Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մոտակայքում գտնվող 11-րդ դարի պատմահնագիտական թանգարաններից մեկի՝ Լոռի բերդաքաղաքի մասին շատ է խոսվել: Տարածքը, պատմական մայրաքաղաք լինելուց բացի, հայտնի է նաեւ իր դամբարանադաշտերով, որոնք տարբեր ժամանակաշրջաններում պեղվել են տարբեր հնագիտական խմբերի կողմից: Հայտնաբերվել են պատմամշակութային արժեք ներկայացնող տարբեր իրեր: Կարեւոր արժեք է ներկայացնում նաեւ բերդաքաղաքի հուշարձանախումբը: Ամեն տարի Հայաստան եկած զբոսաշրջիկներն այցելում եւ ծանոթանում են բերդաքաղաքի պատմությանը: Բնակիչները ցավով են նշում, որ եկեղեցու խաչքարերից մեկը 2007թ. տեղափոխվել է Փարիզ՝ Լուվրի թանգարան:
ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով, որ հուշարձանախումբը կարիք ունի հատուկ ուսումնասիրման եւ պահպանման, 2010թ. ընդունած որոշման համաձայն, ստեղծեց 38,89 հա տարածքով «Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոց, որը միակն է Լոռու մարզում: Մշակույթի նախարարությունում ծրագիրը կարեւորում եւ հեռանկարային են համարում պատմական մշակութային արժեքների ներկայացման ու պահպանման առումով: «Ժողովուրդ»-ի հետ ցրույցում «Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոցի մասնաճյուղի վարիչ Կիմ Սերոբյանը նշեց, որ նախատեսվում է արգելոցի տարածքում կազմակերպել թանգարանային ցուցադրություն, որը կնպաստի հուշարձանի հանրաճանաչմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը եւ զբոսաշրջության զարգացմանը: Թանգարանի ստեղծումը նաեւ նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն կընձեռի՝ դրանով որոշ չափով լուծելով Լոռու Բերդ համայնքի բնակիչների զբաղվածության խնդիրը: Այս ամենն իրականացնելու համար պետք է մեկնարկ տրվի տարածքի բարեկարգմանը, թանգարանի կառուցմանը, էլեկտրաէներգիայի անցկացմանը, ռադիոֆիկացմանը, պետք է լուծվի գիշերային լուսավորության հարցը, կառուցվի ավտոկայանատեղի: Սակայն ֆինանսավորման համար պետությունը դեռ համապատասխան միջոցներ չունի: Պետք է սպասել, իսկ թե ինչքան, պարզ չէ: Միակ տարբերակն այս պահին բարերարների աջակցությունն է:
Լոռի