«ՍՊՈՐՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հյուրը 2009թ. ծանրամարտի աշխարհի չեմպիոն ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆՆ է: Մարզուհին 4-ից մինչեւ 17 տարեկանը զբաղվել է ակրոբատիկայով, իսկ ծանրամարտով լրջորեն սկսել է զբաղվել 19 տարեկանից: Մարզուհու խոսքով` հաղթանակին հասնելու գրավականներից մեկը հոգեբանորեն պատրաստ լինելն է: Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլին ավտովթարի հետեւանքով Նազիկը ստացավ ողնաշարի կոտրվածք, ինչի պատճառով չմասնակցեց օլիմպիական խաղերին:  
-Ինչ ինձ հիշում եմ, դեռ մանկուց սպորտի մեջ եմ, այն պարզապես զբաղմունք չի եղել իմ կյանքում, ես դրանով ապրել եմ: Բայց հիմա ինձ համար առաջնայինն իմ ընտանիքն է: Չեմ ասի, թե սպորտը երկրորդ պլան է մղվել, պարզապես այս պահին, ինչպես արդեն գիտեք, պատրաստվում եմ մայր դառնալ:
-Քանի՞ ամիս կա մինչեւ բալիկի ծնվելը:
-Նոյեմբերին է ծնվելու:
-Ինչպե՞ս եք տանում հղիության այս ընթացքը:
-Աշխատում եմ, ինչքան հնարավոր է, ինձ հանգիստ պահել, բայց նաեւ մեջքի վնասվածքի պատճառով բժիշկների հսկողության տակ եմ: Ինձ ասել են, որ դա չի խանգարի ինձ հետագայում, գուցե վերջին ամիսներին մի քիչ նեղություն տա:
-Բժիշկներն ի՞նչ են ասում, ե՞րբ կկարողանաք շարունակել մարզումները:
-Ես շատ եմ ուզում պարապել, խորհրդակցում եմ բժիշկների հետ, արդեն բավական ժամանակ է անցել վնասվածքից հետո, եթե իրենք ասեն, որ կկարողանամ, ես կանեմ մեծ սիրով: Ուղղակի առաջ է գալիս նաեւ փոքրիկիս հարցը, եթե կարողանամ համատեղել սպորտն ու ընտանիքս, անպայման կվերադառնամ:
-Ծանրամարտն աղջիկների համար մի քիչ բարդ բնագավառ է, հաճախ մենք նույնիսկ ծանր տոպրակ բարձրացնել չենք ուզում:
-Անկեղծ ասած, ծանր իրեր ես էլ չեմ բարձրացնում: Ծանրամարտը եւ մնացած այլ մարզաձեւերն ավելի շատ հոգեբանության հետ են կապված, տեխնիկայի, հետո նոր ֆիզիկականի: Աշխատասիրություն պետք է լինի արդյունքի հասնելու համար, մնացածն էլ կարելի է զարգացնել: Եղել են դեպքեր, երբ ֆիզիկապես շատ ավելի ուժեղ մարզիկը հոգեպես պատրաստ չլինելու պատճառով չի կարողացել բարձրացնել իրեն հասու քաշը: Հոգեբանությունն ու աշխատասիրությունը սպորտի մեջ ամենակարեւորն են, ինչպես նաեւ նպատակին հասնելու ճանապարհին չընկճվելը: Չեմ թերագնահատում եւ ոչ մի մարզչի, բայց մարզիկի համար շատ քիչ է, որ նա հետեւի միայն մարզչի խոսքին ու պարապմունքի պլանին: Որովհետեւ երկու ժամ պարապում ենք ու տուն գնում, բայց հետո պետք է դու էլ քեզ վրա աշխատես:
-Ի՞նչ զգացողություններ է առաջացնում աշխարհի չեմպիոն լինելը, Հայաստանի պատմության մեջ առաջին կին չեմպիոնուհին եք…
-Բառերով բարդ է նկարագրել զգացողությունները: Առաջին հերթին հպարտություն եմ զգում, որ իմ ազգը չեմպիոն ունի: Մի բան էլ եմ հասկանում, հաղթանակից հետո մարզիկը չպետք է դադարեցնի իր մարզումները, պետք է շարունակի աշխատել, որ հետագայում էլ կարողանա պահպանել իր գրանցած արդյունքները:
-Մինչեւ քանի՞ տարեկան կարելի է զբաղվել պրոֆեսիոնալ ծանրամարտով:
-Կարծում եմ՝ մինչեւ 35 տարեկան, որովհետեւ ունենք ծանրամարտիկ կանայք, որոնք մասնակցում են աշխարհի, Եվրոպայի առաջնություններին: Իմ կարծիքով՝ սպորտ վերադառնալու դուռն ինձ համար դեռ փակ չէ, ես շատ մեծ ցանկություն ունեմ, բայց երեխային ունենալուց հետո պետք է վիրահատեն, վերականգնվեմ ու հետո սկսեմ պարապմունքներս:
-Ի՞նչ ապրումներ ունեցաք, երբ հասկացաք, որ չեք կարող շարունակել սպորտով զբաղվել:
-Սպորտն իմ կյանքն է եղել, եւ երբ հասկացա, որ չեմ կարող կրկին վերսկսել մարզումներս, այդ դժվար պահը ես մենակ չեմ հաղթահարել, իմ կողքին են եղել հարազատներս, ամուսինս` Էրիկը: Նրանք ինձ օգնեցին հաշտվել մտքի հետ, որ օլիմպիական մրցույթներին չեմ մասնակցելու:
-Որքանո՞վ եք Ձեզ ուժեղ կին համարում, նկատի ունեմ` ոչ որպես մարզիկ:
-Դժվարություններին աշխատում եմ թեթեւ նայել, քանի որ կյանքն առանց դժվարության չի լինում, եթե լիներ, նաեւ անհետաքրքիր կլիներ: Ամեն մանրուքի մեջ փորձում եմ հետաքրքիր բան գտնել եւ ուրախանալ ամեն փոքր բանով: Ես կարողանում եմ երջանիկ լինել: Ամենամեծ երջանկությունս էլ դեռ առջեւում է: Երեխա ունենալու երջանկության դիմաց մնացած ամեն ինչ փոքր ուրախություններ են:
-Ի՞նչ կմաղթեք մեր մարզիկներին ու հայ կանանց:
-Մեր սպորտսմեններին ցանկանում եմ, որ հասնեն այն հաջողություններին, ինչ իրենք են պատկերացնում, թող իրենց բոլոր նպատակներին հասնեն: Իսկ կանանց, ովքեր զբաղվում են իրենց կարիերայով, կարեւոր է, որ ընտանեկան կյանքն ու աշխատանքը չխանգարեն միմյանց:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս