայլին»:
Անդրադառնալով հատուկ քննչական ծառայությունում վերջինիս մասով քննվող քրեական գործին՝ Արտակ Գալստյանի մտերիմը պնդեց, որ դա այն գործ չէր, որ Արտակին սպառնային, կամ նա որոշեր իր կյանքին վերջ տալ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործը կապված է այն իրողության հետ, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում մի քանի աշխատակիցներով մշակված ոսկու թափոնները վերցրել են, վերամշակել, ոսկի ստացել եւ բաշխել:
Ի դեպ, Արտակ Գալստյանի մտերիմները հայտնեցին, որ նա որեւէ նամակ չի թողել, այլ զանգահարել է կնոջը եւ տեղյակ պահել իր քայլի մասին՝ հորդորելով երեխաներին լավ նայել: Ու մինչ կինը կհասներ կամուրջ, ամուսինը արդեն ցած է նետվել: Հիմա հարազատները փորձում են հասկանալ կատարվածի պատճառը: Ոստիկանության նախկին աշխատակից եղբայրը եւս իր աղբյուրներով փորձում է պարզել, թե ինչն է եղբորը դրդել ինքնասպանության:

 

ՀԱՑ ԳՆԵԼԻՍ
2015 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի տակ կնոջ դի կա: Մինչ օրս անհասկանալի է, թե 35-ամյա կինը, որը երկու երեխաների մայր էր, ինչ պայմաններում է հայտնվել Կիեւյան կամրջի տակ: Ինքնասպա՞ն է եղել, թե՞ նրան սպանել են, պարզ չէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կամրջի տակ հայտնված կնոջ եղբայրն աշխատում է ՀՀ ոստիկանությունում: Կնոջ հարազատները եւս պնդում են, որ իրենց քույրը որեւէ խնդիր չուներ, որպեսզի ինքնասպան լիներ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ղարաբաղում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը: Սահակյանը կարեւորել է աշխատանքների պատշաճ կատարումը՝ պահպանելով նախանշված ժամկետները:

 
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 30-ից փետրվարի 2-ը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել: «Մի շարք մասնավոր հավաքներում ու լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին արտակարգ դրությանը եւ վերահաս ժողովրդագրական ճգնաժամին, արժանապատվությամբ լիազորված քաղաքացիների ու առանց քաղբանտարկյալների իրավական հայրենիք կառուցելու մարտահրավերներին»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:

 

ԿՆՎԻՐԱԲԵՐՎԻ ՀՖՖ-ԻՆ
Էջմիածնի Մարգարա խճուղի թիվ 12 հասցեում գտնվող 5.5601 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆուտբոլի ակադեմիա կառուցելու նպատակով: Կառավարության ներկայացմամբ` ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 միլիոն դրամի ներդրում: Մեկ այլ որոշմամբ էլ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց 130 հասցեում գտնվող 1257.2 քառակուսի մետր մակերեսով «Հոբելյանական» մարզադաշտի, ինչպես նաեւ դրա սպասարկման եւ օգտագործման համար հատկացված 5.9 հեկտար հողամասը կնվիրաբերվի ՀՖՖ-ին ֆեդերացիայի կարիքների համար: Այստեղ էլ ՀՖՖ-ն կկատարի 800 միլիոն դրամի ներդրում:




Լրահոս