ԻՆՉՊԵ՞Ս ԿՀԱՆԴԱՐՏԵՑՆԵՆ ԿՐԱԿԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄ ՏՎԱԾՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը որոշել է «թեւերը փռել» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վրա եւ պետական բոլոր լծակներով նրան սատարել: Հունիսի 1-ի կրակոցներից միայն 4 օր անց հրապարակ նետվեցին Խաչատրյանի տան դիմաց կատարվածի տեսագրության մանրամասները, ինչը բազում հարցեր է հարուցում:

ՌԴ-ԻՑ ԵԿԱԾ ՎՐԵԺԻ ԽՈՍՏՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ Ս. Խաչատրյանն անհետացել է: Այս նախադասության հիմնավորումն այն խիստ հավաստի տեղեկությունն էր, որ Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանի երրորդ եղբայրը, որը Ռուսաստանի Դաշնությունում խոշոր գործարար է, Հայաստան է եկել: Ընդ որում նա Հայաստան է եկել ոչ միայն իր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու, այլեւ հենց Ս. Խաչատրյանից վրեժ լուծելու վճռական տրամադրությամբ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ այս մտադրության մասին օպերատիվ ինֆորմացիա է ստացել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որն անձամբ գնացել է՝ օդանավակայանում դիմավորելու Բուդաղյանների երրորդ եղբորը՝ նրան հանդարտեցնելու նպատակով: Իհարկե, ոստիկանությունից պաշտոնապես չհաստատեցին այս տեղեկությունը, բայց եւ չհերքեցին՝ ասելով, թե Գասպարյանի հանդիպումների մասին տեղեկություն չեն կարող տրամադրել:
Ինչեւէ, Վլ. Գասպարյանը, ըստ մեր տեղեկությունների, բավական լուրջ զրույց է ունեցել ռուսաստանաբնակ Բուդաղյանի հետ, որը ոստիկանապետին խնդրել է չխառնվել իրենց հարցերին՝ «սա մեր բազարն է» պատճառաբանությամբ: Այս մասին, բնականաբար, տեղյակ է նաեւ Սերժ Սարգսյանը, ում ցանկացած մանրուք այս գործով զեկուցվում է: Ու թերեւս սա էր պատճառը, որ Գասպարյանը երեկ news.am-ի հետ զրույցում այսպիսի միտք հայտնեց. «Մեր երկրում զոռբայությամբ, զենքով, արյամբ հարց չի լուծվում: Իսկ եթե որոշ բթամիտներ չեն հասկանում, կհասկանան»:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԻՍԿԱՅԻ ԿՈՂՔԻՆ

Կարծում ենք՝ Բուդաղյան եղբոր հետ համաձայնության չգալու պատճառներից էր նաեւ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, համաձայն որի՝ Ս. Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել: Այսինքն՝ պաշտոնապես փորձ է արվում ապացուցել, որ Խաչատրյանն այս դեպքում մեղավոր չէ, որպեսզի չգործի «սամասուդի» տարբերակը, եւ Լիսկան ազատ շրջի երկրում:
Խաչատրյանի կյանքը եւ բարգավաճ ապագան չխաթարելուն ուղղված պետական աջակցության մասին են խոսում նաեւ ՀՀ կառավարության անդեմ պահվածքը (գործադիրի այսօրվա նիստի օրակարգում մարզպետի հրաժարականի կամ պաշտոնանկության հարց չկա) եւ Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը, որտեղ առավել մեծ դեր է վերապահված մարզպետի կնոջը՝ նրան հավասարեցնելով գրեթե Փառանձեմ թագուհու կերպարին:
Բացի այդ, երեկ խոսեց նաեւ ինքը՝ Ս. Խաչատրյանը. «Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը, ի՞նչ կանես, պետք է պաշտպանվես, չէ՞: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետեւ զոհը երիտասարդ տղա է… դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է»: Ս. Խաչատրյանն այդպես էլ չի մանրամասնել՝ շարունակելու է պաշտոնավարել, թե ոչ: Մարզպետն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչու է իր հետ մի սեղանի շուրջ հաց կերած մարդը զենքը ձեռքին եկել իր տան վրա. «Շան գլուխն էլ հենց այդտեղ է թաղված»: Իհարկե, ոչ ոք չի կարող արդարացնել բանակի սպային, որ նա իր ծառայողական զենքն օգտագործել է հայի վրա կրակելու համար, սակայն փաստ է, որ սա տարիների կուտակված ցասման կրակոց է եղել՝ վերջ տալու «բեսպրեդելին», քանի որ մեր երկրում իրավապահ համակարգ՝ որպես այդպիսին, չի գործում կամ գործում է ընտրովի:

«ԿՌԻՎ ԿԻՆՈՅԻ» ՎԻԴԵՈՆ

Երեկ՝ երեկոյան, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտած դեպքի բուն ընթացքի տեսագրության համառոտ բովանդակությունը ներկայացրին (ինչի իրավունքը, իհարկե, չունեին՝ նախաքննական գաղտնիքներ կան այնտեղ): Ըստ այդմ. «Հունիսի 1-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, մարզպետի երկու որդին առանձին-առանձին, իրենց մեքենաներով տուն են գալիս: Ժամը 22:16-ին մարզպետն է տուն վերադառնում, որից հետո ամբողջ ընթացքում այլեւս չի երեւում տեսապատկերներում: Ժամը 22:36-ին տան բակին իր մեքենայով մոտենում է Ավետիք Բուդաղյանը: Այնտեղ այդժամ կանգնածները (մարզպետի երկու որդին, վարորդը, Նիկոլայ Աբրահամյանն ու Զարզանդ Նիկողոսյանը) մոտենում են Ավետիք Բուդաղյանին: Տեսագրությունը ձայնագրություն չի պարունակում, ուստիեւ չի իմացվում, թե ինչ են խոսում: Զրույցը տեւում է երկու-երեք րոպե: Նրանց շարժումներից երեւում է, որ խոսակցությունը տեղի է ունենում լարված մթնոլորտում: Հավաքվածներին է մոտենում մարզպետի կինը՝ Լորետա Բարսեղյանը: Քիչ հետո Ավետիք Բուդաղյանը հեռանում է մեքենայով»:
Այսինքն՝ կինը կարողանում է ժամանակավորապես համոզել «տաքացած» Բուդաղյանին: Բայց. «Ժամը 23:06-ին տան բակին կրկին մոտենում է (նախորդից ավելի արագ ընթացքով) Ավետիք Բուդաղյանը: Այնտեղ գտնվող հինգ տղաները, որոնց անունները նշեցինք վերեւում, մոտենում են նրան: Այնուհետեւ մոտենում է մարզպետի կինը: Նորից խոսակցություն Ավետիք Բուդաղյանի եւ հավաքվածների միջեւ: Մեկ-երկու րոպեից մարզպետի տանն է մոտենում (Բակունցի հրապարակի կողմից) մեկ այլ մեքենա: Ավետիքն իր մեքենայով փակում է եկող մեքենայի ճանապարհը: Մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանը (հավաքվածներից մի քանի մետր հեռու) եւ անմիջապես կրակ բացում: Հավաքվածները դեսուդեն են փախչում: Լորետա Բարսեղյանը մոտենում է Արտակ Բուդաղյանին եւ բռնում զենքից, փորձում խլել այն կամ խանգարել կրակելուն: Եվ երեք կրակոցի ուղղություն, կարծեք, հաջողվում է փոխել: Լորետա Բարսեղյանը եւ Արտակ Բուդաղյանը շարունակում են իրար քաշքշել, բայց գնդապետին հաջողվում է առաջ շարժվել: Նրան է մոտենում Ավետիքը եւ փորձում կանգնեցնել եղբորը: Այդ պահին երկու եղբայրը վայր են ընկնում կողքի ավազաթմբի վրա»: Նկատեցի՞ք: Կրակոցներից բոլորը դեսուդեն են փախչում, իսկ մարզպետի կինը գալիս է՝ խլելու զենքը եւ թեքելու կրակոցների ուղղությունը:

Ո՞Վ Է ԿՐԱԿՈՂԸ

Ինչեւէ. «Քիչ անց վեր է կենում Ավետիքը. քայլվածքից երեւում է, որ նա արդեն վիրավոր է: Հետեւից նրան է մոտենում եւ թիկունքից բռնում Նիկոլայ Աբրահամյանն ու Ավետիքի զենքը խլում: Վերջինս մի նոր զենքով է կրակում Նիկոլայի վրա, որը վայր է ընկնում եւ մնում տեղում: Ավետիքը փորձում է առաջ շարժվել դեպի բակի կողմը, բայց դիմացից կրակում են (կրակողները չեն երեւում տեսապատկերում): Հետ է քաշվում, մեկ անգամ եւս կրակում դարպասի ուղղությամբ ու ընկնում գետնին: Մինչ այդ պահը գնդապետը շարունակում էր մնալ ավազաթմբի վրա ընկած: Տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է: Մոտենում է գետնին ընկած Ավետիքին եւ ձեռքի շարժումներ անում (ենթադրվում է, որ օգնություն է կանչում): Տնից մարդիկ (այդ թվում եւ կին) են մոտենում… Ավետիքն ընկած էր մեքենայի մյուս կողմում, ուստիեւ չի երեւում, թե ինչպես են առաջին օգնություն ցույց տալիս նրան»: Այստեղ մարզպետարանի «կրիմինալագետ» աշխատակիցները կարողացել են ֆիքսել ամենակարեւորը՝ անհայտ է, թե ով է կրակում դիմացից: Արդյոք մարզպետի որդի՞ն է, թիկնապա՞հը, թե՞ հենց ինքը՝ քնից արթնացած Խաչատրյանը՝ գուցե խալաթով:
Շարունակենք ներկայացնել մարզպետի վարկածը. «Կրկին տեսադաշտում միայն Լորետա Բարսեղյանն է. մոտենում է ավազաթմբին ընկած գնդապետին, նախ ոտքով խփում-հրում է կողքին ընկած զենքը, այնուհետեւ ձեռքը մեկնում Արտակին, վեր բարձրացնելու փորձ անում, բայց վայր է ընկնում ավազաթմբի վրա, բարձրանում ու նորից քայլում դեպի Ավետիքը: Այնուհետեւ մի տեսարան է, երբ մարդիկ փորձում են երկու վիրավորին՝ Ավետիքին եւ Նիկոլային դնել մեքենայում՝ ըստ էության հիվանդանոց տանելու համար: Դեռ չէին հասցրել վիրավորներին դնել մեքենայում, երբ գնդապետն ավազաթմբից վեր է բարձրանում վիրավոր վիճակում, ինչը երեւում է նրա քայլվածքից, քայլում դեպի եղբայրը եւ այնտեղ էլ վայր ընկնում: Հավաքվածները շարունակում են արդեն ակնհայտ երեւացող երեք վիրավորին մեքենաներում դնելու ջանքերը: Վիրավորներին ուղարկելուց հետո Լորետա Բարսեղյանը մոտենում է գետնին ընկած զենքերին, որ տարբեր տեղերում էին: Ժամը 23:30-ին վիրավորները տեղափոխված էին…»: Ողբերգական «կինոն» այստեղ ավարտվում է՝ Լորետայի գլխավոր դերակատարմամբ:
Իհարկե լավ է, որ մարզպետը թափանցիկ է աշխատում, բայց հետաքրքիր է՝ ինչու դա չէր անում հունիսի 1-ի հաջորդ օրը: Արդյո՞ք մոնտաժված չեն այդ կադրերը: Սրանք հարցեր են, որոնք պետք է նախաքննությունը պարզաբանի:

70 ՏՂԱՄԱՐԴ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ

Հավելենք, որ չնայած գործի մանրամասներին ու բացատրություններին՝ Բուդաղյան եղբայրները, այնուամենայնիվ, բավական վճռական են տրամադրված: Ու նրանք ոչ միայն անձամբ, այլեւ ողջ Սյունիքի բնակիչների աջակցությամբ (Սյունիքում բունտ է հասունանում, նույնիսկ հնարավոր է՝ հանրահավաքներ լինեն) մտադիր են մարզում առկա հասարակական տրամադրությունները վեր հանել: Սյունիքում բոլորն են վստահ, որ սա մարզպետի ու նրա ընտանիքի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին քրեական պատմությունն է, ինչի վերջը պետք է օրերից մի օր տալ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արցախյան ազատամարտի ճանապարհով անցած Բուդաղյանների ռուսաստանաբնակ եղբայրը հանդիպել է իրենց ազատամարտիկ գրեթե բոլոր ընկերներին, որոնք պատրաստակամություն են հայտնել անձամբ վնասազերծել Սյունիքի մարզպետին՝ վերջ տալու համար այս «բեսպրեդելին»: 7 տասնյակից ավելի տղամարդիկ միմյանց «տղավարի» խոստացել են, որ անգամ զենք կվերցնեն ու կլինեն կրակողներից մեկը՝ «եթե պիտի դատեն, թող 70-80 մարդու միաժամանակ դատեն» հիմնավորմամբ:
Արդեն 4 օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել Բուդաղյանների կամ նրանց հարազատների հետ, սակայն չի ստացվում: Նրանք հիմնականում խուսափում են մամուլի հետ շփվելուց:   

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս