ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՆ ԳՈՒՄԱՐՈՎ` ՆՈՐ ՋԷԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախատեսում են նոր ՋԷԿ կառուցել, սակայն ոչ ոք չի պարզաբանում, թե ինչ միջոցների հաշվին է այդ ծրագիրն իրականացվելու, ով է այդ ներդրողը, եւ որքան գումար է նա ցանկանում ՀՀ էներգետիկ համակարգում «լվանալ»:

ՀՀ կառավարությունը նախօրեին հավանություն տվեց նոր ՋԷԿ-ի վերաբերյալ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի հետ կնքվելիք փոխըմբռնման հուշագրին: Սակայն հուշագրին կից փաստաթղթերից տեղեկանում ենք, որ նոր ՋԷԿ-ը կառուցելու է «Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ» օֆշորային ընկերությունը: Իսկ թե ինչու են փաստաթղթերում տարբեր ընկերություններ նշված, կարելի է ընդամենը ենթադրել: «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի մասին համացանցի հայկական տիրույթում մինչ երեկ ոչ մի տեղեկություն չկար: Ենթադրվում է, որ այս ընկերությունը նոր պետք է ստեղծվի՝ հատուկ ՋԷԿ-ի հետ կապված գործարքը կյանքի կոչելու համար: Փողերի հետքերը թաղելու այս պրակտիկան Հայաստանում վաղուց է կիրառվում: Ի դեպ, կառավարության նիստում ներկայացված փաստաթղթերում նշված է, թե իբր «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ն ՋԷԿ կառուցելու եւ շահագործելու բնագավառում նշանակալի փորձ ունի: Մեղմ ասած` սուտ է:
Ինչպես նշեցինք՝ ներդրողը «Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունն է, որը գրացված է օֆշորային տարածք հանդիսացող Նեւիս կղզիում: «Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ»-ն իր հերթին պատկանում է «Հանզարդ Թրասթ քոմփանի» ընկերությանը, որը գրանցված է Բրիտանիայի` օֆշորային տարածք հանդիսացող Ջերսի կզում: Այսինքն՝ մի օֆշորային ընկերությունը հիմնադրված է մեկ այլ օֆշորային ընկերության կողմից: Կասկած չկա, որ այդ մեկն էլ մեկ այլ օֆշորային ընկերության կողմից է ստեղծվել եւ այսպես շարունակ: Այլ կերպ ասած՝ մարդիկ ամեն ինչ արել են, որպեսզի որեւէ կերպ հնարավոր չլինի պարզել, թե ովքեր են «Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրները, ում եւ ինչ միջոցների հաշվին ստացված փողերով է այդ ընկերությունը տարբեր ոլորտներում ներդրումներ կատարում: Ամեն դեպքում, նոր ՋԷԿ կառուցել պատրաստվող ընկերությունն ընդամենը գաղտնիության պայմաններում գործող ներդրումային ֆիրմա է: Ավելի կոնկրետ` գործ ունենք «փող լվացող» կառույցի հետ:
Վանաձորում կառուցվելիք նոր ՋԷԿ-ը պետք է լինի 234 ՄՎտ ընդհանուր հզորության: ՋԷԿ-ը նախատեսվում է կառուցել 30 ամսում, այլ կերպ ասած՝ երկուսուկես տարում: Հուշագրի մասին պատմող փաստաթղթերում նշված չէ, թե ՋԷԿ-ի շինարարության համար որքան ներդրում է կատարվելու: Սովորաբար նման հզորության ՋԷԿ կառուցելու համար ծախսվում է 300-ից 400 մլն դոլար գումար:
«Գրեյնջ Հոլդինգ Լիմիթեդ»-ի ներկայացրած ինքնաբնութագրում նշված է, որ իրենք Հայաստանում արդեն իսկ մեկ ծրագիր իրականացնում են. խոսքը Ազատեկի բազմամետաղային հանքավայրի հետազոտման եւ շահագործման մասին է: Այս հանքավայրը պարունակում է ոսկի, արծաթ եւ սուրմա տեսակի մետաղներ: Ի դեպ, նշված է, որ հանքավայրը շահագործում է «Վայք Գոլդ» ընկերությունը: Այս ընկերության մասին նախկինում էլ են մամուլում հրապարակումներ եղել, մասնավորապես, առ այն, որ Ազատեկի հանքավայրի հետազոտման եւ շահագործման թույլտվությունը «Վայք Գոլդ» անունով ընկերության չի տրվել: Ավելին՝ կարող ենք ասել, որ Հայաստանում գրանցված ընկերությունների էլեկտրոնային ռեգիստրում «Վայք Գոլդ» անունով ընկերություն չկա: Հարկ է նշել նաեւ, որ Ազատեկի հանքի հետազոտման եւ շահագործման արտոնագիրը նախկինում պատկանել է «Արմենիակ» ընկերությանը, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն է:
Մեր տեղեկություններով՝ իրականում այս գործարքի թիկունքում կանգնած է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, որը օֆշորում գրանցված եւ կասկածելի ծագում ունեցող փողերով տարատեսակ գործարքներ իրականացնելու մեծ փորձ ունի: Ավելին՝ եթե Արմեն Սարգսյանի կենսագրությունը ուսումնասիրեք, կհամոզվեք, որ նա ոչ թե դեսպան է, այլ ավելի շուտ գործարար: Այդ իսկ պատճառով նա թքած ունի նաեւ ՀՀ օրենսդրության վրա, քանի որ իր գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը ոչ մի անգամ չի ներկայացրել: Ի դեպ, ամենեւին էլ պատահական չէ, որ ամենակարեւոր երկրներից մեկում` Մեծ Բրիտանիայում, Հայաստանը, մեղմ ասած, խայտառակ ձեւով է ներկայացված: Միջազգային տարբեր կառույցներում Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական նախագծերն հիմնականում հենց բրիտանացի պատգամավորների միջոցով են իրականացվում, ինչն այդ երկրում հայկական դիվանագիտության բացակայության արդյունք է:
Ի դեպ, Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը Արմեն Սարգսյանին վստահելու հիմնական պատճառն այն է, որ նա իր հաշվին հոգում է դեսպանատան ծախսերը եւ, որ ավելի կարեւոր է, մի քանի տարին մեկ իր հաշվին Հայաստանից դեպի Միացյալ Թագավորություն բարձր մակարդակով այցեր եւ այդ երկրի ղեկավարության հետ հանդիպումներ է կազմակերպում: Բնականաբար, Արմեն Սարգսյանն այդ «ներդրումը» հենց այնպես չի կատարում: Փոխարենը նա, որպես դեսպան, Բրիտանիայում օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիության բոլոր առավելություններից: Մասնավորապես, դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ մարդիկ կարող են ազատ գումարները մի տեղից մյուսը տանել, անկախ նրանից, թե դրանք ինչ «կեղտոտ» ծագում ունեն: Կարող են օֆշորային որեւէ գոտում ինչ-որ ընկերություն ստեղծել, որը կսկսի հանցավոր ծագմամբ գումարներով ներդրումներ կատարել եւ այլն: Արդյունքում, որոշ ժամանակ անց նախկինում «կեղտոտ» գումարի տերը դառնում է օրինապահ ներդրող:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀՐԱԶԴԱՆՈՎ

«Ժողովուրդ»-ին է դիմել ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Է. Պետրոսյանը, ով հաճախ լինում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Նա ներկայացրել է, որ կոնկրետ մի թաղամասը գտնվում է անմխիթար վիճակում, իսկ քաղաքային իշխանությունները խիստ անտարբեր են դրա հանդեպ:

«Այնտեղ ես հարազատներ ունեմ, այս պատճառով եմ հաճախակի լինում Հրազդանում: Քաղաքն օրեցօր գեղեցկանում է, դառնում է ավելի ու ավելի գրավիչ: Բայց ունի մի թաղամաս, որի անմխիթար վիճակն ինձ անհանգստացնում է: Այդ թաղամասը կոչվում է Հինգերորդ Բանավան: Ժամանակին այն գեղեցիկ էր՝ կանաչապատ եւ մաքուր, որովհետեւ այնտեղ էին ապրում քաղաքի պաշտոնական անձինք: Իսկ այժմ գարնան եւ աշնան ամիսներին փողոցները գրեթե չեն մաքրվում: Հենց մութն ընկնում է, ոչ ոք չի կարող տանից դուրս գալ, անգամ շենքի մյուս մուտք մտնել, որովհետեւ փողոցները չեն լուսավորվում»,- նշված է քաղաքացու՝ «Ժողովուրդ»-ին ուղարկված նամակում:
Նրա պատմելով՝ լուսավոր է միայն զինկոմիսարիատի շրջակայքը: Բացի այս, նշված թաղամասում ոչ մի հասարակական տրանսպորտ չի աշխատում: Բնակիչները պետք է երկար ճանապարհ անցնեն, մինչեւ հասնեն մոտակա որեւէ կանգառ: Նա իր նամակում հիշել է նաեւ, որ տարիներ առաջ այս թաղամասում գործել է բոլորին հայտնի ռուսական դպրոց. «Հետագայում այդ շենքը դարձավ համալսարան, որոշ ժամանակ անց՝ եվրոպական քոլեջ: Իսկ հիմա այդ շենքն ինքն իրեն քանդվում է, իսկ նկուղային հարկը դարձել է թափառական շների կացարան»: Քաղաքացու պատմելով՝ նախկինում՝ ամռան ամիսները հետաքրքիր է անցել Հրազդանի լճափին, որտեղ մարդիկ ժամանակ են անցկացրել: «Այնտեղ գործում էր փրկարարական կայան, աշխատում էին երիտասարդներ, կային մոտորանավակներ եւ թիավարներ, որոնցով հնարավոր էր լինում շրջել լճափով: Իսկ հիմա դրանք չկան, նավակներն էլ պահեստում փչանում են»,- մտահոգվում է «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացու մտահոգությունները փոխանցեցինք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ վերջինս ասաց, որ նշված թաղամասն ունի գիշերային լուսավորություն եւ ասֆալտապատված է: «Եկեք եւ տեղում կտեսնեք, որ ամեն բան էլ կարգին է: Լճափին մենք հաճախակի նավակներով մրցումներ ենք կազմակերպում: Իսկ լիճը ՀԷԿ-երի աշխատանքի պատճառով երբեմն դատարկվում է, բայց երբ լցվում է, անմիջապես այդ սպորտային մրցումները իրականացվում են»,- արդարացավ քաղաքապետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՐՍԸ ԹԱԼԱՆԵԼ Է 3 ԼԻՏՐԱՆՈՑ «ԲԱՆԿԸ»
Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակչուհի, 1987թ. ծնված Լիա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 11-ին իր փաստացի բնակության վայր հանդիսացող Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 11-րդ փողոցի 9-րդ տան ննջասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է իր ամուսնու մոր՝ Ալվարդ Մկրտումյանի 69 հազար դրամ արժողությամբ ոսկյա մատանին: Բացի այդ, տեղյակ լինելով, որ իրենց տան առաջին հարկում պահեստարան հանդիսացող տնակում կախովի կողպեքով փակված փայտյա արկղի մեջ դրված, 3 լիտր տարողությամբ ապակե տարայի մեջ իր ամուսնու եղբայրն ունի 120 հազար դրամ, տան հյուրասենյակից գտած, նշված արկղի կողպեքի բանալիով բացել է արկղը, այնտեղից հափշտակել 120 հազար դրամ: Լ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով, 178 հոդվածի 1-ին մասով եւ 179 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը փետրվարի 5-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին բացահայտվել է հունվարի լույս 14-ի գիշերը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի՝ Կողբ գյուղում գտնվող առանձնատնից կատարված գողությունը: Հանցագործության մեջ կասկածվում են Նոյեմբերյանի զորամասի մի սպա ու եւս 2 հոգի: Սպան ներկայումս գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում:

 

ՂՐԻՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԵՊՔՈՒՄ
Եվրախորհրդարանը երեկ ընդունել է նոր բանաձեւ, որով խստացվում են Ռուսաստանի նկատմամբ պահանջները: Եթե նախկինում հնարավոր էր համարվում պատժամիջոցների մեղմացումը Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունները կատարելու դեպքում, ապա հիմա ներկայացվում է նոր պահանջ` «պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, երբ Ուկրաինան կվերականգնի հսկողությունը Ղրիմի նկատմամբ»։ «Եվրախորհրդարանը սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` այդ պետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է նոր բանաձեւում։

 

ԴՐԱՄՆ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ Է
ԱՄՆ դոլարի փոխարժեքը փետրվարի 5-ին կազմել է 493.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.29 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.70 դրամ (աճել է 3.3 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 717.94 դրամ (նվազել է 2.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.44 դրամ (նվազել է 0,03 դրամով):




Լրահոս