ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆՑԻՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան համայնքի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցը, հնարավոր է, փակվի: Պատճառն աշակերտների թվի նվազումն է: «Ժամանակին ուշադրություն չդարձրին գյուղին, իսկ հիմա այն դատարկվել է: Մնացել են դպրոցի աշխատողներն իրենց երեխաների հետ ու մի քանի ծերեր: Սրանից տարիներ առաջ դպրոցում նույնիսկ սեղանները չէին բավարարում աշակերտների համար: Այն ժամանակ ութամյա դպրոց էր եւ ուներ 300-ից ավելի աշակերտ, իսկ հիմա 12-ամյա դպրոց է, բայց ունի 35 աշակերտ: Նույնիսկ պատերազմական շրջանում այսքան քիչ չի եղել»,-առկա տխուր  իրավիճակը «Ժողովուրդ»-ին ներկայացրեց դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը:
Բարեկամավանը սահմանակից է ադրբեջանական Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին: Գտնվելով անմիջապես հայ-ադրբեջանական սահմանում՝ բարեկամավանցիների սեփականաշնորհված հողատարածքների մեծ մասը չի մշակվում: Հեռավորությունը Երեւանից կազմում է 191 կմ, մարզկենտրոնից՝ 58 կմ, իսկ ՀՀ պետական սահմանից՝ 1 կմ:
«Մենք այս տարի երեք շրջանավարտ տվեցինք, բայց առաջին դասարանի համար ունենալու ենք մեկ աշակերտ: Հնարավոր է, որ մի քանի դասարան կրճատվի, բայց փակել հնարավոր չէ: 90-ականներին, երբ գյուղն ուժգին ռմբակոծվում էր Ադրբեջանի կողմից, աշակերտների թիվը 65 էր: Ընտանիքներն էլ էին շատ, իսկ հիմա… որ տեսնում են՝ այսպես է գյուղի վիճակը, գնում են»,-շարունակեց ներկայացնել դպրոցի տնօրենը:
Աստղիկ Ազատյանն առաջին անգամ Բարեկամավան է եկել 1992թ. դեկտեմբերի 29-ին, երբ գյուղի մեծ մասը ռմբակոծված էր, իսկ 1993-ից սկսել է դպրոցում աշխատել. «Գյուղի մի մասը ռմբակոծված էր, մարդիկ՝ խուճապահար: Նոր տարի էր, ոչ ոք չէր ուրախանում, ես էի էրեխեքին պարացնում, ուրախացնում, որ մեջները հույս արթնացնեի»: Այնուամենայնիվ, այսքան դժվարություններ տեսնելուց հետո էլ նա չի պատրաստվում լքել գյուղը: Դպրոցի այս տարվա շրջանավարտների համար տնօրենը ռուսաստանաբնակ համագյուղացուց գումար է խնդրել, որպեսզի միջոցառում կազմակերպի:
Մեր զրուցակիցը մեծ ափսոսանքով նկատեց, որ հիմա գյուղացիների հողատարածքները Ադրբեջանի տիրապետության տակ են. «Տոննաներով ցորեն էինք հավաքում, իսկ հիմա այդ հողերը մեր ձեռքի տակ չեն: Ադրբեջանցիներն էլ ո՛չ հնձում են, ո՛չ էլ մշակում: Բարեկամավանցիները նույնիսկ տարածք չունեն, որ իրենց անասուններին արածեցնեն: Իսկ մեզ պատկանող տարածքն էլ հատկացվել է հարեւան Ջուջեվան համայնքին այն պատճառաբանությամբ, թե իբր մեր վարչական տարածքին կպած չէ: Այս պատճառով էլ գյուղում քիչ թվով մարդիկ են սկսել անասնապահությամբ զբաղվել: Կա՛մ ծերացել են, կա՛մ էլ չեն կարողանում պահել: Ո՞նց պահեն, եթե խոտ չկա»:
Տնօրենի խոսքով՝ գյուղացիները թոշակով են ապրում, իսկ մի քանիսն էլ «Փարոս» համակարգից են օգտվում. «Ի՞նչ արած, գյուղը դատարկվում է, ավելի ճիշտ՝ դատարկվել է արդեն: Վերակենդանացման բաժանմունքում ենք, ու դժվար թե կյանքի գանք: Էլ հույս չունեմ, մինչեւ հիմա կար այդ հույսը, բայց հիմա՝ չէ»:
Նշենք, որ Բարեկամանը չունի Նոյեմբերյան քաղաքի հետ կապող հանրային տրանսպորտի միջոց: Մարդիկ ստիպված տաքսիներով են գնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված գյուղացիներից մեկը՝ Արմենը, նկատեց, որ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելում իրենց. «Նույնիսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է ուշ-ուշ գալիս: Միայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է այցելում եւ շատ բանով մեզ օգնել է»:
Գյուղացիներից մեկը՝ Անուշը, հուզված ձայնով նկատեց, որ հարեւան ադրբեջանական համայնքներից մշտապես երաժշտության՝ զուռնայի ձայն է լսվում. «Միայն տեսնեիք, թե Եղեռնի օրն ինչ երաժշտություն էր, ինչ ուրախություն, սիրտս պայթում էր: Ու երեք օր այն շարունակվեց: Ցավ ենք ապրում: Բայց ի՞նչ արած: Շատ բան ենք տեսել. մորթած վիճակում տեսել ենք մեր համագյուղացի մի կնոջ, որի ամուսնուն առեւանգել էին, տեսել ենք, թե ինչպես են ցորենի դաշտում սպանել մեր մյուս գյուղացուն: Ի՞նչ գիտեինք, թե սրա վերջը սա է լինելու: Ոչ մեկս էս վերջին չէինք սպասում»:
Իսկ մեկ այլ բնակիչ էլ նկատեց, որ գյուղում երկու խանութ կա, որտեղ «պարտքերի երեք հատ ընդհանուր տետրակ» կա. «Մեր ստացած թոշակը մեզ հերիք կանի, եթե ապրանքի գինը օրական հինգ անգամ չբարձրացնեն: Մարդիկ այստեղից առաջինը փախչում են սոցիալապես վատ պայմաններից, աշխատանք ու փող չունենալուց: Երիտասարդ ընտանիքը մնա, ի՞նչ անի: Երկու մեծ փայտի կտոր են վերցնում, խաչի տեսքով մեխում են տան դռանը ու գնում: Մարդիկ էլ կան, որ քանդում են ու որպես շինանյութ վաճառում իրենց տունը»:
«Ժողովուրդ»-ը փորձեց Բարեկամավանի համայնքապետ Գագիկ Աբազյանից հետաքրքրվել, թե ինչու են մարդիկ լքում գյուղը: «Հիմա 310 բնակիչ է ապրում գյուղում: Դե այդքան էլ մեծ թվերի չի հասնում արտագաղթը: Հիմնականում մարդիկ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, իսկ մյուս մասը բնակություն է հաստատում Հայաստանի տարածքում: Դե, աշխատատեղ չկա գյուղում»,-ասաց Գ. Աբազյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս