ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄՈՏ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նախորդ տարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարել էր խստացնել գազալցակայաններում անվտանգության ռեժիմների վերահսկողությունը եւ մշտապես հետեւել դրանց: Սակայն նախարար Երիցյանը կարծես թե անհաղորդ է վարչապետի հանձնարարականին, ինչի արդյունքում հանրապետությունում սնկի պես աճում են այն գազալցակայանները, որոնք կառուցվում եւ շահագործվում են հրդեհային անվտանգության նորմերի խախտումներով:

Հիշեցնենք, որ անցած տարվա հունիս եւ հուլիս ամիսներին Երեւանի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 173 ԱԳԼՃԿ-ների համար կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ դրանցից 158-ը ենթարկվել են վարչական տուգանքի՝ 25-150 հազար դրամի չափով (ընդամենը՝ 10 385 000 դրամ):
Սակայն հանրապետությունում բազմաթիվ են այն գազալցակայանները, որոնք դեռ շարունակում են շահագործվել՝ հրդեհային անվտանգության կանոները խախտելով:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը ՀՀ տարբեր մարզերի բնակիչներից ահազանգեր է ստանում: Հերթական ահազանգը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչներից է: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիների պատմելով՝ Աշտարակ քաղաքի կենտրոնական հրապարակից մոտ 400 մետր հեռավորության վրա՝ Երեւանյան փողոցում, նոր գազալցակայան է կառուցվում: Այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ: Գազալցակայանի կառուցումը խիստ զայրացրել է աշտարակցիներին, քանի որ այն կառուցվում է բնակավայրերի, խանութների, սեփական տների մոտ, որտեղ մարդկանց անցուդարձը մեծ է, եւ փոքր պայթյունն էլ կարող է մեծ վնասների հանգեցնել: Ավելի քան 1 տարի է, ինչ աշտարակցիները պայքարում են այս գազալցակայանի կառուցման դեմ, սակայն անարդյունք:
Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին Աշտարակի ավագանու անդամները երկու անգամ բոյկոտել են ավագանու նիստերը՝ քաղաքի կենտրոնական հատվածներից մեկի օտարման հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով: Ավագանու անդամների մեծ մասը դեմ էին քվեարկել 1320 քառակուսի մետր տարածքի օտարմանը՝ կասկածներ ունենալով, որ այստեղ կառուցվելու է խոշոր գազալցակայան, որը վտանգի տակ կդնի հարեւանությամբ գտնվող բնակելի շենքերն ու վերակառուցվող մարզադպրոցը: Փաստորեն, ավագանու անդամները չէին սխալվել:
Նշենք, որ գազի տնտեսություններում անվտանգության կանոնների վերաբերյալ կառավարության՝ 2006 թվականի 2399 որոշման պահանջների համաձայն՝ գազալցակայանը պետք է լինի շենքերից եւ շինություններից առնվազն 80մ հեռավորության վրա: Մինչդեռ տվյալ դեպքում նոր կառուցվող գազալցակայանը բնակելի շենքերից ու կառուցվող մարզադպրոցից ընդամենը մի քանի քայլ է բաժանում: «Գազալցակայանի անմիջապես հարեւանությամբ մարզադպրոց են կառուցում, այդտեղ է գտնվում նաեւ նախկին գաստրոնոմը, խանութներ, բենզալցակայաններ, սեփական տներ… բնակավայր է: Այդ նորակառույց գազալցակայանից 30 մետր հեռավորության վրա սեփական տուն կա, որտեղ մարդիկ են ապրում: Իսկ Աշտարակի քաղաքապետարանից էլ այն հեռու է մոտ 150-200 մետրով»,- ներկայացրեց Աշտարակի բնակիչներից մեկը:
«Ժողովուրդ»-ին դիմած աշտարակցիների պատմելով՝ իրենց քաղաքապետը՝ Արմեն Անտոնյանը, սկզբնական շրջանում դեմ է եղել գազալցակայանի կառուցմանը, սակայն հետո վերջինիս «համոզել են», եւ նա իր թույլտվությունը տվել է: Աշտարակցիները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս գազալցակայանը կառուցողի «տանիքը» ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման պետական վարչության պետ Արման Սահակյանը: Տեղեկությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Արման Սահակյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Այնուհետեւ զրուցեցինք Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ, ով լսելով հարցը՝ խիստ վրդովվեց եւ հայտարարեց, որ ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս. «Ես տեղյակ եմ, եւ եթե Աշտարակում որեւէ շինարարություն են անում, ապա օրենքներին համապատասխան են անում»,-ասաց նա: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը քաղաքապետին փոխանցեց, որ աշտարակցիները ավելի քան 1 տարի է, ինչ բողոքում են գազալցակայանի կառուցման դեմ, սակայն քաղաքային իշխանությունները անհաղորդ են. «Ե՞րբ են բողոքում բնակիչները: Ինձ չեն բողոքել»,- հավաստիացրեց քաղաքապետը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Աշտարակ քաղաքի կենտրոնական մասում գազալցակայան կառուցողը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի հորեղբոր որդին՝ Անդրանիկ Մանուկյանն է: «Ժողովուրդ»-ը վերջինիս հետ չկարողացավ կապ հաստատել, այդ պատճառով էլ զրուցեցինք ԱԺ պատգամավոր Մ. Մանուկյանի հետ, ով սակայն ասաց. «Ես ընդհանրապես կապ չունեմ իր հետ»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ եթե ինքը կապ չունի գազալցակայանի սեփականատիրոջ հետ, ապա ինչու է համառորեն իր անունը շոշափվում, Մանուկյանը պատասխանեց. «Իմ բարեկամական կապը վաղուց խզված է: Ես ինչ իմանամ՝ ինչու են իմ անունը այդքան շոշափում, գուցե այդպես անում են, որ իրենց համար լավ լինի»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն՝ պարզելու համար՝ արդյոք Աշտարակի Երեւանյան փողոցում գազալցակայանը սահմանված նորմերով է կառուցվում: Սակայն ՏԿԱԻՆ աշխատակիցը պահանջեց հարցը գրավոր ուղարկել եւ նշել նոր կառուցվող գազալցակայանի ամբողջական հասցեն եւ կառուցող ընկերության անունը:
Մեզ մնում է միայն ավելացնել, որ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը բավարարվում է միայն հրապարակավ հուզիչ ելույթներ ունենալով, սեփական փիառն առաջ տանելով` անտեսելով իր ղեկավարած ոլորտի խնդիրները: Իսկ կոնկրետ գազալցակայաններում անվտանգության նորմերի խախտումների հետեւանքով գրանցվող մարդկային զոհերը նրան, ըստ ամենայնի, չեն հուզում: Հակառակ դեպքում անցյալ տարի գրանցված բազմաթիվ նման դեպքերից եւ վարչապետի խիստ հանձնարարականից հետո Արմեն Երիցյանը չպետք է որ թույլ տար վերը նշված գազալցակայանի կառուցումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՓԱՍՏԱՑԻ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՆ, ԴԵ ՅՈՒՐԵ՝ ՈՉ
Մինչ կենտրոնական եւ տեղական իշխանություններն ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսում են Գյումրին տնակներից վերջնականապես ազատագրելու իրենց ծրագրերի մասին, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են իրենց գոյապայքարը արդեն 3 տասնամյակի կենսագրություն ունեցող, ֆիզիկապես ու բարոյապես «հալումաշ» եղած տնակներում: Թորոսյանների ընտանիքը հենց այդպիսին է: Մինչ երկրաշարժը Թորոսյանները բնակվել են Հարթագյուղ համայնքում, իսկ երբ փլվել է նրանց երկհարկանի տունը, մնացել են անօթեւան եւ եկել Գյումրի, որտեղ էլ տնակ են գնել ու հաստատվել Ղանդիլյան 119-172 հասցեում: «Մեր տնակի տեղը առաջ անտառ էր եւ ճահիճ: Հետո անտառը հատեցին երկրաշարժից հետո ու ճահիճն էլ իբր չորացրեցին: Մենք մեր տնակը դրեցինք էդտեղ: Հիմա գետինը սողում է, նստվածք է տալիս, ու ճիշտ է՝ քարերի վրա է հավաքված տնակը, բայց կամաց-կամաց «սուզվում» ենք: Դե, ճահճի վրա կապրինք, տղա ջան, գիտես, ճահճի հողը քաշե գը: Էդ խոնավությունից ամեն ինչ փտել-քայքայվել է, հատակ չկա, տանիքը արդեն բանի պետք չէ: Հարեւան տնակի բնակիչները գնացին, իրանց հատակի լինոլիումներն եմ բերել, ծակ տեղերը փակել: Ամառը մեր դարդը քիչ է, առնետներն էլ մյուս կողմից վրա կուտան, հազիվ կապրինք: Անձրեւի ու ձյան ժամանակ կաթոցն է, ամառը առնետները»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց կենսապայմանները ներկայացրեց ընտանիքի մայրը` Էմմա Թորոսյանը:
Տարիներն ու խոնավությունը քայքայել են տնակը, որտեղ ապրում են Թորոսյան ամուսինները` իրենց դստեր, փոքր որդու եւ երկու մանկահասակ թոռնիկների հետ: Սակայն քանի որ այս ընտանիքն ունի գյուղի գրանցում, Գյումրիի իշխանությունները որեւէ պարտավորություն չունեն նրանց հանդեպ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ ատյանների է դիմել բնակմակերեսի հատկացման խնդրանքով, տիկին Էմման պատասխանեց. «Շատ տեղեր եմ դիմել, բայց միշտ մերժում եմ ստացել: Դեռ Վարդան Ղուկասյանն էր քաղաքապետ, իրա մոտը մի անգամ գնացի, ասաց, որ նամակ գրեմ Ազգային ժողովին, թող իրենք որոշեն, քանի որ ես գյուղի անօթեւան եմ, քաղաքի անօթեւանը չեմ: Ըդպես էլ մնացինք մինչեւ օրս»:
Նշենք, որ այսօր Գյումրիում ապրում են նույնպիսի կարգավիճակ ունեցող հարյուրավոր անօթեւան ընտանիքներ:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի

 

 

ԿԷԺԱՆԱՆԱ՞
Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ գազի գինը պետք է լինի մատչելի տնտեսության ու բնակչության համար: Համաշխարհային տնտեսության մեջ ընթացող զարգացումներով պայմանավորված` ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլեւ հնարավորությունը. «Գազի սպառման ծավալների նվազումը վկայում է, որ «Գազպրոմ Արմենիան» կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս տրամաբանությունը հանրությանը եւ իր ղեկավարությանը հասու դարձնելու գործում, ինչի արդյունքում թե՛ ընկերության, թե՛ Ռուսաստանի համար հստակ կդառնա մեր առաջարկի փոխշահավետ բնույթը»:

 
510 ՄԻԼԻՈՆԻ ՏՈՒՅԺԵՐԸ ՆԵՐԵՑԻՆ
Երեկ ՀՀ կառավարությունը հաստատեց «Հրազդան Ցեմենտ» ընկերությանը 510 մլն դրամ տույժերից ազատելու որոշման նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ գործարանի հաշիվներն արգելափակված են, ընդհանուր պարտքն էլ կազմում է մոտ մեկ մլրդ դրամ: Ընկերության գույքը գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան» բանկում: «Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի եւ հաշվի վրայից հանել արգելանքը եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր՝ ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը»,-ասել է Ճշմարիտյանը:
Ըստ հիմնավորման՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետեւանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա՝ արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ: 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ: Ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ. ըստ ծրագրի՝ նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016թ. տարեկան ծավալը հասցնել մինչեւ 200 հազ.տ. եւ ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Վերը նշվածի արդյունքում (ըստ ընկերության գնահատականի) պետբյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկ:




Լրահոս