ՈՎՔԵՐ ԵՆ «ԿԵՐԵԼ» ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ: «Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Եվ այսպես, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԵՄ-ն ՀՀ քննչական կոմիտեին է հանձնել Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային եւ աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, ըստ որի՝ ԵՄ ծրագրով հայաստանյան ոչ առեւտրային կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե որ կազմակերպություններն են, այսպես ասած, «քցել» Եվրամիությանը: Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, թե քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն: Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին ՀՀ քննչական կոմիտեն կտեղեկացնի լրացուցիչ:
Այսպես՝ չնայած կոմիտեն չցանկացավ կատարվածի մասին մանրամասներ ներկայացնել՝ հղում անելով նախաքննության շահերը, սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, թե կոնկրետ որ կազմակերպություններն են «քցել» ԵՄ-ին եւ տրամադրած գումարները «մսխել»:
Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ ԵՄ-ի կողմից տրամադրված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու գործով անցնում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ուսանողական խորհուրդը:
Իսկ ինչու պետք է ԵՄ-ն ուսանողական խորհրդին գումար հատկացներ: Ըստ ամենայնի, Մարտունի քաղաքում գործող ուսումնական հաստատություններին առաջարկվել է կրթական ոլորտի բարեփոխումների կամ միջազգային փորձի մասով թրեյնինգներ անցկացնել: Այս ծրագրի համար ԵՄ-ն Մարտունի քաղաքի համապատասխան ուսումնական հաստատության ուսանողական խորհրդին է փոխանցել «կլորիկ» գումար: Ու հաշվի առնելով նմանօրինակ թրեյնինգների կազմակերպման փորձը՝ յուրաքանչյուր անձ, որ ցանկանում է մասնակցել թրեյնինգին, համապատասխան ղեկավար մարմիններին է ներկայացնում իր անձնագիրը, ստորագրում իր անվան դիմաց եւ գումար ստանում: Բայց կարծես թե ցուցակն ուռճացվել է: Մարտունու ուսանողական խորհուրդը ԵՄ-ին է ներկայացրել ուսանողների թիվը, որոնք իբրեւ թե ստորագրել են ու ստացել:
Բայց երբ թրեյնինգը ավարտվել է, ԵՄ-ն որոշել է աուդիտ անցկացնել եւ, ըստ ամենայնի, իրենց ներկայացված քաղաքացիների անձնագրի տվյալներն ուսումնասիրել է եւ նշված հեռախոսահամարներով զանգահարել է` փորձելով պարզել՝ արդյո՞ք ուսանողներին դուր է եկել թրեյնինգը: Բայց ստացել են անակնկալ պատասխան՝ առ այն, որ նման թրեյնինգի չեն մասնակցել: Չի բացառվում, որ քննության ընթացքում պարզվի, որ, օրինակ, Մարտունու ուսանողական խորհուրդը ԵՄ-ին ներկայացրել է, որ թրեյնինգին մասնակցել է 40 ուսանող, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ընդամենը 5-ն են մասնակցել:
Տեղեկացնենք, որ Մարտունիում մի քանի ուսումնական հաստատություններ են գործում, որոնք ունեն ուսանողական խորհուրդներ: Բայց նրանց մեծ մասը պնդում է, թե ինքը ԵՄ-ի հետ նման ծրագիր չի ունեցել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Յուրա Սուքիասյանը նշեց, որ քոլեջն ունի ուսանողական խորհուրդ, բայց ԵՄ-ից դրամաշնորհ չեն ստացել: Հայաստանում Եվրոպական քոլեջի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Մանուչար Սիմոնյանը եւս վստահեցրեց, որ իրենք ԵՄ-ի հետ նման համագործակցություն չեն ունեցել. «Մենք ուսանողական խորհուրդ ունենք, բայց նման դրամաշնորհ ԵՄ-ից մեզ մոտ չի եղել: Անգամ չգիտեմ էլ՝ դիմեինք, կաջակցեի՞ն, մենք իրենց հետ նման ծրագիր չենք ունեցել»:
Տեղեկացնենք, որ Մարտունու ուսանողական խորհրդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով` յուրացնելը կամ վատնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նկատենք, որ այս գործով միայն Մարտունու ուսանողական խորհուրդը չի անցնում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործով անցնում է նաեւ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԿ-ի տնօրեն Սվետլանա Առուստամյանը հայտնեց, որ թրեյնինգ ծրագիր է եղել: «Այդ շրջանի ղեկավարը, երեւի մարդիկ են պակաս եղել, մի երկու հոգու անուն ավել է գրել: Անկեղծ ասած, հնարավորություն չեղավ, որ ստուգեմ, եւ հետո վստահել էին այդ կնոջը, բայց հետո այդ կինը պատժվեց, հիմա կարիք չկա՝ ես այդ կնոջ անունը շոշափեմ: Այդքան լուրջ բան չէ, այդ կինը բանավոր տույժ է ստացել»:
Տիկին Ռուստամյանը վստահեցրեց, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է իրավապահների կողմից. «Սա հին պատմություն է, ու ինչ եք ասում, ես որեւէ մտավախություն չունեմ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ
Շուրջ մեկուկես տարի տեւած քննությունից հետո Տուգո մականվամբ ԲՀԿ-ական նախկին պատգամավորի կրակոցների գործը ուղարկվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Եվ այսպես, 2014 թվականի օգոստոսի 29-ին, Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում գտնվող «Էլիտ Ռենտա Քար» ՍՊԸ-ի գրասենյակում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով 51-ամյա Սուրեն Իսահակյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ավելի ուշ պարզվել էր, որ Սուրեն Իսահակյանին Թումանյան փողոցում գտնվող «Էլիտ Ռենտա Քար» ՍՊԸ-ի գրասենյակում կրակել եւ վնասվածք էր պատճառել Տուգո մականվամբ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, 53-ամյա Արսեն Ավագյանը:
Իսկ ինչո՞ւ էր նախկին պատգամավորը կրակել Սուրեն Իսահակյանի վրա: Ըստ տեղեկությունների՝ վերջիններս պարտք ու պահանջի խնդիր էին ունեցել: Այս պատմության մեջ ուշագրավ էր այն հանգամանքը, որ հրազենային վնասվածք ստացած եւ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխված Սուրեն Իսահակյանը լրատվամիջոցներին ասել էր, թե ընկել է եւ դրանից է ոտքը վնասել, իսկ, ահա, իրավապահներին հայտնել էր, թե նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին: Սակայն իրավապահներին խաբելն ու, այսպես ասած, կրակոցների գործը կոծկելը նրա մոտ չէր ստացվել:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով), որից հետո Արսեն Ավագյանը կալանավորվել էր:
Եվ, ահա, 2014 թվականին տեղի ունեցած կրակոցների գործը մեկուկես տարի տեւած քննությունից հետո՝ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին, ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Արսեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւան քաղաքի Թումանյան փող. 6 շենքի թիվ 2-3 հասցեում գործող ավտովարձույթի գրասենյակում գտնվող իր աշխատասենյակում գործով չպարզված հանգամանքներում վիճաբանել է իր ծանոթ Սուրեն Իսահակյանի հետ, որի ընթացքում օրինական հիմունքներով իրեն պատկանող «Բերետա» տեսակի ատրճանակից կրակել է Սուրեն Իսահակյանի աջ ոտքին եւ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս: Նշենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը արդեն մեկ տարի է` կալանքի տակ է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ
Նախօրեի գիշերը հակառակորդի գնդակից զոհվել է շարքային զինծառայող 20-ամյա Սիմոն Ճավռշյանը: Նա զորակոչվել էր Շիրակի մարզի Փանիկ գյուղից, ընտանիքի կրտսեր որդին էր: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 
ՇՈՒՏՈՎ ԲԱՑ ԿԹՈՂՆԵՆ
168.am-ի հետ զրույցում, խոսելով Գառնիկ Մարգարյանի ձերբակալության մասին, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն ասել է, որ հանցախմբի առաջնորդներին, ըստ ամենայնի, Մարգարյանը պետք է եղել որպես գնդապետ՝ այս ամենն ավելի հուժկու, ավելի մասշտաբային դարձնելու համար. «Որպեսզի ասեն՝ խնդրեմ, պաշտպանության նախկին փոխնախարար (Վահան Շիրխանյան), ոստիկանության գնդապետ, վարչության պետ, տեսեք՝ ինչ մարդկանցով է համալրված եղել հանցավոր խումբը: Երբ խոսում են հանցավոր խմբի մասին, ու չկան նման դեմքեր, ուրեմն այդ ժամանակ քաղաքացու մոտ կասկած է առաջանում՝ արդյո՞ք այս երիտասարդները 11 ինքնաձիգով, երկու տասնյակ նռնակով պետք է հերթական «Հոկտեմբերի 27» իրականացնեն, ինչպես որակում են»: Եղիազարյանի կարծիքով այս գործը կմտնի դատարան, մի քանի հոգի կդատվեն՝ զենքի եւ ինչ-որ չար միտումների համար, ու սրանով ամեն ինչ կավարտվի: Եղիազարյանի համոզմամբ՝ Գառնիկ Մարգարյանին պահելու հիմքեր արդեն չունեն. «Մեկ ամիս էլ կպահեն ու բաց կթողնեն»:

 

 

ՀԵՏՔԵՐԸ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում Ավետիսյանների սպանության գործով արտագնա դատական երեկվա նիստում հարցաքննվել են 16 վկաներ, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի սահմանապահներ։ Հիշեցնենք, որ նախորդ նիստում եւս դատարան էին կանչվել մի շարք ռուս զինծառայողներ, սակայն նիստից առաջ դատարանը գրություն էր ստացել 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ուստինովից այն մասին, որ վերջիններս հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից եւ Հայաստանում չեն գտնվում։ Նրանց թվում էր, մասնավորապես, ամբաստանյալ Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը՝ պահակակետի պետը, որը, պարզվեց, այլեւս ռուսաստանյան զինված ուժերում չի ծառայում։

 

ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է արել Թվիթերում` նշելով, որ Մինսկի խմբին չի բավարարում ստատուս քվոն: Դիվանագետը նաեւ հավաստել է իրենց լիակատար նվիրվածությունը բանակցություններին հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման:




Լրահոս