«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ամբողջական վերլուծությունը ներկայացվել է Սերժ Սարգսյանին, վերջինս իր մոտ է հրավիրել ՀՀԿ-ի հանրաքվեի շտաբի ներկայացուցիչներին եւ մի լավ նախատել: Նշված վերլուծությունները փաստել են, որ հանրաքվեի քվեարկության` իշխանությունների համար ցանկալի արդյունքները հնարավոր է եղել ապահովել բացահայտ եւ կոպիտ ընտրակեղծիքների միջոցով: Այսպես կոչված՝ «աննկատ» կեղծարարության համակարգը չի գործել եւ ի վիճակի չի եղել «արդյունք» ապահովել: Սերժ Սարգսյանը ասել է, որ հանրաքվեում կիրառված խայտառակ մեթոդներով «ութերորդ դասարանցին էլ կարող էր անհրաժեշտ արդյունքն ապահովել»: Հիշեցնենք, որ մի շարք գերատեսչությունների ղեկավարներից կազմված ՀՀԿ-ի շտաբը ղեկավարում էր անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մեր տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակը Սերժ Սարգսյանին խիստ զայրացրել է, քանի որ 2017 թվականին առանց խոչընդոտների ԱԺ բացարձակ մեծամասնություն ձեւավորելու ծրագիրը չի հաջողվի: Ինչո՞ւ, որովհետեւ նախորդ տարի կայացած հանրաքվեն առանց լուրջ հակազդեցության եւ ընտրողների ընդհանուր անտարբերության պայմաններում անցավ: Եւ այդ պայմաններում ընտրական տեղամասերի մեկ քառորդում իշխանությունները ստիպված են եղել ընդունել իրենց պարտությունը, մյուսներում էլ թվերը կարողացել են փոխել կոպիտ ուժային մեթոդների եւ շանտաժների միջոցով: Իսկ ի՞նչ կլինի, եթե ողջ ընդդիմությունը ներգրավված լինի ընտրական գործընթացում, ընտրողներն էլ շահագրգռված լինեն քվեարկության ելքով ինչ-որ բան փոխելու հարցում: Այս հարցի պատասխանն է եղել Սերժ Սարգսյանի զայրույթի պատճառը:
Ուկրաինան այն երկրներից է, որի պատվիրակներից չորսը մասնակցել էին ԵԽԽՎ-ի այս տարվա ձմեռային նստաշրջանին եւ կողմ էին քվեարկել հակահայկական զեկույցներին: Այս փաստի համար Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը սուր քննադատության ենթարկվեց նաեւ մեր կողմից: Բայց երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակները 12-ն են, որոնցից այդ չարաբաստիկ նիստին մասնակցել են միայն 4-ը: Սակայն առավել ուշագրավը Մանուկյանի հետեւյալ դիտարկումն էր. «Հայկական պատվիրակությունը չպետք է թույլ տար, որ այդ երկու բանաձեւերը քննարկվեին կոմիտեների նիստերում, հետո մեծ օրակարգում: Որ ադրբեջանցիներին մեղադրում են խավիարական դիվանագիտության մեջ, կամ խավիարով առնելու մեջ, դուք էլ փորձեիք ուրիշ միջոցներով շահագրգռել, համոզել, որ հակահայկական հարցերը չմտնեն օրակարգ: Երբ բանը բանից անցնում է, դիվանագետներին մասնակից են դարձնում եւ ողջ մեղքը բարդում են դիվանագետների վրա»: Զրույցը՝ էջ 2
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորում նոր ՋԷԿ կառուցել: Այս ծրագրի ուշագրավ կողմն այն է, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն բացահայտում, թե ովքեր են պոտենցիալ ներդրողները, որոնց հետ իրենք հույսեր են կապում: Տեղեկացվում է միայն, որ նոր ՋԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ գումարների հետքերը տանում են Մեծ Բրիտանիա՝ դեպի դեսպան Արմեն Սարգսյան: Բայց միաժամանակ հայտնի է, որ Բրիտանիան առանձնապես մեծ ջանքեր չի ներդնում՝ իր տարածքով «կեղտոտ» փողերի շրջանառությունը թույլ չտալու համար: Այսինքն՝ ոչ ոք չի կարող բացառել, որ նոր ՋԷԿ կառուցելու ծրագրի թիկունքում իրականում կանգնած լինեն հայաստանցի պաշտոնյաներ, որոնք օֆշորային ընկերության միջոցով ցանկանում են այդ կերպ ներդնել եւ օրինականացնել պետբյուջեից գողացված գումարները: Նման տարբերակը հնարավոր կլիներ բացառել միայն մեկ դեպքում, եթե ՀՀ կառավարությունը հստակ պարզաբաներ, թե ծրագրի վրա ծախսվելիք գումարների տերերն ովքեր են, եւ որտեղից նրանց այն:
Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ միջազգային պահուստները նվազել են 31 մլն դոլարով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԿԲ երեկ հրապարակած տվյալներից: Տեղեկացնենք, որ 2015-ի վերջին միջազգային պահուստները եղել են 1 մլրդ 771 մլն 200 հազար դոլար, իսկ 2016-ի հունվարի վերջին այդ ցուցանիշը կազմել է 1 մլրդ 740 մլն 200 հազար դոլար: Ի դեպ, միջազգային պահուստները Հայաստանի «վատ օրերի համար ետ գցված» գումարներն են: Հիշեցնենք, որ այդ գումարները սկսել են նվազել 2014 թվականի հունվարից: Մինչ այդ ՀՀ միջազգային պահուստները 2 մլրդ 251 մլն 600 հազար դոլար էին: 2015-ի փետրվարին այդ գումարը իջավ մինչեւ 1 մլրդ 260 մլն 900 հազար դոլար: Հաջորդած ամիսներին, մինչեւ 2015-ի հուլիսը այդ գումարները կրկին սկսեցին աճել` վարկային միջոցների ներգրավման հաշվին եւ հասան 1 մլրդ 702 մլն 500 հազ. դոլարի: Այնուհետեւ միջազգային պահուստները կրկին սկսեցին նվազել, եւ միայն անցած տարվա դեկտեմբերին այդ գումարները, կրկին վարկային միջոցների հաշվին, վերստին աճել էին:
ՔԱՋԱԼԵՐՈՂԸ
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրներին, այդ թվում եւ Իրանի հետ էներգետիկ ծրագրերի իրականացմանը. «Հայաստանն իր ցանկացած թվով երկրների հետ ամուր եւ փոխշահավետ հարաբերություններ կերտելու ինքնիշխան իրավունք ունի: Իրանի հարցում ԱՄՆ կառավարությունը երախտագիտությամբ է ընդունում այն դերակատարումը, որ… ունեցավ Հայաստանը՝ տարիների ընթացքում լիարժեքորեն հարգելով Իրանի նկատմամբ միջազգային հանրության պատժամիջոցները, նույնիսկ այն դեպքերում, երբ դա Հայաստանի ու նրա տնտեսության համար գին ուներ: Իսկ հունվարի 16-ին ազդարարվեց պատժամիջոցների չեղարկման մասին, եւ բնական է, որ Հայաստանը սկսի մտածել, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ Իրանի հետ իր քաղաքական ու տնտեսական կապերի վրա»:
Իհարկե, լավ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը երախտապարտ է Հայաստանին, եւ նաեւ լավ է, որ ԱՄՆ դեսպանի մակարդակով արձանագրվում է, որ Իրանի հետ մեր էներգետիկ համագործակցությունը չզարգացնելը Հայաստանի տնտեսության համար գին ուներ: Բայց այս հաճոյախոսություններից անդին` ինչ է այս տարիներին արել ԱՄՆ-ն, որպեսզի Հայաստանը, որը Միացյալ Նահանգների ճնշման տակ վճարում էր այդ չափազանց մեծ գինը` վերջնականապես եւ հարյուր տոկոսով չընկներ Ռուսաստանից կախվածության մեջ: Մեծ հաշվով` ոչինչ:
Մեզանում ընդունված է կարծել, որ Իրան-Հայաստան գազատարի թողունակության փոքրացումը Ռոբերտ Քոչարյանի ապիկար գործունեության եւ Մոսկվայի ճնշումներին տեղի տալու արդյունքում եղավ, մինչդեռ քչերն են բարձրաձայնում, որ դա իրականում արվեց հենց Միացյալ Նահանգների անհաղթահարելի ճնշումների արդյունքում: Եվ ստացվում է այն, որ այսօր Հայաստանը գտնվում է Ռուսաստանի էներգետիկ մահակի լիակատար ազդեցության ներքո` մեծապես նաեւ Միացյալ Նահանգների շնորհիվ է:
Եվ առնվազն տարակուսելի է, որ արձագանքելով հայ-իրանական էներգետիկ համագործակցության հեռանկարի շուրջ ԱՄՆ կառավարության դիրքորոշման մասին հարցին` դեսպան Միլսն ասում է.«Մենք վաղուց ի վեր քաջալերում ենք Հայաստանին հետամուտ լինել էներգակիրների դիվերսիֆիկացմանը, մասնավորապես՝ դիտարկել … տարածաշրջանային ավելի լայն ինտեգրումից բխող հնարավորությունները, որոնք թույլ կտան մեծացնել էներգետիկ անվտանգությունն ու խուսափել որեւէ մեկ կողմից գերկախվածությունից»:
Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում Հայաստանն այսօր հնարավորություն ունի էներգետիկ անվտանգության եւ դիվերսիֆիկացման հարցում համագործակցել բացառապես եւ միայն Իրանի հետ, իսկ վերջինիս հետ համագործակցությունն էլ, ինչպես դեսպանն ինքն է նշում՝ հնարավոր դարձավ բացառապես հունվարի 16-ից հետո: Այնպես որ, անհասկանալի է, թե վաղուց ի վեր արված ինչ քաջալերանքների մասին է խոսում ԱՄՆ դեսպանը: